[newmusic] Ի՞նչ լսեցինք հունվարին. Բոուիի վերադարձն անդրաշխարհից, հակաթրամփյան երգարշավ, հայկական նոր ռոք & ռեպ

February 1, 2017

Հունվարից սկսեցի ամփոփել շաբաթվա լավագույն երգերը` իմ խիստ սուբյեկտիվ ընտրությամբ: Եթե ոչ բոլորն եք հասցրել ընթերցել կամ ընդհանրապես չեք դիտել, հենց ձեզ համար ամփոփում ենք հունվար ամսվա լավագույն տեսահոլովակները` մեկ վայրում: Լսեք, կիսվեք կամ վիճեք` սպասելով արդեն փետրվարի լավագույններին:
Մեկ տարի առաջ կյանքից հեռացած ռոք լեգենդ Դեյվիդ Բոուին, որքան էլ  անհավատալի է հնչում, շարունակում է զարմացնել անակնկալներով: Հունվարին համացանցում հայտնվեցին նրա 3 նոր երգերը, որոնք  վերջին` «Blackstar» ալբոմի ձայնագրություններից է:Ինձ` որպես Բոուիի ոչ այնքան մեծ երկրպագուի, դրանցից մեկը պարզապես հիացրեց. «Killing a Little Time»:
http://www.youtube.com/watch?v=OpzVxylreME



Բավականին հայտնի դարձած «The Internet» խմբի երևի թե ամենավառ դեմքը` Syd-ը, որոշել է այս տարի սոլո ալբոմ թողարկել: «Fin» անունը կրող ալբոմի հետ կապված մեծ հույսեր է արթնացնում «All About Me» տեսահոլովակը: Ու թող այս թեթև, բայց շատ կպչուն գործը գալիք ալբոմի ամենավատ երգը լինի:
http://www.youtube.com/watch?v=ZNIOrsxsa0A


Անցած ամիս  ինձ համար հաճելիորեն բացահայտեցի «The Orwells» ամերիկյան խումբը: Նրանց նոր երգը` «Black Francis»-ը, սկզբում թվում է, թե 60-ականների ռոքի նմուշ է, իսկ ընթացքում նույնիսկ Քոբեյնի «Nirvana»-ն է հիշեցնում: Մի խոսքով` ռոքի սիրահարները պետք է գոհ մնան:
http://www.youtube.com/watch?v=AcNaveAVnII


6/8-ին և ընդհանրապես` հայկական «պոպսա»-ին ոչ այնքան լավ վերաբերվողներից շատերը ակամա ոգևորվում են ցանկացած այլ ոճի հայկական արտադրանքով: Չցանկանալով այդպիսի մոտեցում ցուցաբերել «մերոնց»` կառանձնացնեմ մի երգ, որն իսկապես հավանեցի: «Side Project» քչախոս խումբը հունվարին You tube վերբեռնեց իր նոր գործը` «Ինչպես տերև», ու հայտնվեց նաև այս ցանկում:
http://www.youtube.com/watch?v=OQfor0PNog0


Արևմտյան շատ արտիստներ որոշեցին իրենց բողոքն արտահայտել Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալու կապակցությամբ: Ոմանք դա արեցին ցույցի դուրս գալով, ոմանք էլ` երգերով: Ինձ, բնականաբար, հետաքրքրում է երկրորդ խումբը, որից առաջին հերթին կառանձնացնեմ կանադական Arcade Fire խմբի «I Give You Power» երգը որպես հակաթրամփական շարքի լավագույն ստեղծագործություն (չենք մոռանում, որ այս ամենը միայն իմ սուբյեկտիվ կարծիքն է):
http://www.youtube.com/watch?v=f6jma9VQEls


Լեգենդար «Wake Me Up When September Ends» երգը կատարած ոչ այնքան լեգենդար Green Day խումբը նույնպես որոշեց անդրադառնալ Թրամփին, սակայն ավելի գլոբալ տեսանկյունից: «Ապրում ենք դժվարին ժամանակներում» և այլն` մի քիչ ծեծված խոսքերով «Troubled Times» երգը երաժշտական առումով բավականին լավ է ստացվել:
http://www.youtube.com/watch?v=9cVJr3eQfXc


Մի պահ շեղվենք Թրամփից: The Internet խմբից  Matt Martians-ն էլ որոշեց հետ չմնալ ու ներկայացրեց սոլո կարիերա անելու իր տարբերակը: Արդյունքում ստացվեց Syd-ին արժանի մրցակից` «Diamond In Da Ruff»:
http://www.youtube.com/watch?v=2yeyh9lRsiw


Հունվարը հաջող էր նաև ակումբային երաժշտության սիրահարների համար, որն, ի դեպ, շատ փոքր, բայց հաստատուն քայլերով ավելի ու ավելի տարածում է գտնում Հայաստանում: Մի խոսքով` Bonobo – «No Reason»:
http://www.youtube.com/watch?v=ebzEEEdjHj0


Ականջահաճո կամ եթե մի քիչ ավելի խոսակցական, «կայֆոտ» երգերի շարքից. «Stolen Dance» մեգահիթի հեղինակ Milky Chance-ը ներկայացրեց «Doing Good»-ը: Դժվար թե այն վերոհիշյալ հիթի հաջողությունն ունենա, բայց Daft Punk լսողները ծանոթ ու հարազատ հնչյուններ կգտնեն:
http://www.youtube.com/watch?v=5xtm0iRTWEE


Ուրադրության է արժանաի նաև Young Thug-ի «Wyclef Jean»-ը: Այստեղ առանձնահատուկ է ոչ այնքան երգը, ինչքան բուն տեսահոլովակը: Ռեժիսորն ու Young Thug-ը չեն հանդիպել նկարահանման հրապարակում: Իսկ թե ինչպես, ինչու և ինչ եղավ հետո` կպատմի հենց տեսահոլովակը:
http://www.youtube.com/watch?v=_9L3j-lVLwk


Փարիզում ստեղծագործող և մեզ համար հարազատ դարձած Borussia անունը կրող երաժիշտը 3 րոպեով կօգնի մոռանալ եղանակի ու դեպրեսիվ մտքերի մասին «Kinda Love» երգի և դրական տեսահոլովակի միջոցով:
http://www.youtube.com/watch?v=tlri3hJr9Iw


Nora Jones-ը շարունակում է ապացուցել, որ նրան չսիրելն անհնար է: Եթե նույնիսկ չես գնում Նորա Ջոնսի ալբոմներն ու ժամերով լսում, ապա օրվա ընթացքում, գոնե ինչ-որ պահի նրա երգերից մեկը հենց այն է, ինչ քեզ պետք է: Բացառություն չէ նաև «Peace»-ը:
http://www.youtube.com/watch?v=fiY5QGpP2QQ


Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն էր: Տարիների ընթացքում ստեղծվեցին բազմաթիվ բանակային երգեր ու տեսահոլովակներ, որոնց մեծ մասը պաթետիկ են ու կոմերիցիոն տպավորություն են թողնում: Ռեփեր Դավիթ Միրոյանն այս առումով ուրախացրեց` ներկայացնելով վերոհիշյալ հատկանիշներից զուրկ տեսահոլովակ. «Հով արեք»:
http://www.youtube.com/watch?v=yfMlrDY6-rA


Երբեք չէի մտածի, որ կսկսեմ Alicia Keys լսել, բայց, ինչպես ասում են, «Девочка растет на глазах»: «That’s What’s Up» երգը ինչպես սկսում, այդպես էլ ավարտվում է: Չկա զարգացում, և չկա կուլմինացիա: Միայն միապաղաղություն: Չնայած դրան, միևնույնն է ինչ-որ մի բան կա այս գործի մեջ, որը ստիպում կլանված լսել: Չեմ կարող բացատրել, թե ինչ: Գուցե դո՞ւք կարողանաք:
http://www.youtube.com/watch?v=Y134bOz0eRk


Եվ իհարկե հունվարի երաժշտական ամենաուրախալի լուրի մասին: Լեգենդար «Jamiroquai» խումբը վերադարձավ (այո, «Jamiroquai» խմբի անվանումն է, իսկ մենակատարի անունն է Jay Kay): Այս տարի կթողարկի նոր ալբոմ` «Automation», և գալիք ալբոմում ներառված համանուն երգերից մեկի հրաշալի տեսահոլովակն արդեն հասանելի է:
http://www.youtube.com/watch?v=rmlmOk4ubcU