Հարութ Կբեյանի գիրքն ու Լոտոյի պատմությունը. ինչպե՞ս խաղը տարածվեց Հայաստանում

March 19, 2020

Ամեն ինչ սկսեց «Հեռուստալոտոյից», հետո միացան «Բարի Լոտոն», «Ընտանեկան Լոտոն», «Համով Լոտոն», «Ուրախ Լոտոն» ու էլ ինչ անուն ճաշակովդ անցնի, թեկուզ «Գաստրիտ Լոտո», «Նուրսուլթան Լոտո», «Օստեոխոնդրոզ Լոտո» ու «ԿորոնաԼոտո»:
90-ականների 2-րդ կեսից մինչև 2000-ականների առաջին կես հայկական հեռուստատեսությունն ու իրականությունը ուսումնասիրող մարդուն կթվար, թե Հայաստանում մարդիկ արթնանում են, լոտո են առնում, երեկոյան էդ տոմսով խաղարկության են մասնակցում, հետո քնում են, որ առավոտյան նորից լոտո առնեն: Ու երևի ճիշտ էլ կթվար, որովհետև հենց տենց էլ մեծամասամբ անցնում էր մարդկանց առօրյան:
Սրանից առաջ էներգետիկ ճգնաժամի, գործազրկության ու պատերազմի(ինչպես նաև ՀՀ կայացման) դժվար տարիներին լոտոն միաժամանակ փոխարինում էր հեռուստացույցին, ինտերնետին, հյուրասիրությանն ու ժամանցին: Նավթի ու վառելափայտի սուղ ռեսուրսները խնայելու համար մի սենյակում հավաքված ու ամբողջ տան միայն այդ սենյակը ջեռուցող ընտանիքը(որոշ դեպքերում մի քանի հարևան միասին) հավաքվում էր մոմի կամ լամպի լույսի տակ ու լոտո էին խաղում: Խաղում էին ժամանակ անց կացնելու ու զվարճանալու նպատակով:
Զարմանալի չէր, որ էլեկտրականության ի հայտ գալուն պես լոտոն տան սեղաններից արտագաղթեց հեռուստատեսություն, դարձավ «Հեռուստալոտո» ու կոմերցիալիզացավ: Ժանրի առաջամարտիկին ժանրի կանոնների համաձայն` երկրորդ պլան մղած «Բարի Լոտոն» ու «Ընտանեկան Լոտոն» իրար դեմ նույն ձև անհաշտ պայքար էին մղում, ոնց որ Coca-Cola-ն ու Pepsi-ն, ոնց որ «Շանթն» ու «Արմենիան»: Փող աշխատելու ու մարդկանց հույս վաճառելու շուկայական ցանկությունը թաքնվել էին «Բարի» ու «Ընտանեկան» անունների տակ (ոնց որ ցանկացած շարիաթին ենթարկվող բիզնես) ու բահով փող էր, որ աշխատում էին:
Արվեստի գործիչներ, հեղինակավոր մարդիկ, չունենալով այլ փող վաստակելու տարբերակ, վարում էին էդ լոտոները: Իսկ ՀՀ բնակչությունը, չունենալով պայծառ ապագա տանող գեթ մեկ առարկայական ու ցցուն ճանապարհ, դիմում էր ամենահավանական ու ամենաակնհայտին` լոտո էր առնում: Լոտոյով շահողների ամեն օրյա հեռուստագովազդները կասկած չէին թողնում, որ օրերից մի օր դու ես շահելու այ էն փուչիկներով զարդարած 12 ВАЗ 21-06-երից մեկը:
1984-ի պռոլների նման ոմանք շահման մեթոդիկա էին մշակել, ոմանք «ղսմաթով» տեղեր գիտեին, որտեղից կարելի էր լոտոն առնել, իսկ ոմանք՝ լսել էին ինչ-որ մաթեմատիկոս դոցենտի մասին, ով ցանկացած լոտոյով շահելու ձևը գիտի, բայց իրեն հրավիրել են լոտոներում կեղծիքներ հայտնաբերելու, ոչ մեկին ձևը չի ասում:



Կարդացեք նաև.
Ո՞վ է Հարութ Կբեյանը. 10 փաստ «Լոտո» գրքի հեղինակի մասին
Mediamax. Հարութ Կբեյանի «Լոտոն» ու Նաիրյան երկրի իշխանական խարդավանքները
Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը՝ ֆոտոշարքով


Նշածս ժամանակվա հեռուստատեսությունը իրենից հիշեցնում էր լոտոների խաղարկությունների մարաթոն, որոնք ընդհատվում էին լոտոների գովազդով ու նորից շարունակվում: Նույնիսկ հազվագյուտ ստեղծված կոնտենտների մեջ լոտոները ամենահասու էին: Հենց նույն կուլտային «Մեր Բակը» նայելիս լոտոյի գովազդները իրենցը ասում են: Երեխաները վերջին զանգի հանդեսներ կազմակերպելուց լոտոների թեմատիկայով հումորներ էին կազմակերպում: Նույնիսկ «Ոզնիները» սկեչերից մեկում եկեղեցական լոտոյի մասին են հիշատակում:
.
Ժամանակի ընթացքում մարդիկ անցան լուրջ աշխատանքների, սոցիալական վիճակը լավացավ, լոտոն ինքնին մարվեց ու դարձավ հոմեոպատիկ դոզաների: Իսկ իմ համար լոտոն մնաց որպես սոցիալական վիճակի ինդիկատոր: Մանավանդ 1984-ը կարդալուց հետո, երբ զուգահեռներ էի տանում ու հասկանում, որ մոլախաղն ու սոցիալական վատ վիճակը իրարից գծային կախվածություն ունեն:

Աղբյուրը՝ Վազգեն Թորոսյանի Ֆեյսբուքի էջից: 





Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում