Մարկ Գրիգորյան. Անգլուհիների և հայուհիների սահմանագծին

September 25, 2015

Հույս ունեմ, որ անգլուհիները չեն կարդա այս սյունակը:
Բայց ոչ այն պատճառով, որ պատրաստվում եմ փնովել անգլուհիներին: Ո՛չ: Պարզապես մտավախություն ունեմ, որ հայուհիների կամ այլ ազգի կանանց գեղեցկության հետ համեմատված լինելու հանգամանքն ինքնին կարող է վիրավորել ժամանակակից անգլուհիներին: Նրանք գուցե դրանում տեսնեն տղամարդու սեքսիզմ:
Ու քանի որ ո՛չ սեքսիզմ ունեմ և ո՛չ էլ անգլուհիներին նեղացնելու նպատակ, հնարավորին չափ հեռու կմնամ նրանց արտաքինը գնահատելուց: Գուցե իրո՞ք նրանք կարդան այս հրապարակումը: Այո՛, հենց նրանք` այն անգլուհիները, որոնք ամռանը երկարաճիտով են ու կարճ փեշով, իսկ ձմռանը կիսակոշիկներով չլմփացնում են մայթաջրերի մեջ:

Իսկ ինչպե՜ս են նրանք կրում լայնեզր գլխարկները… Օ՜, ինչպե՜ս են նրանք կրում դրանք:

Այո՛, նրանք հենց այն նույն լեդիներն են, որ սիրում են հագնել անհավատալի կարճ ջինսե շորտեր, տակից` սև զուգագուլպաներ: Մինչդեռ ուրբաթ օրերին, անկախ ցրտից և տարվա եղանակից, կրում են շատ բաց զգեստներ: Երբեմն էլ` մեջքը բաց շորեր: Թեկուզ զրո աստիճան է դրսում: Նրանց դա ամենևին չի մտահոգում: Չէ՞ որ գեղեցկությունը զոհեր է պահանջում: Սակայն վերադառնանք ուրբաթներին: Շաբաթվա այդ օրը միանգամայն յուրահատուկ պահ է երիտասարդ լոնդոնցիների համար: Եվ չմոռանանք. ուրբաթն այս քաղաքում սկսվում է դեռ երկուշաբթի:
Իսկ այժմ պատկերացրե՛ք. մարտ, երկուշաբթի, այգաբաց: Դեռ կիսամութ է, քաղաքի վրա կախված է ծանր, թանձր թուխպը, մանր անձրև է մաղում, այնքան մանր, որ կաթիլները, թվում է, խրվում-մնում են օդի մեջ` գետնին չհասնելով:
Չարինգ քրոս կայարանի կառամատույցին կուտակվում են աշխատանքի շտապող լոնդոնցիները: Նրանք շարժվում են անդեմ ու գորշ ամբոխի հոծ զանգվածով` պատսպարվելով անձրևանոցների տակ: Նրանց աչքերը հակված են վար, գլուխները կախ, կարծես բոլորը տրվել են ամենազոր ճակատագրին և հլու մղվում են տաժանակիր աշխատանքային օրվան ընդառաջ:


Նարնիկո. Հռոմ. Ամառային հանգստի պլաստմասսայե օրերի քրոնիկոն


Մեսրոպ Մովսեսյան. Լրագրողները դարձել են միագույն էակներ, բոլորը նույնն են





Եվ այսպես շարունակվում է ամբողջ շաբաթ: Բայց ահա վրա է հասնում ուրբաթ առավոտը, ու ինչ-որ բան փոխվում է: Ամբոխի մեջ սկսում են առկայծել խնամված բարձրակրունկները, գորշ փեշերի ու ջինսերի միջից դուրս են պրծնում նուրբ ոտիկներ` ցանցկեն գուլպաներով, երևում են վեր պարզած գլուխներ, շողարձակող աչքեր: Եվ այդ ժամանակ նույնիսկ հնարավոր չէ ասել` անձրև տեղո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ մգլած եղանակը կորցնում է իր ակտուալությունը. Լոնդոնում արդեն ուրբաթ է:
Ու թեև մարդիկ սովորականի պես շտապում են աշխատանքի, բայց արդեն զգացվում է, որ նրանց ներսում ինչ-որ բան փոխվել է:

Գրասենյակի կենտրոնում` սեղանին, երեկոյան ժամը 5-ին մոտ հայտնվում են մի քանի շիշ գարեջուր ու մի երկու փաթեթ չիպս: Սեղանի շուրջ աստիճանաբար խմբվում են աշխատանքային շաբաթվա ընթացքում մի լավ հոգնած մարդիկ: Մի կես ժամ նրանք շշերով կում-կում ըմպում են գարեջուրն ու խռթխռթացնում են չիպսը: Իսկ հետո բոլորը մի մարդու պես տեղափոխվում են մոտակա փաբ:
Այնտեղ նույնպես շարունակում են չիպսի հետ հաճույքով խմել գարեջուր (կամ գոնե կարմիր անապակ գինի): Ու քանի որ այս հանպատրաստից բանկետը սոված փորին է, իսկ գարեջուրն էլ այստեղ չափում են պինտերով , մարդկանց գլուխները շուտով սկսում են պտտվել:
Հարևան սեղանի աղջիկը դառնում է ավելի ու ավելի գեղեցիկ, նրա մարմինը` ավելի ու ավելի գայթակղիչ: Տղամարդիկ փայլում են իրենց զուտ անգլիական հումորով, կանայք բարձր ծիծաղում են ու ցածրաձայն կչկչում: Մի խոսքով` գարեջուրը հոսում է գետի պես, երեկոն անցնում է ջերմ մթնոլորտում:
Երբ գալիս է փաբը փակելու պահը, այցելուների մի մասը դեռ կարողանում է իրեն ոտքի վրա պահել: Մոռանալով նրանց մասին, ովքեր դա չեն կարողանում անել, նրանք ճոճվելով հեռանում են` ճանապարհ բռնելով դեպի սիրելի ակումբ կամ «յուրայիններից» մեկի տուն` պարելու:
Թե ինչ է լինում հետո, ոչ ոք այնուհետև չի հիշում. քաղցած փորին ալկոհոլը շատ-շատ է եղել: Շաբաթօրյա առավոտը սովորականից ուշ է սկսվում: Նախորդ երեկո փաբը գրոհածներն արթնանում են, նայում շուրջբոլորը («Այս որտե՞ղ եմ ես»), ծանոթանում… Ու եթե պարզվի, որ նրանք միմյանց դուր են գալիս, միասին կնախաճաշեն ու կշարունակեն հաճելի ծանոթությունը: Իսկ եթե ոչ, ուրեմն շնորհակալություն կհայտնեն իրար հաճելի անցկացրած գիշերվա համար ու կգնան իրենց գործերով:
Կիրակին ընտանեկան օր է: Վաղ առավոտից` եկեղեցի, հետո` հանդիպում ծնողների հետ, լվացք, մաքրություն տանը… Երկուշաբթի ամեն բան սկսվում է սկզբից. աչքերը վար, գլուխը խոնարհած, դեմքին` համակերպում ճակատագրի հետ, ամբողջ կերպարում` աշխատանքային նոր շաբաթվա անխուսափելիության զգացում:
Սա, անշուշտ, միանգամայն ընդհանրացված, ուրեմն նաև ոչ միշտ ճշմարիտ պատկեր է: Բայց նրանք, ովքեր կես տարուց ավելի են ապրել Լոնդոնում, այսինքն էքսպերտները, կարող են հավաստել. հենց նոր նկարագրվեց ուրբաթ երեկոն անցկացնելու ամենահավանական տարբերակներից մեկը: Մյուս տարբերակներում այցերն են ռեստորան կամ ծանոթներին կամ մեկ ուրիշ տեղ… Բայց հետո բոլորն էլ սովորական հունի մեջ են մտնում. ակումբ, պարեր, հետո էլ այն, ինչ արդեն գիտենք:


Պետրոս Ղազարյանը Հնդկաստանում տեսածի մասին


Մարկ Գրիգորյան. Ահա թե դուք ինչ չգիտեք Լոնդոնի մասին





Անգլուհիների սառը բնավորության մասին անեկդոտներ ու լեգենդներ են պտտվում: Դրանց մեծ մասը պատմական հենք ունի: Լեդի Հիլինգթոնն իր օրագրում 1912-ին գրում էր. «Ուրախ եմ, որ Չարլզն այժմ իմ ննջարան ավելի հազվադեպ է գալիս, քան նախկինում: Եվ երբ ես լսում եմ նրա ոտնաձայները, պառկում եմ մահճակալին, փակում եմ աչքերս, բացում եմ ոտքերս ու մտածում Անգլիայի մասին»:
«Աչքերդ փակի՛ր ու մտածի՛ր Անգլիայի մասին» ֆրազը վերագրվում է նաև Վիկտորյա թագուհուն, որն իբր այսպես էր խրատել իր դստերը` պատրաստելով հարսանեկան առաջին գիշերվան:

Այս անեկդոտները` իրական, թե հորինած, հրաշալի բնութագրում են պուրիտանական և կեղծ բարեպաշտական բարքերը, որոնք վիկտորիանական դարաշրջանում տիրապետում էին բրիտանական կղզիներում: Բայց այդ ժամանակները վաղուց անցյալում են: Իմ տան դեմ դիմաց ապրող կնոջ սիրային զբաղմունքի մասին գիտեր ամբողջ փողոցը. նա բավականաչափ ինքնամոռաց, ռիթմիկ ու բուռն էր աղաղակում այն պահերին, երբ նրա նախատատերը մտածում էին Անգլիայի մասին:
Իսկ սա նշանակում է, որ անգլիական ավանդույթները, իրոք, ամուր են և հարատև, բայց անգլիացիները միշտ նպատակամղված են դեպի ապագան: Ահա ինչու նրանք համարվում են նորաձևության և նորարարության օրենսդիրներ, թելադրողներ նաև փոփ երաժշտության մեջ, որը նրանք այնքա՜ն սիրում են լսել ուրբաթ երեկոները:
Ու թող որ այս ամենը կարդան անգլուհիները: Ես համաձայն եմ: