Մահացու 20-յակ. Թմրամիջոցների դասակարգումն ու վտանգավորության աստիճանը. ՄԱՍ 3

December 18, 2014

Մեթիլիոամֆետամին /4-MTA/
Մեթիլիոամֆետամին հիդրոքլորիդը սպիտակ բյուրեղափոշի է:
Պատմություն
4-MTA-ն առաջին անգամ սինթեզել են Ալեքսանդր Շուլգինը և բժիշկ Չարլզ Վինդհեմ Մենթլը (ԱՄՆ) և տվել են «Ալեֆ 1» անունը:
Օգտագործումը և «զգացումները»
էֆեկտիվ չափաբաժինը 5-8մգ է, սակայն ազդեցությունը խիստ անհատական է, քանի որ նույնիսկ 10 և ավելի մգ-ի դեպքում որոշ հիվանդներ ընդամենը թույլ բացասական զգացողություններ են ունենում: 4-MTA-ն ունենում է թույլ խթանիչ էֆեկտ: Զգացումներով հիշեցնում է ամֆիտամինը և Էքստազին, սակայն բավական թույլ: Այդ և իր բացասական հետևանքների պատճառով, թմրամիջոցը մեծ տարածում չի գտել:
LSD
ԼՍԴ-ն անգույն, անհամ և անհոտ նյութ է, որը բյուրեղանում է պրիզմայի տեսքով: Ջրում չի լուծվում ու զգայուն է թթվածնի և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ: ԼՍԴ սինթեզում են լիզերգինային թթվից, որը տարանջատում են հացահատիկային բույսերի խոշորասնկերից: Քիմիական սինթեզի համար անհրաժեշտ են հատուկ գիտելիքներ և պայմաններ, ուստի դրանք հիմնականում արտադրվում են հատուկ զինված լաբորատորիաներում, որոնց հիմնական մասն ԱՄՆ-ում և Կանադայում է: ԼՍԴ-ն ամենաճանաչված փսիխոդելիկն է (հալյուցինոգենը), որն օգտագործվում է որպես ռեկրեացիոն թմրամիջոց: Թմրամիջոցի համբավ ձեռք բերելուց առաջ այն օգտագործվել է հոգեկան խանգարումներ և հոգեկան հիվանդություններ ունեցողների բուժման մեջ` որպես ուժեղ ազդող դեղամիջոց:
Պատմություն
Շվեյցարացի քիմիկոս Ալբերտ Հոֆմանը, փորձելով արյան շրջանառությունը բարելավող պատրաստուկ ստեղծել, 1938
թվականին առաջին անգամ սինթեզեց ԼՍԴ-ն: Սկզբնական շրջանում նորույթը չհետաքրքրեց այն ընկերությանը, որտեղ աշխատում էր Հոֆմանը, ուստի մոռացության մատնվեց որոշ ժամանակ: Եվ միայն 1943-ի ապրիլի 19-ին Հոֆմանը հենց իր վրա փորձարկեց այն` սեփական մաշկի վրա զգալով հոգեկան ապրումների աննախադեպ ուժգնությունը: Բազմաթիվ նմանություններ հայտաբերվեցին շիզոֆրենիայով հիվանդների և ԼՍԴ ընդունողների միջև: Գիտնականները կարծում էին, որ հենց այս դեղամիջոցը կօգնի հասկանալ շիզոֆրենիայի էությունը: 50-ականներին սկսվեցին փորձարկումները կենդանիների, հետագայում նաև մարդկանց վրա: 1951-ին այդ փորձարկումներին միացավ նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը` ներգրավելով ուսանող կամավորների: Հենց այդ փորձարկումներն էլ հանգեցրեցին ԼՍԴ-ի տարածմանը: 1967-ին այդ դեղամիջոցի օգտագործումն օրենքով արգելվեց: Շատերը դա կապում են ոչ թե դեղամիջոցի հատկությունների հետ, այլ նրա, որ պետք էր սահմանափակել հիպպիական շարժմանը ներգրավված կամ վիետնամական պատերազմին դեմ հանդես եկող երիտասարդության ակտիվությունը: Արգելվեց ոչ միայն ԼՍԴ-ի օգտագործումը բժշկության մեջ, այլև նույնիսկ դրա փորձարկումն ու հետազոտումը: 2005 թվականին ԼՍԴ-ն օրինականացնելու օգտին հանդես եկավ "The Lancet" հեղինակավոր անկախ բժշկական հանդեսը: Ամերիկացի գիտնական Քերրի Մուլիսը, որը Նոբելյան մրցանակ ստացավ հենց ԼՍԴ-ի պոլիմերային շղթայական ռեակցիան պատկերելու համար, խոստովանում է, որ իր հայտնագործությունն արել է այդ թմրադեղի ազդեցության տակ:
Օգտագործումը և «զգացումները»
ԼՍԴ-ի անօրինական տարածման եղանակն, այսպես կոչված, «նամականիշներն» են, որոնք ԼՍԴ-ի լուծույթով պատված գունազարդ թղթե քառակուսիներ են: Նման են սովորական նամականիշներին: Հանդիպում են նաև լուծույթի, հաբերի, փոշու և մաստակների տեսքով: Կուլ տալու համար են:
ԼՍԴ-ն չափազանց ուժեղ գործող միջոց է, հետևաբար չափաբաժինները միկրոգրամներով են (գրամի միլիոներորդ մասը), ոչ թե միլիգրամներով, ինչպես այլ դեղամիջոցների դեպքում: Թմրամիջոցի սովորական չափաբաժինը 50-150 մկգ է, սակայն էֆեկտն առաջանում է ընդամենը 20-30 մկգ ընդունելուց հետո: Թմրամիջոցի յուրահատկությունն այն է, որ ԼՍԴ-ի ընդամենը մի քանի մոլեկուլը բավարար են ուղեղի միլիարդավոր մոլեկուլների վրա ուժգին ազդեցություն թողնելու համար: ԼՍԴ-ի գերդոզավորումից մահանալու փաստեր չկան: Սակայն հայտնի է, որ դեղամիջոցի ազդեցության տակ կատարվել են ինքնասպանություններ և ավտովթարներ:
Նաև վտանգավոր է ԼՍԴ-ի ընդունումը հակադեպրեսանտների և այլ փսիխոակտիվ միջոցների հետ: ԼՍԴ-ի ազդեցության բիոկենսաբանական մասը դեռևս հետազոտված չէ: Հայտնի է միայն, որ այն ազդում է դոֆամինային և ադրենալինային ազդակների վրա` առաջացնելով գրգռվածություն: Թմրատևողությունը 6-12 ժամ է:
Զգացմունքային գագաթնակետը զգացվում է 1-2 ժամ անց, որին հետևում են 3-5-ժամանոց զգացմունքային վայրիվերումները: Զգացմունքների ամբողջականությունը ժարգոնում կոչվում է "trip" (ճամփորդություն):
Տեսողական էֆեկտներն արտահայտվում են գույնի և ձայնի տարօրինակ ընկալմամբ, ծանոթ առարկաների և մարդկանց տեսքի փոփոխությամբ, ժամանակի տևողության մեջ անորոշության դրսևորմամբ: Ամբողջ միջավայրն այնքան տարօրինակ ու անսովոր է դառնում և միևնույն ժամանակ այնքան ներդաշնակ ու խորիմաստ, որ այս ապրումները շատերն ընկալում են որպես միստիկա կամ հոգևոր լուսավորում: Ցանկացած միտք կարող է ակնթարթորեն զարգանալ և անհավանականորեն վերափոխվել` պարգևելով բացառիկ ինտենսիվ ապրումներ: Շատերի համար սա կարող է ճանապարհ հարթել դեպի անձնական վերափոխումներ կամ վերածնունդ:
Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Դեռ բացահայտված չէ, թե ԼՍԴ-ի երկարատև օգտագործումը ֆիզիոլոգիական ինչ վնաս է բերում: Ապացուցված չէ նաև դրանից հոգեկան խանգարում ստանալու հիփոթեզը: Հիմնական վտանգն առաջանում է թմրամիջոցի ազդեցության տակ ավտոտրանսպորտի և այլ բարդ մեխանիզմների հետ աշխատելիս: Եվս մեկ վտանգ, որը կախված է ԼՍԴ օգտագործող յուրաքանչյուր 4-րդի գլխին, այսպես կոչված "flashback"-ն արտահայտվում է սուբյեկտի անսպասելի վերադարձով այն վիճակին, որում նա եղել է թմրամիջոցն ընդունելուց հետո: Սա տեղի է ունենում առանց այն ընդունելու: Օրինակ` մեքենա վարելու ընթացքում կարող է վարորդին շոկի մեջ դնել և շպրտել կամրջից ներքև:
Ռիտալին (Մեթիլֆենիդատ)
Մեթիլֆենիդատը սպիտակ բյուրեղապատրաստուկ է` առանց հոտի և թթվաշ համով: Բժշկության մեջ օգտագործվում է պատանիների «ուշադրության և հիպերակտիվության դեֆիցիտի սինդրոմը» բուժելու համար, գլխուղեղի նարկոլեպսիայի և բարդույթների ժամանակ: Օգտագործվում է նաև որպես հոգեմետ` այլ թմրանյութերից բուժելու ժամանակ: Կառուցվածքով նման է ամֆետամինին, բայց ավելի պակաս գրգռող է և չի բարձրացնում ճնշումը:
Պատմություն
Մեթիլֆենիդատն, ի տարբերություն կոկաինի և ամֆետամինի, չի արտադրվում «նկուղներում»: Այն, որպես թմրանյութ, սկսեցին օգտագործել այն ժամանակից, երբ սկսեցին վաճառել որպես դեղամիջոց: Պատանիներն սկսեցին պատրաստուկն ավելի հաճախ օգտագործել լարված պարապմունքներից կամ քննություններից առաջ` որպես «կենտրոնացնող» կամ «էյֆորիկ վիճակի հասցնող» բան:
Օգտագործումը և «զգացումները»
Որպես դեղամիջոց` ռիտալինը կուլ են տալիս, իսկ որպես թմրանյութ` հաբերը փոշիացնում են և քթով քաշում: Չափաբաժնից շատ օգտագործելիս հայտնվում են էյֆորիկ զգացումներ և հալյուցինացիաներ: Բացասական հետևանքներն արտահայտվում են անքնության և փսխոցի տեսքով: Թմրանյութն ազդում է 2-4 ժամ:
Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Երկար օգտագործումից առաջանում է նախ հոգեկան կախվածություն, հետո` ֆիզիկական: Բուժման ժամանակ մարդն ընկնում է դեպրեսիայի գիրկը, ձգտում է ավելի երկար քնել, դառնում է առավել նյարդային: Գերդոզավորումից կարող է առաջ գալ տագնապի զգացում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ուժեղ քրտնարտադրություն, գլխացավ, փսխում, երբեմն նաև կոմա և ի վերջո` մահ: Նաև պետք է «օգտագործողին» հեռու պահել ցավ կամ վնաս հասցնող բոլոր սարքերից: Հիվանդանոցում պետք է ակտիվ ածուխով կամ ուժեղ լուծողականով լվալ ստամոքսը:
Անաբոլիդային ստերոիդներ
Ստերոիդները բնական ծագում ունեն, կարգավորում են մարդկանց և կենդանիների կենսագործունեությունը: Բժշկության մեջ օգտագործվում են բարդ հիվանդությունների ռեաբիլիտացման շրջանում, այրվածքները և մաշկային վնասվածքներն արագ բուժելու ժամանակ:
Պատմություն
Անտիկ շրջանի Օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկները խթանիչ միջոցներ էին օգտագործում իրենց արդյունքները բարելավելու համար: Դոպինգի օգտագործումն առաջին անգամ պաշտոնապես գրանցվեց լողորդների մրցման ժամանակ` 1865-ին, իսկ մեկ տարի անց գրանցվեց դոպինգային մահվան առաջին դեպքը: Սակայն ստերոիդները մինչև այսօր օգտագործվում են բոլոր հնարավոր մարզաձևերում: Ավելի լայն կիրառվեց 1935-ին, երբ ստեղծվեց առաջին սինթետիկ թեստաստերոնը: Սպորտային պատմաբանների կարծիքով 11-րդ օլիմպիական խաղերի ժամանակ Գերմանիայի հավաքականի ցնցող հաղթանակը (33 ոսկի) հնարավոր դարձավ հենց այդ պատրաստուկն օգտագործելու «շնորհիվ»: 60-ականներին ԱՄՆ-ում կտրուկ շատացան կուլտուրիզմով զբաղվողները, և այստեղ ստերոիդները շատ ճիշտ «գտան իրենց տեղը»: 50-կաններին արտադրություն մտավ մեթանդրոսթելոնը, որը ԽՍՀՄ-ում օգտագործում էին բոլոր «ուժային սպորտով» զբաղվող մարզիկները:

Մարզիկները նույնիսկ սովորական շիլայի մեջ էին ավելացնում մի բուռ «մեթան»` այս խյուսն անվանելով չեմպիոնների նախաճաշ... Յ.Բոմբելա, «Անաբոլիդային ստերոիդներ, անգրագիտության վերացում»

1968-ին Մեխիկոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ առաջին անգամ սկսեցին ստուգել դոպինգի առկայությունը մարզիկի օրգանիզում: Առկայության դեպքում սպորտսմենը չէր մասնակցում խաղերին:
Օգտագործումը և «զգացումները»
Օգտագործվում են հաբը կուլ տալով կամ լուծույթը ներմկանային սրսկում անելով: Էֆեկտն այն է, որ ճիշտ պատրաստուկը ճիշտ քանակությամբ օգտագործելիս և համապատասխան մարզումներց հետո ստերոիդները կարողանում են «մեծացնել» ցանկացած մկանային համակարգ: Պատրաստուկների էֆեկտները շատ տարբեր են, օրինակ` ֆենիբոլինի մեկանգամյա սրսկման «հետևանքը» տևում է 2-3 շաբաթ, իսկ ավելի ազդու ռետաբոլիլինն ազդում է 3 ամսվա ընթացքում:
Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Անաբոլիդային ստերոիդների մեծ մասը վատ ազդեցություն է թողնում լյարդի վրա, ուստի դրանք ընդունում են այն դեղորայքի հետ, որը բարելավում է այդ օրգանի աշխատանքը: Մշտական ընդունումը կարող է հանգեցնել տղամարդկանց իմպոտենցիայի, կանանց մուտացիոն մազակալման: Շատ դժվար է լինում բուժվել նախևառաջ հոգեբանական կախվածությունից, երկար ժամանակ հրաժարվելուց հետո մարդ ընկնում է խորը դեպրեսիայի մեջ: Գերդոզավորումը կարող է արտահայտվել սրտխառնոցով, փսխումով, ճնշման բարձրացումով, սրտի սխալ աշխատանքով, ախորժակի երկարաժամկետ կորստով:
Բութիրատ
GHB-ն դեղին երանգ ունեցող սպիտակ փոշի է` թույլ արտահայտված յուրահատուկ հոտով: Հեշտ լուծվում է թե' ջրում, թե' սպիրտի մեջ: Հիմնականում թողարկվում է փոշու կամ լուծույթի տեսքով: Գործածվում է որպես քնաբեր, ուժեղ «հանգստացնող», ազդեցությամբ նման է ալկոհոլին: 1980-ական թվականներին որպես սննդային հավելում լայն կիրառում է ունեցել բոդիբիլդինգում: Բժշկության մեջ օգտագործվում է նյարդային վիճակը կամ անքնությունը բուժելու համար, կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքների և ինտոկսիկացիայի ժամանակ:
Պատմություն
Առաջին անգամ սինթեզվել է 1874-ին, բայց սինթեզի գաղտնիքը բացահայտվել է միայն 1929-ին: Հենրի Լաբորիի փորձերից հետո՝ 1960-ականներից, բացվեցին GHB-ի անհայտ հատկություններ, մասնավորապես աճի հորմոնների վրա ազդող «տարրը»: Այժմ այն մեծ տարածում է գտել ակումբային կյանքում, փոխարինում է ալկոհոլին: Օգտագործում են որպես «էներգետիկ», տրամադրություն բարձրացնող միջոց, որը չունի «ալկոհոլային հետևանքներ»: GHB-ն անվանում են նաև հեղուկ էքստազի (էֆեկտը նման է): Օգտագործվում է նաև որպես աֆրոդիզիակ, որը հարստացնում է սեքսուալ զգացումները, երկարացնում է սեռական ակտը:
Օգտագործումը և «զգացումները»
Կուլ տալու դեպքում ազդեցությունը մի քանի անգամ դանդաղ է, քան սրսկման դեպքում: Բութիրատը մնացած պատրաստուկներից տարբերվում է իր կենսաբանական թույլ ակտիվությամբ, ուստի այն օգտագործում են համեմատաբար մեծ չափաբաժիններով: Բժշկության մեջ միանգամյա չափաբաժինը 0.5 գ է, իսկ որպես թմրանյութ` 1-3 գ: Թմրադեղային 0.5-1.5 գ առաջացնում է «հարբածության» զգացում, շատ նման` 2-4 բաժակ 50 գ ալկոհոլին: 1.5-2.5 գ հանգստացնում է մարմնի բոլոր մկանները, տալիս է էյֆորիայի զգացում, հետաքրքրություն է առաջացնում երաժշտության և պարերի հանդեպ, հանգեցնում է հիպերսեքսուալության:
Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Գերդոզավորման հավանականությունն աճում է 2.5 գրամից, որից օրգանիզմը կարող է թունավորվել: Մարդը կարող է նաև կորցնել տարածության մեջ կողմորոշումը, ունենալ գլխապտույտ, քնելու անհագ ցանկություն, որն էլ բերում է հիշողության մասնակի կորստի: Ալկոհոլի հետ խառնելու դեպքում թունավորվելու հավանականությունը մի քանի անգամ մեծանում է, ու այս դեպքում գերդոզավորումը կարող է հանգեցնել մահվան: Դեռ չի կարելի համոզված ասել, որ մարդիկ ընկնում են այս թմրանյութից ֆիզիկական կախվածության մեջ, բայց մի քանի ամիս շարունակ շաբաթը 3-6 անգամ ընդունելուց հետո հոգեբանական կախվածությունն ապահովված է: Կախվածությունց դուրս գալուց անմիջապես հետո առաջ են գալիս ահավոր տագնապային զգացում, անքնություն, սրտի կանոնավոր աշխատանքի խախտում, գլխացավ, կրծքավանդակի ցավեր: Որպես դեղորայք` հակացուցված է հղի և կրծքով կերակրող կանանց: GHB-ն թույլ թմրանյութային շարքում է, սակայն գերդոզավորման ժամանակ պետք է անհապաղ դիմել մասնագիտական բուժօգնության:
Extacy
էքստազին «էմպոտոգեն» է: Այս պատրաստուկը ճնշում է անձի էգոն և վերացնում է շփման ընթացքում առաջացած միջանձնային բոլոր խոչընդոտները` կասկածը, անվստահությունը, անհամբերությունը, վախը և նյարդայնությունը: Ռեկրեացիոն նպատակով օգտագործվում է անօրինական արտադրվող հաբերի, փոշու և սրվակների տեսքով: Ամենամեծ տարածումը գտել են գույնզգույն, տարատեսակ նկարային դաջվածքներով հաբերը: Հաբերի բաղադրության մեջ կան նաև այլ փսիխոակտիվ նյութեր (ասպիրին, կոֆեին): Հիմնականում օգտագործում են պարահրապարակներում և ակումբներում: Էքստազի ասելով` ընդհանուր առմամբ հասկացվում է ամֆետամին, որն օգտագործվում է պարելիս:
Պատմություն
Գերմանական "Merck Pharmaceuticals" ընկերությունը 1913 թվականին հեղինակային իրավունք ձեռք բերեց ՄԴՄԱ-ի համար: 50-ականներին այդ միջոցով հետաքրքրվեց ԱՄՆ Զինված ուժերի հատուկ ծառայությունը: «Ուղեղների ղեկավարման» ծրագիրն այն դիտարկում էր թշնամու գիտակցությունը կառավարելու միջոց: Դրան նպաստեցին ԱՄՆ-ում բնակվող ռուս քիմիկոս Ալեքսանդր Շուլգինի աշխատությունները: Նա սեփական փորձով նկարագրում էր թմրադեղի ազդեցությունները: Շուտով թմրամիջոցը լայն տարածում գտավ, և սկսվեց դրա ազատ վաճառքն ակումբներում և բարերում: Հենց այդ ժամանակ էլ շրջանառության մեջ մտավ Լոս Անջելեսում դրանք մատակարարողներից մեկի մտածած անվանումը` «էքստազի»: Սակայն մեծ ճանաչումը 1985-ին հանգեցրեց դրանց անօրինականացմանը. արգելումը չազդեց դրանց տարածման վրա:
Օգտագործումը և «զգացումները»
ՄԴՄԱ-ն օգտագործում են կուլ տալով, երբեմն քաշում են քթով, «սրսկվում» են կամ ծխում` թութունի հետ խառնելով: Միջին չափաբաժինը 50-250 մգ է: Մեկ հաբը պարունակում է ոչ ավել, քան 100 մգ: Մահացու չափաբաժինը` 500 մգ-ից ավելի: Մասամբ դասվում է հոգեմետ և թույլ հալյուցինոգենների շարքին: Ունենում է վառ արտահայտված էմպոտոգեն հետևանք, այսինքն` անհատն իրեն մոտ է զգում շրջապատին, ապրում է ուրիշների զգացումներով: Մարդու տրամադրությունը բարձրանում է, նա էմոցիոնալ և ֆիզիկական վերելք է ապրում, դառնում է ավելի շփվող, խոչընդոտները վերանում են նույնիսկ անծանոթի հետ շփվելիս: Զգացումները և դրական լիցքերը բազմապատկվում են, երբ ուղեկցվում են երաժշտությամբ: Ընդունողները մտաբերում են, որ երաժշտությունը մտնում է մարմնի մեջ և ղեկավարում շարժումները:
Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Թմրամիջոցի գլխավոր բացասական կողմը չափից ավելի ակտիվությունն է և մարմնի ջերմակարգավորման խախտումը: Սա երբեմն բերում է մահվան, քանի որ ընդունողը չափից շատ ջուր է խմում («ջրային թունավորում»):
Pop’rs /Ալկիլնիտրիտներ
Pop՛rs-ը ցնդող հեղուկների ապրանքանիշային անվանումն է, նախատեսված է փակ տարածքներում շնչելու համար: Վաճառվում է «Ինտիմ» անունով, քանի որ հիմնական «առավելություններից» մեկը սեքսուալ զգացումները հարստացնելն է:
Պատմություն
Ամիլնիտրիտն առաջին անգամ սինթեզվել է 1857 թվականին և բժշկության մեջ երկար ժամանակ օգտագործվում էր որպես
ասթմայի դեմ բուժիչ միջոց: Հիվանդը շնչում էր նիտրիտ ամինալի գոլորշին, որը կարգավորում էր շնչառությունը և արյան շրջանառությունը: Այժմ այն չի օգտագործվում այդ նպատակով, քանի որ ասթմատիկ սինդրոմը բուժելու ավելի էֆեկտիվ միջոցներ կան: Նիտրիտները 60-ականներից լայն կիրառում ստացան պարերի ժամանակ զգացողություններն ավելացնելու համար: Գործածվում էր նաև որպես աֆրոդիզիակ: Անվանումը ստացել է սրվակը բացելու ձայնից (pop և պտտոց, պպոց): Մարդու առողջությանը սպառնացող վտանգներ դեռ չեն բացահայտվել, ուստի պատրաստուկը համարվում է լեգալ, թեև վաճառքն արգելելու փորձեր են արվում: Ապարդյուն:
Օգտագործումը և «զգացումները»
Անհատական օգտագործման դեպքում պոպերսը շնչում են, իսկ զանգվածային օգտագործման դեպքում այն ուղղակի լցնում են կերամիկական կամ ապակե ամանի մեջ և թողնում, որ «ազատ» ցնդի: Պետք է չմոռանալ, որ նիտրիդները հեշտ բոցավառվում են, ուստի դրանք պետք է հեռու պահել կրակից:
էֆեկտին հասնելու համար պետք է 1մլ` 1 խմ համար: Սենյակային ջերմաստիճանում 10 մլ-ի ցնդելու արագությունը` 1.5-2 ժամ: Սկսվում են թեթև էյֆորիկ զգացումներ, գլխապտույտ, «անկշռելիության» զգացում: Առաջանում է անընդհատ
շարժվելու ցանկություն` rush-effect: Ուժեղ զգացողությունները սկսվում են 30 վայրկյանից հետո և տևում են մի քանի րոպե: Ինտիմ պահերին օգտագործելիս պետք է ազատվել բոլոր հիմար մտքերից: Օրգանիզմում թթվածնի պակասից կարող է սկսվել ուժգին գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց:
Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Հեղուկ նիտրիտների հետ երկար «կոնտակտը» կարող է հանգեցնել մաշկի քիմիական այրվածքի: Հակացուցված է սրտանոթային հիվանդություններով տառապողներին, հղիներին և գլաուկոմայով հիվանդներին: Խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլի կամ այլ թմրանյութի հետ: Խստիվ արգելվում է օգտագործել ուրիշ սեքս-խթանիչների հետ (ցիալիս կամ վիագրա):
Կատ
Կատը (Catha edulis) միշտ կանաչ, խոնավադիմացկուն թուփ է, արտաքինը նման է թեյի թփի: Կատի տերևները պարունակում են կատինոն. սա քիմիական տարր է, նման է ամֆետամինին և էֆեդրինին: Հիմնականում աճում է Արաբական էմիրություններում, Հնդկաստանում, Սոմալիում և Շրի Լանկայում: Թմրանյութի համար օգտագործում են բույսի մատղաշ տերևները:
Պատմություն
Կատի տերևները ծամելու ավանդույթը Միջին Արևելքում նույնքան հին է, որքան Եվրոպայում «սուրճի սեղանը»: Մեղմ խթանիչ է, օգնում է մոռանալ հոգնածությունը և քաղցը: Կատինոնն առաջին անգամ սինթեզել են 1987-ին և դասել Կալկոատի ու էֆեկտի կողքին: Հենց այս դեղերի չարաշահումը հանգեցրեց նրան, որ պատրաստուկը շատ երկրներում արգելվեց:
Օգտագործումը և «զգացումները»
Կատի տերևները ծամում են կամ եռացնում և ըմպում թեյի տեսքով: Թմրամոլները տանը «Կոլդակտ» դեղամիջոցից առանձնացնում են կատինոնը և «սրսկվում»: Ծամելու ընթացքում էֆեկտը նման է կոկաինի կամ ամֆետամինի շատ փոքր չափաբաժինների: Սկսվում է թեթև էյֆորիա, մկանները հանգստանում են: Այս դեպքում կատը չի քննարկվում որպես թմրանյութ, քանի որ կատինոնն արյուն չի հասնում: Իսկ սրսկման ժամանակ կատինոնը միանգամից լցվում է արյան մեջ և առաջացնում է «գլխին խփելու» զգացում, սկսվում է դողէրոցք, մաշկի ծակծկոց: Հոգեբանական առումով զգացվում է ուժերի ավելացում և տրամադրության կտրուկ աճ: Որոշ ժամանակ անց սկսվում է ակտիվ «խոսքերի տարափ»` «խելոք մտքերի» տեսքով: Մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել հալյուցինացիաների: Թմրանյութային ազդեցությունը տևում է 1-3 ժամ: Օրգանիզմը հեշտ է վարժվում պատրաստուկին, ուստի մի քանի անգամ ընդունելուց հետո այն ազդում է ընդամենը կես ժամ:
Վնաս/ կախվածություն/ ախտորոշում/ բուժում
Երկար ընդունումից հետո սկսվում են մկանային հոգնածություն, հաճախակի կրկնվող գլխացավեր: Ֆիզիկական կախվածությունն ավելի շուտ սկսվում է «սրսկվելու» դեպքում: Մեկ ամսվա ընթացքում օրը 2-3 անգամից այն աճում է 8-10 անգամի: Մեկ ամիս անց ընդունման հաճախակիությունը հասնում է 12 անգամի: Այսպիսի ծանր պայմաններում 1-2 տարուց սկսվում է մարդու դեգրադացիան:
Սկիզբն այստեղ` Մահացու 20-յակ. Թմրամիջոցների դասակարգումն ու վտանգավորության աստիճանը
Մահացու 20-յակ. Թմրամիջոցների դասակարգումն ու վտանգավորության աստիճանը. ՄԱՍ 2