Անսովոր ցուցահանդես-վաճառք. երիտասարդ գեղանկարիչները իրացման նոր հարթակ են գտնում

June 28, 2017

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են ժամանակակից արվեստի ժողովրդականացման փորձերը: Բացվում են նոր ցուցասրահներ, ավելանում են ցուցահանդեսները, ներկայացումները, ինստալյացիանները, փորձարկվում են արվեստի ներկայացման նոր ձևաչափերը:
Այս բազմազանության մեջ նկարիչներն ու արվեստագետները անխուսափելիորեն կախման մեջ են պատկերասրահներից և սահմանափակ թվով մասնագետ արվեստաբանների կարծիքից: Հաճախ նրանց ներկայացնելը «ավանդական ցուցասրահում» արդյունավետ չի լինում, քանի որ սրահը սովորաբար լեփ լեցուն է միայն բացման ժամանակ, իսկ ցուցահանդեսի մյուս օրերին արվեստի գործերը ստիպված են «իրենք իրենց նայել»:
«Ժամանակակից արխիվներ» խորագրով ցուցահանդեսը՝  «Полуночники» ակումբում, կարելի է համարել, ոչ ավանդական, ոչ ստանդարտ ցուցասրահ: Ակումբը հարթակ է տարբեր ոլորտների հետաքրքրություններ ունեցող մարդկանց առօրյա շփման և ժամանցի համար, որտեղ մի շարք ժամանցային-ինտելեկտուալ նախագծերի թվին է պատկանում նաև արվեստի փորձարարական ցուցասրահը։
Ցուցահանդեսի կուրատոր Գայանե Հովհաննիսյանն ընգդծեց, որ ակումբում հաճախ կազմակերպվող ժամանակակից արվեստի ցուցահանդեսներն ու միջոցառումները նպատակ ունեն հայ հասարակությանն ավելի մոտեցնելու մերօրյա արվեստին և օգնելու երիտասարդ նկարիչներին ցուցադրելու և վաճառելու իրենց ստեղծագործությունները : Ոչ պակաս կարևոր է, որ արվեստի գործերը շատ հաճախ գտնում են իրենց գնորդին՝ հենց ակումբային անցուդարձի հաշվին:
«Полуночники» ակումբում ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 30-ը: