[newbook] Վերջին տարիների ռուսալեզու հայկական գլխավոր գիրքը. Մարիամ Պետրոսյան. Տանը, որտեղ

February 20, 2017

Պայմանական երկրի պայմանական քաղաքի ծայրամասում պայմանական մի ժամանակ կանգնած էր մոխրագույն Տունը: «Տան» ներսում գլխապպտույտ  առաջացնող իսկական գունային հրավառություն է: Պատահական չէ: Հեղինակը Մարտիրոս Սարյանի ծոռնուհին է: Նկարիչ, մուլտիպլիկատոր Մարիամ Պետրոսյանն էլ գրում է ճիշտ մեծ պապի վառ գույներով:
«Տանն» ապրում են երեխաներ, որոնցից հրաժարվել են ծնողները: Երեխաները սահմանափակ ֆիզիկական հանրավորություններով են: Դաստիարակներից մեկը նրանց «փաղաքշաբար» անվանում է «երրորդ գենոֆոնդ»: Սակայն նրանք նման չեն սթիվենքինգյան ավանդական «անհաջողակների ակումբի» անդամներին:
«Տան» պատերից դուրս, այսպես կոչված, նորմալ կյանքը նրանց մեծ հաշվով հետաքրիքր չէ: Շատերին այն վախեցնում է, շատերն էլ արտաքին աշխարհին վերաբերում են նույն պայմանականությամբ, որում գոյություն ունի Տունը, քաղաքը, երկիրը, ժամանակը:
Այս գրքից հետո պոլիտկորեկտ «հաշմանդամություն ունեցող մարդիկ բոլորի նման են» արտահայտությունը կթվա կատարյալ հիմարություն: «Տունը» Իքս մարդկանց մասին է, ոչ թե դժբախտ հաշմանդամություն ունեցող երեխաների: Մեկը տեսնում է ուրիշների երազները, մյուսը կարող է հրաշքներ գործել, մեկը տեղափոխվում է զուգահեռ աշխարհ, երբ նրա մարմինը հիվանդասենայկում է...: Ու հենց «Տունն» էլ կենդանի էակ է, որը իր կանոններն ունի, որը չի սիրում բաց թողնել բնակիչներին իր սահմաններից դուրս: Ահա, թե ինչու ավարտական տարին (որը լինում է 7 տարին մեկ) ամենադաժանն է` արյունահեղությամբ լի:



[newbook]



Կույրերը, հաշմվածները, սապատավորները, համարյա էլֆերը ապրում են մի իրականությունում, որը արտաքին աշխարհից պաշտպանված է հաստ պատով: Այն կառուցել սկսել էին Երկրի առաջին խենթերը, շարունակել էր «երկրորդական աշխարհի» հիմնադիր պրոֆեսոր Տոլկիենը, իսկ ավարտել է… Ով է ավարտել, դեռ հայտնի չէ: Սակայն, ապոկալիպսիսը, եթե հիմա տեղի ունենար, ապա ողջերի և մեռածների աշխարհների միջև պատի կառուցման պատասխանատվությունը կընկներ հենց Մարիամ Պետրոսյանի վրա:
Слепой, Сфинкс, Стервятник, Табаки, Македонский, Лорд, Лери, Курильщик, Ры»жая, Рыжий, Крыса… Երեխաներ, որ երեխա չեն: Մեծահասակներ, որ, բնականաբար, երբեք ոչինչ չեն հասկանում: “Hey! Teachers! Leave them kids alone!”. ահա, թե ինչի մասին է այս գիրքը:
Մարիամ Պետրոսյանի «Տունը» բարդ կառուցվածք ունի.այն պատմում են մի քանիսը, ու ամեն մեկի մասին ընթերցողը քիչ բան գիտի: Երեխա, դեռահաս, մեկ այլ դեռահաս, ուսուցիչ: Երբեմն պատմվում է առաջին դեմքից, օրինակ Շակալ Տաբակիի օրագիրը: Երբեմն էլ բացահայտում ես, որ խոսքը վերաբերում է նախորդ ավարտական տարվա դեպքերին, երբ ներկայիս «մեծերը» դեռ երեխա էին: Երբեմն ինչ-որ մեկը հեքիաթ կամ առակ է պատմում, կամ էլ երազ: Իրադարձությունները պետք է ի մի բերել կիսատ արտահայտությունների, ուրիշների հիշողութունների, «Տան» պատերի գրաֆֆիտիի միջոցով: Ի դեպ «Տան» գրեթե բոլոր պատերը պատված են գրություններով, նկարներով մեջբերումներով, հայտարարություններով. կարևորը կարողանալ դրանք կարդալ: Վեպն էլ նույն սկզբունքով է կառուցված. տեղ-տեղ հայտնվում են մեջբերումներ ուրիշ գրքերից, յուրաքանչյուր ալյուզիա, կարծես, զուգահեռ աշխարհ տանող նոր դուռ լինի, որտեղ էլ հենց կկարողանան փրկվել Տան բնակիչները: Ենթագլուխների էպիգրաֆները Պաուլ Ցելանից մինչև Բոբ Դիլան, լույիսքերոլյան հեքիաթներից մինչև բորխեսյան կախարդանք: Տան սաներն էլ կարողանում են մեջբերել Հոմեր ու Յեյթս:
Առհասարակ, Մարիամ Պետրոսյանի տասը տարի գրված «Տանը» կախարդանք կա: Եվ դա հարիփոթերյան  հալյուցինագեն խոտեր ու փայտիկներ չեն (չնայած այդ ամենից էլ զուրկ չեն սաները), այստեղ գրական կախարդանքն է կարևոր, որը ստիպում է վերընթերցել գիրքը հենց ավարտես, կամ էլ պահել այն գրադարակի ամենախորքում, որովհետև ամեն անգամ աչքովդ ընկնի, նորից ես մոլորվելու «Տան» անտառում: Համարյա հազար էջերում ոչինչ չի կատարվում, իսկ ամենավերջում տեղի է ունենում ամեն ինչ: Հասնել այդ վերջին, դժվար է: «Տունը » ունի խճճված նարրատիվ, հերոսներին տարբերելը, հիշելը բարդ է, հասկանալը` առավել ևս:
Պետք չէ զարմանալ: Մենք`արդեն մեծահասակներս, այդպես էլ ոչինչ չենք հասկացել: Ամեն ինչ կարգին է:
- Ի՞նչ պատասխանեմ Ռալֆին, եթե հարցնի կապտուկի մասին:
- Ասա էն, ինչ ուզում էիր ասել, մինչև հարցնելդ: Կամ էլ լռիր: Ի՞ նչ տարբերություն:
Եվ, իրոք, ոչ մի տարբերություն: Բացի հեղինակի 6 գրական միջազգային մրցանակներից, որոնց մասին, միևնույնն է, ոչ ոք ոչինչ չգիտի: