«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը». Newmag-ը հրատարակել է սպորտային հերթական բեսթսելլերի հայերեն տարբերակը

January 29, 2020

Նոր բեսթսելլեր Newmag-ից՝ ընթերցողի սեղանին: Ընկերությունը հրատարակել է Լուկա Կայոլիի՝ Մեսսիի մասին պատմող գրքի հայերեն տարբերակը: «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում մանրակրկիտ ներկայացված է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալը, հայտնի սպորտային մեկնաբաններ, ֆուտբոլիստի երկրպագուները:

«Իրականում շատ եմ արժևորում այս նախագիծը, ինչո՞ւ, որովհետև մենք պարտավոր ենք ունենալ գրականություն տարբեր ոլորտներում, առավել ևս այս պահին սպորտային ոլորտում:  Իրականում դա խթան կհանդիսանա թե՛ մարզաձևերի զարգացմանը, թե՛ գիրք սիրելուն: Այն երիտասարդները, պատանիներն ու մանուկները,  որոնք սիրում են Մեսսիին, չէ՞ որ ընթերցելու են այս գիրքը: Շատ կցանկանամ, որ տարվա մեջ մի քանի անգամ նման հրատարակություն լինի»,- ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Սպորտային բեսթսելլերն անգլերենից թարգամանել է Լիանա Զաքարյանը: Գիրքը խմբագրել է Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը: Գիրքը ոչ միայն ֆուտբոլասերների համար է, այլ նաև՝ հանրության լայն շրջանի: Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը և ֆուտբոլային մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը առանձնացրել են այն հատուկ անուններն ու տերմինները, որոնք ընթերցողին կօգնեն ավելի լավ հասկանալ ֆուտբոլային պատմությունը:

Գրքում կան բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գրքի հայերեն տարբերակի համար հատուկ նախաբան է գրել ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը: «Մեսսին և մենք» նախաբանում մասնագիտական տեսանկյունից նա համեմատել է երկու գերաստղերին ՝Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին:

«Այդ համեմատությունից խուսափել ոչ մեկը չի կարողանում, ես էլ չկարողացա, բայց ես Մեսսիին համեմատել եմ ոչ միայն Ռոնալդուի, այլև ֆուտբոլի բոլոր մեծերի հետ: Գտնում եմ, որ Մեսսին բոլորից ինչ-որ մի բան ունի, և դա նրան բացառիկ ու եզակի ֆուտբոլիստ է դարձնում մարզաձևի պատմության մեջ»,- ասաց Էդուարդ Քալանթարյանը:

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի կյանքի ու կարիերայի մասին պատմող գիրքը փետրվարի 1-ից կվաճառվի բոլոր գրախանութներում ու նաև առցանց: Գրքի արժեքը 5800 դրամ է:

Newmag ընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը նկատեց՝ Մեսսիի մասին պատմող գրքով ազդարարում են գրահրատարակչական տարին: Սա կլինի առաջինը, բայց, վստահաբար, ոչ վերջինը: 2019-ին Newmag-ը կներկայացնի ևս երկու գիրք՝ Նեյմարի ու Ջորկայֆի մասին:

 
Tert.am