Մարտին Վարդազարյանը հին Երևանի և իր կորած տոնի մասին

December 11, 2014

Աշխատում ու մեծանում եմ Երևանի հետ: Մի խոսքով սկզբից մինչև վերջ Երևանի հետ եմ: Շատ եմ ափսոսում, որ ինձ համար այնքան հարազատ տրամվայն այլևս չկա: Փոքր երեխա էի, տատիկիս հետ հյուր էինք գնում և անպայման տրամվայ էինք նստում: Դա ինձ համար տոն էր: Այդ տոնից զրկված է մեր սերունդը: Ու չնայած այսօր համարյա ամեն ոք մեքենա ունի, մի֊նույնն է, տոնը չկա: Սան-Ֆրանցիսկոյում կամ Եվրոպայում հիմար չեն, որ պահպանել են տրամվայը: Մենք էլ հիմար չենք, բայց հիմարություն ենք արել` վերացնելով տրամվայը:
Առաջ Երևանում մրգատու ծառեր կային: Երբ Սայաթ-Նովա փողոցը կառուցվեց, այնտեղ կեռասենիներ էին տնկած: Մեկ-մեկ անցնելիս օգտվում էի: Հետո կտրեցին, փոխարենը ուրիշ ծառեր տնկեցին:
Այսօր չկա մարդկանց հերոսականացում` ինչպես առաջ էր: Օրինակ` այն ժամանակ մի միլիցիոներ կար, անունը Վարդգես էր: Նա ղեկավարում էր քաղաքի երթևեկությունը: Մարդիկ հատուկ ճշտում էին, թե որ խաչմերուկում է «մլիցա» Վարդգեսը և գնում էին նայելու, թե ինչ արտիստիզմով է նա այդ ամենն անում:
6 սիրած վա՞յր... Ամեն տարիքում տարբեր են եղել...
1. Կոմսոմոլի այգին: Տրամվայի վերջին կայանն այստեղ էր` Թոխմախ գյոլի գերեզմանոցին չհասած: Դպրոցական տարիքում նստում էինք տրամվայ, հասնում վերջին կանգառ և այնտեղից փորձում էինք ոտքով վերադառնալ: Այնտեղ հիանալի լիճ կար, որտեղ շատ էի սիրում լողալ, բայց անպայման մեկը պետք է մնար շորերը հսկելու, թե չէ հաստատ շորերդ կտանեին:
2. Աշտարակը: Կոմսոմոլի այգու հարևանությամբ էր: Այստեղից մի անգամ պարաշյուտով թռել եմ և չեմ փոշմանել, դրանից հետո սկսեցի ինքս ինձ հարգել: Անբացատրելի զգացում էր... Ափսոս, հիմա չկա այդ աշտարակը:
3. էրեբունու օդակայանը: Շատ էի սիրում ոտքով ամռանը գնալ: Այն ժամանակ միակ օդակայանն էր: Նայում էի թռչող և վայէջք կատարող օդանավերին: Այնտեղից և ռազմական, և քաղաքացիական օդանավեր էին թռիչք կատարում: Միմյանցից լավ տարբերում էինք՝ «Իլ 12», «Լի 2» («Դուգլաս»)...
4. Պրոսպեկտը: Փողային նվագախմբերը հաճախ էին այս փողոցով նվագելով բարձր մակարդակի ինքնագործունեության խմբեր էին: Միգուցե լավ է, որ այդպիսի բան այլևս չկա: Պատկերացնում եմ, եթե այսօր փողոցում նվագեին, մեքենաները նրանց ետևից ինչքան սիգնալ կտային:
5. Մոնումենտ: Իմ ապագա կնոջը` թոռներիս տատիկին և ծոռիս մեծ տատիկին, Մոնումենտում փորձում էի գրավել Մայակովսկի կարդալով:
6. Կոմայգին: Նախկինում 26 կոմիսարների այգի, հետո Վենետիկյան այգին: Շատ էինք սիրում, որովհետև այգում պարահրապարակ կար, որտեղ աղջիկների հետ տարբեր պարեր էինք պարում` տանգո, ֆոքստրոտ, լինդա, ռումբա: Ամառային կինոթատրոն էլ կար այստեղ:
newmag #09