5 պոպուլիստական միտք Մարի Լը Պենից

June 20, 2020

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը հաճախ է աչքի ընկնում պոպուլիստական սուր և հակասական մտքերով: Ներկայացնում ենք փախստականների, Եվրամիության և բաժանարար գծերի մասին նրա հայտարարություններից մի քանիսը:

Փախստականների մասին - Հանդուրժողականությու՞ն: Ի՞նչ է դա նշանակում: Ես շատ հյուրընկալ մարդ եմ, բայց ոչ ոք չէր համաձայնի 12 անօրինական փախստականի ընդունել իր տանը: Հատկապես, որ նրանցից ոմանք կգողանան ձեր դրամապանակը կամ կվիրավորեն ձեր կնոջը: Մենք հյուրընկալ ենք, բայց ընտրում ենք, թե ում հանդեպ լինել այդպիսին:

Փախստականներին ֆինանսավորելու մասին - Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև մեծ տարբերություն կա: ԱՄՆ-ում փախստականներն ապրելու համար պետք է աշխատեն: Ֆրանսիայում նրանք ապրում են հանրային ֆինանսական միջոցների հաշվին: Մեր երկրում առանց այդ էլ միլիոնավոր գործազուրկներ կան: Մենք չենք պատրաստվում մեծ թվով փախստականների տանիք, առողջապահական ապահովագրություն կամ կրթություն տրամադրել:

 Եվրամիության մասին - Եվրոպական Միությունը վտանգավոր է և վնասակար: Այդ կառույցը հակաժողովրդավարական հրեշ է: Ես ուզում եմ կանխել դրա տարածումը մեր երկրում: Մեր պատմության ընթացքում միլիոնավոր մարդիկ մահացել են, որպեսզի մեր երկիրն անկախանա: Այսօր մենք հեշտությամբ թույլ ենք տալիս, որ մեր ինքնորոշման իրավունքը գողանան:

 Բաժանարար գծերի մասին - Մեր երկիրն այժմ բաժանում են ոչ թե աջ և ձախ քաղաքական ուժերը, այլ գլոբալիստներն ու պատրիոտները:

Ֆրանսիայի մասին - Ֆրանսիայի քաղաքացիությունը պետք է կամ ժառանգական լինի, կամ էլ դրան պետք է արժանանալ: Ֆրանսիա ժամանող օտարերկրացիները չեն կարող և չպետք է մեր երկիրը վերածեն իրենց ծագման երկրին: Փոխարենը պետք է ընդունեն և ապրեն մեր երկրի կանոններով: