[newmusic] Վատ Դել Ռեյ, անհասկանալի Coldplay, զարմանալի Mayer, անծանոթ Sudan Archives և նոր Համասյան ու անդրշիրիմյան Կոեն

February 25, 2017

Վերջապես կարելի է ասել, որ գարունը մոտ է` բոլոր իմաստներով: Այս փաստը նպաստեց, որ այս անգամ էլ ավելի մեծ էնտուզիազմով ներկայացնեմ շաբաթվա երգերը: Մյուս կողմից, սակայն, գարնան շունչը չօգնեց որոշ երգերի մասին ոչ այնքան դրական կարծիք կազմելուն: Իսկ դրականն այս շաբաթ այդ ունի էթնո ուղղվածություն: Դրան դեռ կհասնենք, իսկ հիմա սկսենք բացասականից:
Lana Del Rey-ի հայտնությունը շատերի համար մինի-հեղափոխություն էր: Վերջապես գաղջ «պապսայի» ֆոնին հայտնվեց ինքնատիպ երգչուհի, ով ոչ միայն չէր ամաչում իր թերություններից ու ալկոհոլային անցյալից, այլև դա դարձրեց իր իմիջի մի մասը: Նման դեպքերում, սակայն, ոչ միշտ է հնարավոր լինում երկարաժամկետ հաջողություն գրանցել: Ինչ-որ պահի սկսում ես հոգնեցնել նույնատիպությամբ: Հակառակի վառ օրինակն էր Էմի Ուայնհաուսը, իսկ ահա Del Rey-ի դեպքում նկատվում է հերթական ու սովորական դառնալու միտում` «Love» անունով:
[embed]http://youtu.be/3-NTv0CdFCk[/embed]

Այստեղ պետք է որ լիներ նախորդ կամ հաջորդ տեքստի բովանդակությանը նման մի բան, բայց քանի որ երբեք չեմ հասկացել Coldplay խմբի շուրջ ստեղծված խառնաշփոթն ու հիացմունքը, չեմ էլ կարող ասել, որ հիասթափվել եմ նրանցից: Ինձ համար` հերթական «քոլդփլեյական», սովորական մի երգ:
http://www.youtube.com/watch?v=FM7MFYoylVs

Չեմ կարող ասել նաև, որ հիասթափվել եմ Jamiroquai-ից: Ոչ էլ կարող եմ ասել, որ հիացած եմ: Ամբողջ խնդիրը հենց այդ է` ոչ մի էմոցիա: Պարզապես, ի տարբերություն Coldplay-ի, այս խումբը շատ եմ սիրում: Եթե գալիք ալբոմի նախորդ` «Automaton» երգը նոր հնչողության ու թարմության հույսեր ներշնչեց, ապա «Cloud 9»-ը, կարծես, խմբի նախորդ ալբոմներից ցանկացածի երգացանկից լինի: Նույնը կարող եմ ասել տեսահոլովակի մասին` J.K.-ը հերթական անգամ իր սպորտային մեքենաներից մեկով գնում է երգել-պարելու: Վատ չէ, իհարկե, բայց սա արդեն տեսել ենք:
http://www.youtube.com/watch?v=fVMtKQMAZqw&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Անցնենք դրականին: Երբեք առանձնապես հիացած չեմ եղել John Mayer-ով, որը բացի սեփական ու ոչ այնքան հիշվող գործերից կատարում էր նաև cover-ներ` հիմնականում «էստրադային բլյուզ»: Իսկ ահա նրա նոր ալբոմը` «The Search for Everything - Wave Two»-ն մտածելու տեղիք է տալիս նախորդ կարծիքի շուրջ: Ամբողջ ալբոմը կարող եք ունկնդրել YouTube-ում, իսկ ես ցանկանում եմ առանձնացնել «Still Feel Like Your Man»-ը: Հաճելի «վայբերից» բացի զգացվում է պարզունակ ձևերից հրաժարումն ու իմ ամենասիրելի դեմքերից մեկի` Marvin Gaye-ի շունչը:
http://youtu.be/SmYa7pYHU00?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Տարանտինոյի «Pulp Fiction»-ից ամենահայտնի ֆրազներից մեկը` որպես սեփական դուետի անվանում վերցրած «Zeds Dead»-ը այս շաբաթ ներկայացրեց «Dimemories»-ը: Հուսամ էլեկտրո երաժշտության սիրահարները ինձ պես կհավանեն այս գործը, ինչպես նաև տեսահոլովակը: Ու քանի որ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, որ ես պրոֆեսիոնալ քննադատ ու երաժշտագետ չեմ, ավելացնելու բան չունեմ, պարզապես լսենք ու դիտենք:
http://youtu.be/BdSEiNpDw1I

Կրկին չկարողացա խուսափել սովորականից երկար տեքստեր գրելուց: Այդ պատճառով փորձեմ հաջորդիվ լինել մաքսիմալ հակիրճ, հատկապես որ լավագույնները դեռ առջևում են: Մինչև այդ` ավանդական, չհիասթափեցնող հիփ-հոփ King Lil G-ից. «Kennedy»:
http://www.youtube.com/watch?v=yaiWSoVwBgU&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Ծեծված, բայց միշտ հաճելի` «դաֆթփանքյան» հնչյուններով հերթական երգը Busy P անունով դիջեյից: Աշխատանքից հետո երեկոյան տուն գալու ու լիցքաթափվելու նպատակով լսելու իդեալական տարբերակ` «Genie»:
http://www.youtube.com/watch?v=9ob8BxADozM&feature=youtu.be&list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Հասանք այս շաբաթվա` իմ ֆավորիտներին: Ամերիկյան Spoon խմբի «Can I Sit Nеxt To You» երգը ժանրի սիրահարներին կպչում է առաջին իսկ նոտաներից, իսկ երգի ռոքաէլեկտրոնային զարգացումը չի թողնում ձանձրանալ կամ, առավել ևս, հիասթափվել: Իսկ Queen խմբի «Slightly Mad»-ը մի փոքր հիշեցնող սյուռեալիստական տեսահոլովակը միայն լրացուցիչ համեմունք է այս ամենի համար:
http://www.youtube.com/watch?v=6_yJYNF_Qas

Sudan Archives-ի մասին, անկեղծ ասած, շատ բան չգտա համացանցում. նույնիսկ Wiki-ում դեռևս չկա այս ինքնատիպ երգչուհու էջը: Սակայն այդ փաստը չի խանգարում հասկանալ, որ նրա երաժշտությունը նոր է, թարմ, յուրահատուկ ու չափազանց գրավիչ: Հուսամ կկիսեք այս մտքերս «Time»-ը լսելուց հետո:
http://youtu.be/ebPvq6ebbdQ?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Ինչպես և շատերը, ես էլ այս շաբաթ արտաբերեցի «վերջապես նոր գործ Համասյանից» խոսքերը: Համասյանը, բացի իր բազմաթիվ արժանիքներից, կարողացել է հասնել երաժշտի համար կարևոր մի մակարդակի` երբ բոլորին հետաքրքիր է, թե այս անգամ ինչ է արել նա: Արդարության համար նշեմ, որ «The Cave of Rebirth»-ը Համասյանի` շարքային լսողիս համար առանձնահատուկ նորություն չէր, բայց ես գերադասում եմ հարյուրավոր նմանատիպ գործեր լսել Համասյանից, քան թե մեկը…(այստեղ կարող է լինել ինչ-որ անուն):
http://youtu.be/KtMDfBPghgE?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn

Եվ, վերջապես, շաբաթվա ֆանտաստիկ լավը: Մի քանի ամիս առաջ կյանքից հեռացավ համաշխարհային երաժշտության լեգենդներից մեկը` Լեոնարդ Քոենը: Փետրվարի 23-ին հայտնվեց «Traveling Light» երգի տեսահոլովակը` յուրահատուկ հրաժեշտ թե՛ ստեղծողներից Քոենին, թե՛ Քոենից` մեզ բոլորիս: Եթե հուզականը դնենք մի կողմ, երգն ինքն իրենով, բացի լավը լինելուց, նաև վառ օրինակ է, թե ինչպես կարելի է օգտագործել   էթնիկ հնչյունները (Քոենը հրեա էր)` մնալով ժամանակակից ու ինքնատիպ: Իսկ ընդհանուր առմամբ` կարճ ձեռնարկ, թե ինչպես ապրել գեղեցիկ ու, ամենակարևորը` հեռանալ գեղեցիկ:
 
http://youtu.be/-KH29ERPpLw?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn