[Շարունակությունը՝ գրքում] Յունաս Յունասսոն. Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ

April 9, 2017

Ոչ ոք չի կարող հիպնոսացնել իր ունկնդրին ավելի լավ, քան նստարանին նստած պապիկը՝ ձեռնափայտին թեթևակի կռթնած և բերանը ծխախոտով լիքը։
Պապի՛կբայց դա ճի՞շտ է որ,— հարցնում էինք մենք՝ ապշած թոռներս։
Ով հարցնում է՝ դա ճիշտ է, թե չէ, արժանի չէ պատմությունը լսելու,— պատասխանեց պապիկը։ Այս գիրքը նվիրված է նրան։

Յունաս Յունասսոն


ԳԼՈՒԽ 1


ԿԱՐԵԼԻ ԷՐ ԿԱՐԾԵԼ, թե նա վաղուց էր որոշում կայաց­րել և դրա մասին հայտնել շրջապատին։ Բայց ալան Կառլսոնը նման բաների մասին երկար չէր մտածում։Երկուշաբթի, մայիսի 2, 2005
Այնպես որ հազիվ էր այդ գաղափարը ծագել ծերուկի գլխում, երբ նա բացեց Մալմշյոփինգի տարեցների տան առա­ջին հարկի իր սենյակի պատուհանը և իջավ դուրս՝ ծաղկա­մարգի մեջ։
Այս քայլը բավական ջանք պահանջեց, և դա տարօրինակ չէ, քանի որ այդ նույն օրը լրացավ ալանի հարյուր տարին։ Մեկ ժամից պակաս էր մնացել, մինչ ծերանոցի հյուրասենյակում կսկսվեր նրա տարեդարձի հավաքույթը։ Ներկա էր լինելու ին­քը՝ քաղաքագլուխը։ Նաև տեղական թերթից։ ինչպես նաև բոլոր մյուս ծերերը։ եվ ողջ անձնակազմը՝ զայրացկոտ քույր ալիսի գլխավորությամբ։
Միայն գլխավոր գործող անձն է, որ գնալու միտք չունի։

ԳԼՈՒԽ 2


ԱԼԱՆ ԿԱՌԼՍՈՆԸ, կանգնած տարեցների տան երկայնքով ձգվող ծաղկամարգին, տատանվում էր։ Հագին շագանակագույն բաճկոն էր, շագանակագույն տաբատ, և ոտքերին՝ շագանակա­գույն հողաթափեր։ Նա նորաձև չէր հագնված (հակառակը հազ­վադեպ է լինում այդ տարիքում)։ Եվ փախչում էր իր իսկ տարե­դարձի հավաքույթից, ինչը նույնպես հազվադեպ է իր տարիքի համար, մանավանդ որ քչերն են այդ տարիքին հասնում։Երկուշաբթի, մայիսի 2, 2005
Ալանը մտածում էր, որ դժվար կլինի հետ մագլցել պատու­հանի վրա և բերել իր գլխարկն ու կոշիկները, բայց երբ զգաց, որ դրամապանակը ծոցագրպանում է, որոշեց, որ բավարար է։ Բացի այդ, քույր ալիսը բազմիցս ապացուցել է, որ վեցերորդ զգայարան ունի (նա միշտ գտնում էր ալանի թաքցրած խմիչքը) և գուցե հիմա արդեն պտտվում է սենյակի շուրջը՝ զգալով, որ ինչ–որ կասկածելի բան է կատարվում։
«Ավելի լավ է շուտ փախչել»,— մտածեց Ալանը և դուրս եկավ ծաղկամարգից իր ճռռացող ծնկով։ Որքան հիշում էր՝ դրամապանակում դեռ մի քանի հարյուրանոց կա, ինչը լավ է, քանի որ մարդկանցից հեռու մնալը թերևս ձրի չի նստի։
Այնպես որ նա գլուխը շրջեց ու մի հայացք գցեց ծերանոցի վրա, որը, ինչպես բոլորովին վերջերս կարծում էր, իր վերջին հանգրվանն էր լինելու երկրի վրա, իսկ հիմա գիտի, որ ինքը կմեռնի մեկ ուրիշ անգամ, մեկ ուրիշ տեղ։
Հարյուրամյա տղամարդը քայլեց իր միզամաշիկներով (այդպես են կոչվում, քանի որ տղամարդիկ ծեր տարիքում հազվադեպ են միզում իրենց կոշիկներից հեռու), անցավ նախ այգու միջով և ապա՝ բաց դաշտով, որտեղ երբեմն շուկա էր գործում՝ մշտապես խաղաղ այդ գավառական քաղաքում։ Մի քանի հարյուր մետր գնալուց հետո Ալանը հասավ միջնադար­յան հպարտ եկեղեցու հետևամասին ու նստեց տապանաքա­րերի մոտի նստարանին՝ հանգստացնելու ծնկները։ Եկեղեցու տարածքն այնքան մեծ չէր, որ Ալանը լրիվ ապահով զգար իրեն։ Նա քմծիծաղով նկատեց, որ ծնվել է նույն տարում, ինչ Հենինգ ալգոթսոնը, ով հանգչում է այն քարի տակ, որի դիմաց ալանն է այժմ նստած։ իրենց երկուսի միջև տարբերությունն այն է, որ Հենինգը կյանքից հեռացել է վաթսունմեկ տարի առաջ։
Եթե Ալանը հետաքրքրասեր լիներ, գուցե մտածեր, թե ին­չու է Հենինգը մահացել ընդամենը երեսունինը տարեկանում։ սակայն Ալանը չէր միջամտում ուրիշների գործերին, եթե կա­րողանում էր խուսափել, ինչը մեծ մասամբ նրան հաջողվում էր։
Փոխարենը նա մտածեց, որ, հավանաբար, սխալ կլիներ, եթե ինքը նստած լիներ տարեցների տանը ու մտածեր, որ ինքն էլ ամեն դեպքում մահանալու է։ Չնայած մարմնական ցավերին՝ շատ ավելի հետաքրքիր և ուսանելի է քույր ալիսից փախչելը, քան երկու մետր հողի տակ գտնվելը։
Այնուհետև նորածինը վեր կացավ, դիմակայեց ցավող ծնկներին, հրաժեշտ տվեց Հենինգ ալգոթսոնին ու շարունա­կեց իր վատ ծրագրված փախուստը։


Շարունակությունը՝ գրքում նախագծի մյուս գրքերն՝ այստեղ





Ալանը գերեզմանատան միջով շարժվեց դեպի հարավ, մինչև որ մի քարե պատ փակեց իր ճանապարհը։ Այն մի մետրից բարձր չէր, բայց Ալանը հարյուր տարեկան էր, այլ ոչ թե թռիչք–բարձրու­թյուն կատարող։ Մյուս կողմում Մալմշյոփինգի ավտոկայանն էր, և ծերունին հասկացավ, որ դա հենց այն տեղն է, որտեղ իր խար­խուլ ոտքերն իրեն կտանեն։ Մի անգամ՝ շատ տարիներ առաջ, Ալանը կտրել–անցել էր Հիմալայները։ այ դա՛ էր դժվար։ Ալանը մտածեց, որ հիմա կանգնած է իր և ավտոկայանի միջև եղած վերջին խոչընդոտի առջև։ Նա այդ մասին այնքան արագ մտա­ծեց, որ քարե պատն իր աչքի առաջ կարծես փոքրացավ։
Եվ երբ այն հասավ ամենափոքր չափսի, Ալանը ցատկեց նրա վրայով՝ ի հեճուկս տարիքի և ոտքերի։
Մալմշյոփինգը հազվադեպ է մարդաշատ լինում, և այդ արևոտ գարնանային օրը բացառություն չէր։ Ալանը դեռ ոչ ոքի չէր հանդիպել այն պահից ի վեր, երբ արագ որոշեց չմասնակ­ցել իր հարյուրամյակի հավաքույթին։ ավտոկայանի սպասա­սրահը նույնպես գրեթե դատարկ էր, երբ Ալանը, հողաթափերը քարշ տալով, ներս մտավ։ սակայն միայն՝ գրեթե։ Դահլիճի կենտրոնում երկու շարք նստարաններ էին՝ մեջքներն իրար կպած։ Բոլոր տեղերն ազատ էին։ Աջ կողմում տոմսարկղի եր­կու կետերն էին։ Մեկը փակ էր, իսկ մյուսի հետևում նստած էր մի նիհար փոքր մարդ, կլոր, փոքր ակնոցով, նոսր, կողքի սանրած մազերով ու համազգեստով։ Մարդը մի անհանգիստ հայացք նետեց իր համակարգչի էկրանից, երբ Ալանը ներս մտավ։ Միգուցե նա մտածեց, որ կեսօրվա սովորական իրա­րանցում է, իսկ Ալանը հայտնաբերեց, որ ինքը միակ ուղևորը չէ այս սպասասրահում։ Անկյունում կանգնած էր մի բարեկազմ երիտասարդ՝ երկար, շեկ և յուղոտ մազերով, սրածայր մորու­քով և ջինսե բաճկոնով, որի մեջքին գրված էր «Never Again»1[1]։
Երիտասարդը հավանաբար գրագետ չէր. նա քաշքշում էր հաշմանդամների զուգարանի դուռը, որի վրա սևով վառ դե­ղինի վրա գրված «Չի աշխատում» մակագրությունը ոչինչ չէր ասում նրան։
Շուտով, այնուամենայնիվ, նա գնաց հաջորդ զուգարանի դռան մոտ, սակայն այնտեղ էլ ուրիշ խնդիր կար։ Ըստ երևույ­թին երիտասարդը չէր ուզում բաժանվել իր մեծ, գորշ անվավոր ճամպրուկից, իսկ զուգարանը չափազանց փոքր էր՝ երկուսին տեղավորելու համար։ Ալանը մտածեց, որ երիտասարդը կա՛մ պետք է ճամպրուկը թողնի դրսում, մինչև որ կհոգա իր կարիքը, կա՛մ ճամպրուկը կզբաղեցնի զուգարանը, իսկ ինքը կմնա դրսում։
Բայց Ալանին դժվար էր ներքաշել երիտասարդի հոգսե­րի մեջ։ Փոխարենը նա փորձեց ոտքի կանգնել, մանրաքայլ մոտեցավ տոմսարկղի փոքր մարդուն ու հետաքրքրվեց, թե առաջիկա րոպեներին ինչ հանրային փոխադրամիջոց կա որևէ ուղղությամբ և որքան արժե։
Փոքր մարդը հոգնած դուրս նայեց։ Նա, հավանաբար, ալանի հարցը կես ճանապարհին կորցրեց, քանի որ մի քանի վայրկյան մտածելուց հետո հարցրեց.
— իսկ պարոնն ո՞ւր է ուզում մեկնել։
Ալանը նորից շունչ քաշեց և փոքր մարդուն հիշեցրեց, որ ինքն արդեն ասել է, որ ուզում է մեկնել ցանկացած ուղղու­թյամբ, և այդ հարցում փոխադրամիջոցի տեսակը պակաս կարևոր է, քան՝ ա) մեկնելու ժամը և բ) ուղեվարձը։
Փոքր մարդը կրկին մի քանի վայրկյան լուռ մնաց, ապա նայեց վար՝ իր չվացուցակներին, և զգացվեց, որ ալանի խոս­քերը տեղ են հասել։
— Երեք րոպեից թիվ 202 ավտոբուսը մեկնում է սթրենգ­նես։ Հարմա՞ր է։
Ալանը մտածեց, որ հարմար է։ Նա տեղեկացավ, որ ավտո­բուսը մեկնում է ավտոկայանի ելքի ճիշտ առջևից, և որ առավել նպատակահարմար կլինի տոմսը գնել անմիջապես վարորդից։
Ալանին հետաքրքիր էր, թե ինչ է անում փոքր մարդը պատու­հանի ետևում, երբ տոմս չի վաճառում, բայց ոչինչ չասաց։ Փոքր մարդը նստած միգուցե նույն բանն էր մտածում։ Փոխարենը Ալանը շնորհակալություն հայտնեց օգնության համար և փորձեց բարձ­րացնել գլխարկը, որը շտապողականությունից չէր հասցրել դնել։
Հարյուրամյա տղամարդը նստեց երկու դատարկ նստա­րաններից մեկի վրա մենակ, իր մտքերով։ Տարեցների տանը անիծյալ տարեդարձի հավաքույթը կսկսվի ժամը երեքին, որին տասներկու րոպե է մնում։ ամեն րոպե նրանք կարող են բախել ալանի սենյակի դուռը, և կրկեսը կսկսվի։
Հոբելյարը ժպտաց այդ մտքից՝ միաժամանակ աչքի պո­չով նկատելով, որ մեկը մոտենում է։ այն բարեկազմ երիտա­սարդն էր՝ երկար, շեկ և յուղոտ մազերով, սրածայր մորուքով, ջինսե բաճկոնով և մեջքին «Never Again» մակագրությամբ։ Նա գալիս էր ուղիղ դեպի Ալանը՝ աղմկելով իր չորս անիվնե­րով մեծ ճամփորդական ճամպրուկով։ Ալանը հասկացավ, որ չի կարող խուսափել այդ երկարամազի հետ խոսակցությու­նից։ Իսկ նրանք լավ էլ կարող են զրուցել. այդժամ ինքը պատ­կերացում կկազմի, թե մեր օրերի ջահելներն ի՛նչ են մտածում տարբեր բաների մասին։
Երկխոսությունը կայացավ, թեև մի երևելի բան չէր։ երի­տասարդը կանգնեց ալանից մի քանի մետր հեռու, կարծես մի քիչ ուսումնասիրեց ծերունուն և ապա ասաց.
— Ողջույն։
Ալանը բարեկամաբար պատասխանեց՝ մաղթելով նրան բարի կեսօր, և հարցրեց, թե կարող է օգտակար լինել։ Պարզ­վեց, որ կարող է։ երիտասարդը խնդրեց, որ ալանն աչք ածի իր ճամպրուկի վրա, մինչ նրա տերը իր պետքը կհոգա զուգարա­նում։ Կամ ինչպես երիտասարդն ասաց.
— Գնամ քաքեմ։
Ալանն ասաց՝ սիրով, որ թեև ինքը ծեր է և թույլ, սակայն տե­սողությունը տեղն է, և այնքան էլ դժվար գործ չէ երիտասարդի ճամպրուկը հսկելը։ Սակայն նա երիտասարդին խորհուրդ տվեց շտապ հոգալ իր կարիքը, քանի որ ինքը պիտի ավտոբուս նստի։
Երիտասարդը չլսեց վերջին բառերը, քանի որ արագ քայ­լեց դեպի զուգարան, մինչև որ Ալանը կավարտեր իր խոսքը։
Հարյուրամյա տղամարդը երբեք իրեն թույլ չէր տվել վրդովվել մարդկանց պատճառով, անգամ եթե դրա համար ծանրակշիռ հանգամանքներ լինեին, և նա չնեղվեց այս երի­տասարդի անտաշ ձևերից։ Սակայն թեթևակի հակակրանք զգաց երիտասարդի հանդեպ, ինչը երևի իր դերն ունեցավ դեպքերի հետագա ընթացքի վրա։
_________
[1] Այլևս երբեք (անգլերեն): Այս և հետագա ծանոթագրությունները թարգ­մանիչներինն են:

 Շարունակությունը՝ գրքում. Զանգակ հրատարակչություն