Մեղրիում պարսկերեն են սովորում. հայ-իրանական մեղրագոտու նոր հեռանկարները

July 10, 2017

Ընդհանուր առմամբ խոշորացման ծրագրից Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը գոհ է: Նա ասում է, որ խոշորացումից հետո համայնքի սեփական եկամուտները մի քանի անգամ մեծացել են: Ավելին, ըստ քաղաքապետի՝ իրենք տրանսպորտով ապահովում են նաեվ հեռու համայնքերում դպրոցականների տեղափոխման հարցը:


  • Մեղրիում և Ագարակում պետք է զարգացնել հյուրանոցային տնտեսությունը


Նյումեգի հետ զրույցում համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը եվս հաստատեց, որ Մեղրիում հյուրանոցային տնտեսությունը զարգացած չէ: Մեղրիում կարելի է ասել՝ մեկ-երկու փոքրիկ հյուրանոցներ են աշխատում: Դրանցից մեկն, օրինակ, Մեղրի անվանումն ունի, բայց շատ քչերը անվանումով կարող են գտնել այդ հյուրանոցը: Այն հեշտ գտնելու համար պետք է «Վարդանի հյուրանոց» անվանումը տալ: Նախկինում որպես պետական հաստատություն եղած շենքն այսօր հյուրանոց է դարձել: Այս հյուրանոցում կարելի է ասել՝ երկու օրվա ընթացքում մի քանի զբոսաշրջիկների հանդիպեցինք: Որ հյուրանոցային տնտեսությունը պետք է զարգացնել ու դրանց թիվն ավելացնել, համամիտ է նաև Մեղրու համայնքի ղեկավարը: Մեղրին, Ագարակը սահմանակից են Իրանին: Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկները շատ կարճ ժամանակով են իրենց ժամանակն անցկացնում Մեղրիի և Ագարակի հյուրանոցներում: Նրանք ավելի շատ Երեվան և Սեվան են այցելում: Հայաստանի եվ Իրանի քաղաքացիների վիզային ռեժիմը հանելուց հետո, ըստ քաղաքապետի, ավելացել է Իրանից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը: Զաքարյանն ասում է, որ Մեղրիում հյուրանոցային նոր համալիր է կառուցվելու՝ հաշվի առնելով իրանցիների մեծ թվով հոսքը:

  • Պարսկերենի իմացությունը հայ-իրանական տնտեսական հարաբերությունեերի զարգացման հարթակ


Մեկ ամիս է՝ Մեղրիում և Ագարակում պարսկերեն լեզվի դասընթաց է անցկացնում ծնունդով մեղրեցի Լեվոն Միրզոյանը: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ագարակի Եղիշե Չարենցի անվան դպրոցում է անցկացնում դասընթացը: Բանն այն է, որ հյուրանոցային համալիրներում, հայ-իրանական մաքսակետում աշխատողների, տաքսու վարորդների համար օդ ու ջրի պես պետք է գալիս պարսկերենի իմացությունը: Սահմանն անցնող ու Հայաստան եկող իրանցին գնումներ է կատարում մաքսատան դյութիֆրիից, իսկ դրա համար պարսկերեն լեզու է պետք իմանալ հաճախորդին հասկանալու համար:
«Իմ հայրենի Մեղրի համայնքում պարսկերենի դասընթաց անցկացնելու միտքը շատ գործնական պատճառով է առաջացել։ Մեղրեցիները հաճախ են իրանցիների հետ շփվելու առիթներ ունենում, սակայն լեզվի չիմացությունը կամ կցկտուր իմացությունը շատ է խոչընդոտում դրան, ես ինքս էլ նույնպիսի խնդիրներ ունեի նախքան պարսկերեն սովորելը։ Այնպես որ լեզուն սովորելու հետ մեկտեղ աստիճանաբար հասունացավ մեղրեցիների համար այդ հնարավորությունը ստեղծելու նախաձեռնությունը»,- ասում է Լևոն Միրզոյանը։


Կարդացեք նաև.




Պարսկերենի դասընթացի մասնակցողներն լավ գիտեն՝ մինչև տարեվերջ պետք է շահագործման հանձնվի Մեղրու ազատ տնտեսական գոտին: Այստեղ իրենց ներդրումներն ու արտադրությունը կարող են հիմնել նաև իրանցի գործարարները: Այնպես է ստացվելու , որ իրանցիների հետ շփումները մեծանալու են Ազատ տնտեսական գոտու շահագործումից հետո: Պարսկերեն սովորողները կարևորում են լեզվի իմացությունը հատկապես Ազատ տնտեսական գոտում աշխատելու համար: Հայ-իրանական սահմանին իրանցիներն առաջինը հանդիպում են հայ տաքսու վարորդներին: Իսկ զբոսաշրջիկին իր ուզած տեղը հասցնելու համար լեզվի իմացությունը շատ կարեվոր է:


«Ազատ ոճի ըմբշամարտը իմ նախաձեռնությամբ ուզում ենք զարգացնել Մեղրիում: Իրանում դա ազգային մարզաձեվ է: Մեր թիմը Ջուլֆայի թիմի հետ հաճախակի հանդիպումներ է ունենում: Փոխայցելությունները մեծացնելու համար անհրաժեշտ է պարսկերենի իմացությունը», - ասում է Մեղրու քաղաքապետը:



  • Մեղրի ավելի շատ տնփեսա են գալիս, արտագաղթողներ էլ չկան


Մեղրիում կարելի է ասել անգործ մարդ չկա: Քիչ եկամուտով , սակայն, մեղրեցիներն ու ագարակցիներն իրենց օրվա հացը վաստակելու ուղիներ միշտ էլ գտնում են: Եվ սա այն համայնքերից մեկն է, որտեղից արտագաղթողները քիչ են: Ավելին, Մեղրու քաղաքապետն ասում է , որ արտասահման մեկնող աղջիկներն ամուսնանում, իրենց ամուսիններին Մեղրի են բերում:







  • Մեղրին քաղցրահամ մրգերի շտեմարան


Մրգի սեզոնը հենց Մեղրիից է սկսվում: Ծիրանն արարատյան դաշտում դեռ չհասած, Մեղրիում այն արդեն ոսկու գին ունի՝ 2500 դրամից է կիլոգրամն սկսում: Լավ բիզնես է , ասում են մեղրեցիներն ու խորհուրդ տալիս երևանաբնակներին հող գնել Մեղրիում, այգեգործությամբ զբաղվել․ թուզ, նուռ, ծիրան աճեցնել: Գյուղատնտեսությունն ավելի շատ է զարգացած Մեղրիում: Համայնքի ղեկավարն ասում է , որ համայնքի և հարակից Լեհվազ, Նռնաձոր, Կարճեվան ու էլի մի քանի համայնքերում նոր ոռոգման ցանց է գցվել:


  • Ինֆրաստրուկտուրաները եվս պետք է զարգացնել


Մխիթար Զաքարյանը հայտնեց, որ Մեղրիում և Ագարակում պետք է պատշաճ տեսքի բերվեն սննդի և առեվտրի օբյեկտները:


«Մեղրի համայնքում այսօր 12 հազար մարդ է բնակվում, Իրանի հետ նույն համադրելի 664 քառակուսի մետր տարածքում 200 հազարից ավելի մարդ է բնակվում: Պետք է միջոցները ճիշտ տեղաբաշխել պոտենցիալ շահառու տնտեսվարողների ներգրավելու համար»,- ասում է քաղաքապետը:


Մեղրիի քաղաքապետը հայտնեց նաև, որ Իրանի Արաս ազատ տնտեսական գոտու հետ պայմանավորվածություն կա՝  Մեղրիից դեպի Արաս ազատ տնտեսական գոտի Հայաստանի բնակիչներին անվճար տեղափոխելու համար: Հայաստանից Իրան մեկնող զբոսաշրջիկները կարող են նաև Ջուլֆա այցելել:


  • Զարգացվելու է Մեղրու Փոքր թաղի էկոտուրիզմը


Էկոտուրիզմի զարգացման առումով Իզմիրլյան հիմնադրամը Մեղրու փոքր թաղի մշակութային տուրիզմը պետք է զարգացնի: Այդտեղ կա նաև Սուրբ Աստվածածին եկեղեցի: ԱՄՆ դեսպանատունն ու Հայաստանի մշակույթի նախարարությունը անցած տարի պայմանագիր են կնքել՝ 450 հազար դոլար ներդրում կկատարվի եկեղեցին վերականգնելու համար: Դրա շրջանակում Իզմիրլյան հիմնադրամը Կումայրի ծրագրի օրինակով մի ծրագիր էլ Մեղրիում կիրականացնի: