Նայիր գրքին ու տես. 10 ազդեցիկ էկրանավորում

February 20, 2016

Երկու խոսք գրքի մասին. Նյույորքաբնակ թրիլերագիր Այրա Լեվինը ստեղծում է այսպես կոչված «բնակարանային եռապատում»։ Երկրորդ գրքի համանուն ֆիլմը դուրս է գալիս տպագրությունից ընդամենը մեկ տարի անց։
Տաղանդավոր և դեռևս անհայտ լեհ ռեժիսոր Ռոման Պոլանսկին «Փարամաունթ փիքչերսից» 3.2 միլիոն դոլար է ստանում և աշխարհին նվիրում է ժանրի լավագույն էկրանավորումներից մեկը։ Պատմությունը նորաթուխ ամուսինների մասին է: Ռոզմարին և Գայը տեղափոխվում են 19-րդ դարի հիասքանչ մանհեթենյան շենք և ծանոթանում տարեց հարևանների հետ։ Տարօրինակությունները սկսվում են այն ժամանակ, երբ հարևանուհին և նրա ամուսինը ակտիվորեն հետաքրքրվում են նորապսակների կյանքով, փորձում ընկերանալ, նրանց խորթ աղջիկը նետվում է շենքից ցած և մահանում։
P.S. Ֆիլմն աղմկահարույց հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, որ Պոլանսկու հղի կնոջն ու ընկերներին մորթում է հայտնի սատանիստական կլանի առաջնորդ Չարլզ Մենսենը։ Այս ֆիլմն ու ռեժիսորի անձնական ողբերգությունը միշտ կապում են իրար հետ։
Երկու խոսք գրքի մասին. Ֆրանսիացի գրող և գրաքննադատ Ֆրեդերիկ Բեգբեդերը սատիրային բնորոշ լրջությամբ ծաղրում է գովազդային բիզնեսը: 99 ֆրանկով վաճառվող գիրքը կարճ ժամանակահատվածում դառնում է ֆրանսիական բեսթսելեր, յոթ տարի անց՝ էկրանավորվում։
Տղամարդու երջանկության համար Օկտավն ունի ամեն ինչ՝ կանայք, փող, թմրանյութեր, սիրած աշխատանք։ Գովազդային բիզնեսի աշխարհում նա վտանգավոր գիշատիչ է մինչև այն պահը, երբ փորձում է դեմ գնալ համակարգին, սիրահարվում է և, կարծես, թռցնում խելքը։
P.S. Վեպի հեղինակը հայտնվում է մի քանի դրվագներում. ֆիլմի սկզբում նա հանդես է գալիս որպես գլխավոր հերոսի հայելու արտացոլանք։
Երկու խոսք գրքի մասին. Գրքի հեղինակը օգտագործել է հնարովի լեզու և անվանել նադսաթ, իբր այս լեզվով են խոսում անգլիացի դեռահասները։ Իրականում նադսաթի հիմքում ընկած է... ռուսերենը. droog, malchik, korova.
Սթենլի Կուբրիկը ստեղծել է անտիուտոպիստական էսթետիկ աշխարհ՝ մի քիչ ֆուտուրիստական, երբեմն հումորային և թերևս՝ դաժան։ Գլխավոր հերոս Ալեքսը սիրում է Բեթհովեն, կաթ և բռնություն. նա հաճույք է ստանում, երբ պարզապես ցավեցնում է անծանոթներին: Դեռահասի «ուլտրաբռնությունը» նրա ընկերների ու բանդայի անդամների սրտով է։ Սակայն պատմության երկրորդ մասը Ալեքսին գցում է բանտ, որտեղ սյուժեն ոտքից գլուխ շուռ է գալիս։
P.S. Տարօրինակ և ոչ սովորական բաներին լոնդոնյան քոքնի սլենգում «լարովի նարինջ» են ասում։
Երկու բառ գրքի մասին. Հանթեր Թոմփսոնը ամերիկացի հայտնի գրող և լրագրող է: Լասվեգասյան խենթ պատմությունը նրան դարձել է կուլտային։ Առաջին անգամ գիրքը լույս է տեսել Rolling Stone ամսագրի երկու համարներում։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1971-ին և պատմում լրագրողի և իր իրավաբանի խելահեղ ճամփորդության մասին. նպատակը՝ տեղական ավտովազքի մասին նյութ գրելն է։ Սակայն հերոսներն այնքան են տարվում զանազան ազդեցիկ թմրանյութերով, որ պարզապես չեն մտահոգվում աշխատանքի մասին։
P.S. Իրենց դերերի համար Ջոնի Դեփն ու Բենիսիո Դել Տորոն մեծ զոհություններ են արել։ Օրինակ՝ Դեփը կոկաինի տեղ կաթնային փոշի էր քաշում, ասելով, որ կոկաինն ավելի մարդասիրական կլիներ, իսկ Դել Տորոն մոտ 20 կգ գիրացել էր։
Երկու խոսք գրքի մասին. Ֆիլիփ Օնդատչին կանադացի վիպագիր է: Նրա «Անգլիական պացիենտն» արժանացել է Բուքերովյան մրցանակի և օսկարակիր ֆիլմի շնորհիվ ձեռք բերել համաշխարհային ճանաչում։
Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտենում է ավարտին։ Կանադացի բուժքույրը խնամում է Սահարայում ավիավթարի ժամանակ ուժեղ այրվածքներ ստացած տղամարդուն, որը մեզ և կանադուհուն պատմում է իր դրամատիկ կյանքի գլխավոր ողբերգությունը՝ ամուսնացած կնոջ հետ գաղտնի, սակայն բուռն և կրքոտ սիրավեպը։ Ֆիլմն ունի յուրահատուկ դեղնա-մարմնագույն երանգներով գունապնակ, լուսային էսթետիկա և ռետրո կոստյումավորում. այս բոլոր առանձնահատկությունները պատմությունը դարձնում են իրական և տպավորիչ։
P.S. Հիվանդի դերակատար Ռայֆ Ֆայնսն օրը հինգ ժամ նստում էր գրիմի սենյակում. նա պնդում էր, որ իրեն «այրվացքներով» պատեն ոտքից գլուխ, չնայած դերասանի միայն դեմքն էր երևալու կադրում։
Երկու խոսք գրքի մասին. Հարփեր Լին իր դասական դարձած ամերիկյան կիսաինքնակենսագրական գրքում օգտագործել իր իրավաբան հոր նախատիպը։ Իսկ սևամորթների հանդեպ անարդար հանրային վերաբերմունքն ու դատավարությունը իսկապես եղել են գրողի բնակավայրում, 1936 թվականին։
Գրեգորի Փեկի կերտած հերոսը՝ Ատիկուս Ֆինչը, իրավաբան է, որը զբաղվում է սևամորթ տղայի գործով։ Տղային մեղադրում են սպիտակ կնոջ բռնաբարելու մեջ, սակայն մեղադրանքի հիմքում ընկած են երիտասարդի մաշկի գույնն ու այդ ժամանակաշրջանի կարծրատիպերը։ Իրավաբանը ծաղրասարյակի օրինակի վրա իր երեխաներին ցույց է տալիս, թե ինչպես չի կարելի վնասել անմեղ էակներին, որոնք ոչ մի վատություն չեն արել շրջակա աշխարհին։ Դատավարությանը զուգահեռ պատմվում է երեխաների արկածների մասին. նրանք ուզում են տեսնել իրենց հարևան Վախենալու Ռեդլիին, որը երբեք դուրս չի գալիս տնից՝ այդպես իր մասին ստեղծելով բազում բամբասանքներ, որոնք հանգիստ չեն տալիս փոքրիկներին։
P.S. Նկարահանման հրապարակում առաջին անգամ հայտնված Հարփեր Լին հուզմունքից արտասվել էր, որովհետև Գրեգորի Պեկը շատ էր նման գրողի հորը։
Երկու խոսք գրքի մասին. Երբ ամերիկացի գրող Բրեթ Իսթոն Էլիսը 1991-ին հրապարակեց այս վեպը, հանրությունը շատ բուռն ընդունեց սեքսի և բռնության մանրակրկիտ նկարագրությամբ հորոր-սթորին։
Պատրիկ Բեյթմանը հարուստ բիզնեսմեն է: Աշխատում է Ուոլ Սթրիթում և ապրում Մանհեթենում, ավարտել է Հարվարդը, մեծացել հարգված և հարուստ ընտանիքում։ Ամեն ինչ կարծես չափից շատ իդեալական է, չէ՞:Իրականում Բեյթմանը մարդասպան է։ Սպանում է ում պատահի՝ ընկերուհիներին, բիզնես մրցակիցներին, փողոցի անտուններին, շներին և անգամ առնետներին։ Նա օգտագործում է ալկոհոլ և թմրանյութեր, իսկ հետո մարզվում մարզասրահում։ Իրարամերժ Բեյթմանի մարմնում տեղ է գտել միանգամից երկու անձ, որոնց հակասական ընքացքին հետևելը հետաքրքրական է։
P.S. Գլխավոր դերի հավակնորդ էին Բրեդ Փիթն ու Լեոնարդո Դի Կապրիոն, սակայն նյույորքյան յապպի կերպարը բաժին հասավ Քրիսթիեն Բեյլին։ Նրան հրավիրեցին ֆիլմի ռեժիսորն ու վեպի հեղինակը։
Երկու խոսք գրքի մասին. Քորմակ ՄքՔարթին Պուլիցերյան մրցանակակիր է, բազմիցս ընդգրկվել է Time-ի և The New York Times-ի գրացուցակներ։ Այս վեպը էկրանավորվեց 2007-ին և գրողին հայտնի դարձրեց նաև այլ երկրների գրասերների ու կինոսերների շրջանում։
1980-ականների շերիֆը պատմում է մարդասպանների դաժան էվոլյուցիայի մասին։ Սովորական աշխատավորը անապատում գտնում է դիակներ, հերոին և երկու միլիոն դոլար։ Սյուժետային գծերը բախվում են՝ վերջին ժամանակների ամենա ոչ տրիվիալ սերիական մարդասպանի գլխավորությամբ։
P.S. Քոենները սկզբում մերժել էին դերասան Ջոշ Բրոլինին, ինչից հետո նա դիմել էր Ռոբերտ Ռոդրիգեսի օգնությանը։ Ռոդրիգեսը անձամբ է նկարահանել Բրոլինի փորձադերը: Այդ վիդեոյի ռեժիսորի դերում հանդես է եկել Քվենթին Տարանտինոն։
Երկու խոսք գրքի մասին. Հյուբերտ Սելբին հայտնի դարձավ քրեական աշխարհի անդերգրաունդի` իր փնթի նկարագրություններով։ Գրողը ընտրել էր առանց ֆիլտրման և անկեղծ նկարագրության ձևաչափը։
Պատմությունը թմրամոլ Հարոլդի մասին է։ Նաև Հարոլդի մոր, ընկերուհու և մտերիմ ընկերոջ։ Չորսն էլ կախվածություն ունեն և մանիակալ ցանկություններ, որոնք պատկերված են դրամատիկ նատուրալիզմով՝ հագեցած ազդեցիկ սաունդթրեքով և տպավորիչ օպերատորական աշխատանքով։ Ռեժիսոր Արոնոֆսկին էր Ջարեդ Լեթոյին և Մարլոն Ուայանսին խնդրել երեսուն օր չզբաղվել սեքսով և չօգտագործել շաքար: Լեթոն նիհարեց 13 կգ և անձամբ շփվեց բրուքլինյան թմրամոլների հետ։
P.S. Ֆիլմում նարինջ մաքրող տղամարդու տեսարան կա, որը հղում է դեպի «Կնքահայրը»։ Երկու ֆիլմերում էլ նարինջը «կործանման նախանշան է»։
Երկու խոսք գրքի մասին. Կորնել Վուլրիչը, որի պատմվածքն է հիչքոքյան ֆիլմի հիմքում, աշխարհում ամենաշատ էկրանավորված նուար գրողն է։
Լուսանկարիչ Էլ Բի Ջեֆրիսը կոտրել է ոտքը և ստիպված է մնալ տանը, սայլակի մեջ։ Նրա միակ զբաղմունքը հեռադիտակն է և դեպի բակ նայող լուսամուտը, որտեղից տեսարան է բացվում դեպի հարևանների բնակարանները։ Հերթական հեռադիտման ժամանակ Էլ Բին եզրակացնում է, որ հարևանի բնակարանում սպանություն է կատարվել։
P.S. Ֆիլմը շատ ուժեղ ազդեցություն է գործել Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի և Բրայան Դե Պալմայի վրա: Նրանք նկարահանեցին թրիլերներ՝ «Զրույց» և «Քույրեր»՝ բազում հիչքոքյան հղումներով։