[newbook] Կուրտ Վոննեգուտի «Կատվի օրորոց»-ը` ակտուալ  թեմաների` ցինիզմի, իշխանության և կրոնի մասին

[newbook] Կուրտ Վոննեգուտի «Կատվի օրորոց»-ը` ակտուալ թեմաների` ցինիզմի, իշխանության և կրոնի մասին

newmag-ն առաջարկում է կարդալ «Կատվի օրորոցը», որը Կուրտ Վոննեգուտը գրել է 1963-ին: 1971-ին այս գրքի համար Չիկագոյի համալսարանի անտրոպոլոգիայի ֆակուլտետը հեղինակին վերջապես շնորհեց մագիստրոսի կոչում, ինչը մերժել էր տալ 1943-ին:

Անցած տարի Variety-ն անոնսել էր, որ Կուրտ Վոննեգուտի երկրորդ ամենահայտնի վեպի հիման վրա մինի-սերիալ է նկարվելու:Քասթում նշվում էր Լեոնարդո դի Կապրիոյի անունը: IMDb-ում հավելյալ տեղեկություն էլ չի թարմացվել: Netflix-ն ու Amazon-ն են, կարծես, պայքարում արտադրության համար: Ինչևէ, մինչև կորոշեն ու կնկարեն, պետք է գիրքը կարդալ: Այո, հենց պետք է գոնե իմանալու համար, որ Կուրտ Վոննեգուտը մեկ վեպի հեղինակ չէ:

«Լսեք` մի անգամ 2 կին, 250 ծխախոտ, 3000 լիտր ալկոհոլ առաջ… այն ժամանակ, երբ բոլորը երիտասարդ էին, երբ աշխարհը պտտվում էր, ու երբ հարուստները թախծում էին հիմարությունից ու ձանձրույթից, աղքատներին մնում էր մի բան` լինել ազատ ու խելոք: Ճշմարտությունն անճշմարտանման էր թվում ամեն անիրականից: Կանայք չար էին ու գեղեցիկ, տղամարդիկ` դժբախտ ու լի հիմար հույսերով: Ու պտտվում էր, պտտվում էր կյանքը, էլ ավելի խճճվում մի վայրի, տարօրինակ խաղի պես, որ կոչվում էր «Կատվի օրորոց»:

«Թռիչք կկվի բնի վրայով»` Կեն Կիզի, «Տարեկանի արտում, անդունդի եզրին»` Սելինջեր, «Ճանապարհին»` Կերուակ, Բրեդբերիի «Մարսյան քրոնիկներ» ու Հայլայների «Օտարն օտար երկրում». 50-60-ականների ամերիկյան գրականության ոսկե այս գրապահոցում պատվավոր տեղում է նաև Վոննեգուտի «Կատվի օրորոցը»: Նրա «Սպանդանոց N5»-ի դեպքում ամեն ինչ պարզ է. հեղինակը, որ հրաշքով վերապրել է 2-րդ համաշխարհայինի ժամանակ Դրեզդենի ռմբակոծությունը, ընթերցողին ներկայանցում է ունիկալ դաժան փորձը, մետաֆիզիկական ապրումները: Այ, «Կատվի օրորոց»-ում պատմությունն ավելի բարդ է:

Եթե Կուրտ Վոննեգուտը չընտրեր գրականությունը որպես հիմնական զբաղմունք, նա կարող էր հեռուստահաղորդավարի հաջող կարիերա անել, կամ կհիմներ հոգեբանական թրեյնինգ կենտրոն, և կամ էլ սեփական կրոնը կստեղծեր: Վերջինն ամենից հավանակն է: Տեսական փորձը կա: Գուրուի դերը նա շնորհել է «Կատվի օրորոցի» հերսոներից մեկին` խորամանկ, ցինիկ ու «սուրբ» Բոկանոնին: Հենց այդպես էլ կոչվում է Վոննեգուտի հորինած «կրոնը», որի ուսմունքը կիրառելի է ցանկացած պարագայում` քաղաքականությունից տնտեսություն, գիտություն և անգամ ամուսնություն: Գրքի հրատարակումից ավելի քան կես դար հետո էլ Բոկանոնի պոստուլատները չեն կորցրել ակտուալությունը` սկսած առաջինից ու գլխավորից:

«Ամբողջ ճշմարտությունը, որ ուզում եմ պատմել, զզվելի սուտ է»:

Բայց նախ սկզբի մասին. ինչպես Վոննեգուտին է հատուկ, հենց առաջին էջերից ի հայտ է գալիս գրքի ամբողջ ինտրիգը, հասկանում ենք` ով ով է, ինչն ինչի համար է: Այ, հետո անհասկանալի է, թե ինչ է սկսվում: Գլխավոր հերոսը գրող է, որը տեղեկություն է հավաքում ատոմային ռումբի հեղինակի մասին, որպեսզի գրի գիրք «Այն օրվա մասին, երբ եկավ աշխարհի վերջը»: Պարզվում է այդ գիտնականը հեղինակ է առավել վտանգավոր մի գյուտի: Աշխարհը վայրկյանների ընթացքում կործանող «Սառույց-9»-ը բաժանված է նրա 3 անպիտան երեխաների միջև: Նրանց գտնելու ճանապարհին էլ մեր հերոսը հանդիպում է անհավանական կերպարների, լսում անհավանական պատմություններ, տեսնում անհավանական  բաներ, դառնում անհավանական մի պետության նախագահ, անհավանական մի կրոն է հիմնում:

«Բոկանոնի 14-րդ գլուխը վերնագրված է այսպես. «Կարո՞ղ է գիտակից մարդը, հաշվի առնելով անցած դարերի փորձը, գեթ մի կաթիլ հույս ունենալ մարդկության ապագայի հարցում»: 14-րդ գլուխը երկար կարդալու կարիք չկա. «Ոչ»:

«Կատվի օրորոցը» քաոտիկ պատում է աշխարհի մասին, որը մերն է ու միևնույն ժամանակ մերը չէ: Ծայրից -ծայր հորինվածք է, բայց լրիվ մեր ժամանակների արտացոլումն է: Այստեղ կա ամեն ինչ, ըստ ճաշակի ` սատիրա, գիտա-ֆանտաստիկա, ֆենթըզի, տրագիկոմեդիա, փիլիսոփայություն, հեքիաթ:

« _ Աստված իմ, այ թե կյանք է: Ախր, գոնե մի փոքր հասկանալի լիներ:

_  Իսկ Դուք ոչ էլ փորձեք, ուղղակի ձևացրեք, թե հասկանում եք»:

Մեկ օրում, մեկ շնչով կարդալու գիրք է, սակայն ամեն մեկի համար չէ: Հեգնանքն այստեղ չի զվարճացնում, քանի որ չափից դուրս տրագիկոմիկ է: Ֆենթըզիի տարրերը չեն զարմացնում, ուղղակի ավելի հասկանալի են դարձնում համաշխարհային քաղաքականությունը, կրոնը, պատերազմը, մարդուն:

«Կատվի օրորոցը» մանկական խաղ է, որի ժամանակ մատների վրա անցկացված թելով կարելի է X-ագծեր  ստանալ: Ինչո՞ւ է Կուրտ Վոննեգուտը գիրքն այդպես անվանել: Երևի նրա համար, որ ցույց տա` ամեն ինչ չէ մեր կյանքում, որ թվում է այնպիսին, ինչպիսին է:

«Կատվին տեսե՞լ եք: Օրորոցը տեսե՞լ եք»:

Գրել կարծիք