Ո՞վ է թաքնված ծաղրածուի դիմակի տակ

October 28, 2014

Նրանք Ձեզ համար այսօր դարձել են ծաղրածու, միմ, ձեռնածու, աճպարար, լարախաղաց ու մոգ, մայմուն խաղացնող, հանաք-մասխարաչի, ժամանցի ու զվարճանքի սպասավոր... մի խոսքով` այն ամենը, ինչ կգտնեք կրկեսի արենայում: Ու կրկեսից դուրս: Նրանք այսօր դիմակով են: Ու ոչ թե` որ նրանց չճանաչեն, այլ որպեսզի նրանց ավելի լավ ճանաչեք Դուք: Այս հարցում մեզ կօգնի Լեոնիդ Ենգիբարովն իր «Սիրելի կրկեսը» ստեղծագործությամբ: Եվ մեր այսօրվա հերոսներին էլ նա կօգնի իր մտքերի 12 պատառիկներով, որ վերցված են Ենգիբարովի գրքից: Բայց նախ տեսնենք, թե ի՞նչ խորհուրդներ է տալիս Արենայի արքան` նորաթուխ ծաղրածուներին:
Ինչպես դաոնալ ծաղրածու
Վերջերս այս մասնագիտությունը ձեռք է բերել յուրահատուկ ճանաչում: Նախ, այն բերում է լիքը մեդալներ, իսկ որ ամենակարևորն է` դափնու տերևների մի ամբողջ քանակություն: Ապա, բոլորին հրապուրում է այս մասնագիտության մատչելիությունը: Այդ պատճառով հեղինակն ուզում է Ձեզ մի քանի խորհուրդ տալ, թե ինչ որակներ պետք է ունենա մարդը, որը հագնում է մեծ կոշիկներ ու վանդակավոր տաբատ:
Հումորը պետք է իսպառ բացակայի, քանի որ հումորի զգացումով մարդը ոչ միայն ծաղրածու չի դառնա, այլև չի կարողանա շպար կրել: Նա կսկսի ծիծաղել, քրքջալ իր քթի մեծ կարմիր տանձի վրա, որի ներսում լամպ կա: Յուրաքանչյուր նորմալ մարդ չի զսպի ծիծաղը, երբ իրեն տեսնի կանաչադեղնավուն կեղծամով: Ծաղրածուն պետք է լինի միանգամայն լուրջ մարդ:
Կենսափորձը պետք է լինի հնարավորին չափ մեծ: Պետք է Ձեզ փորձեք տարբեր մասնագիտություններում` համոզվելու համար, որ Դուք անպետք եք ուրիշ գործերում: Ու այդ դեպքում ելքը մեկն է` դեպի արենա:
Աոողջությունը պետք է լինի գերազանց, դյուցազնական, քանի որ կրկեսում Ձեզ սպասում են բազում անակնկալներ: Շնչելու եք փոշի, գմբեթից Ձեր գլխին ընկնելու են ճոճաձողեր, աղյուսներ, կուլիսներում Ձեզ կծելու են շներն ու արջերը: Կրկեսի բուֆետում Ձեզ լավ չեն կերակրելու:
Ընտանիքը: Ծաղրածուն անպայման պետք է ամուսնացած լինի: Այդ դեպքում նա չի ունենա դժբախտ սեր ու նրա ստեղծագործական կյանքում չի լինի, «Ծիծաղիր կոտրված սիրուդ վրա» թեման:
Ստեղծագործական ընդունակություն ունենալը բոլորովին պարտադիր չէ: Ընդհակառակը, ծաղրածուն պետք է լինի հասարակ տղա: Նա պետք է հաճախ կրկնի. «Կրկեսը կրկես է», «Մենք օպերա չենք, մենք կրկես ենք», «Ձեռքերիդ վրա կանգնես` հաց կուտես»: Եվ միայն սրանից հետո ծաղրածուն կնվիրվի կրկեսին ու կոլեգաներից ոմանց հետ կընկերանա:
Խաղացանկ: Սա ամենևին հոգս չէ: Դեռևս ոչ մի ծաղրածու չի ունեցել իր սեփական խաղացանկը:
Արման Սարգսյան