nCux (псих). Ռուս հաքեր, որը ստացավ ամենախիստ պատիժը

September 16, 2017

2010 թվականից սկսած ԱՄՆ հատուկ ծառայություններն աշխարհի տարբեր մասերում բացահայտել ու ձերբակալել են ռուս հաքերների, որոնք բոլորին զարմացրել են ՏՏ ոլորտում ունեցած իրենց հմտություններով:



nCux-псих-Գիժ (Ռոման Սելեզնյով)


Նա ռուսական Պետդումայի պատգամավորի որդի է, որոշ ժամանակ ապրել է Մարոկկոյում: Համարվում է ռուս լավագույն հաքերներից մեկը: 2011 թվականին նրա հետ կատարված դժբախտ պատահարն ավելի շատ զարմացրել էր հենց իրեն՝ Ռոմանին: Պատահականություն էր, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն ապրիլյան այդ օրը նա հայտնվել էր այն սրճարանում, որտեղ պայթյուն էր որոտացել: Պայթյունից զոհվել էր 17 մարդ: Ռոման Սելեզնյովը կենդանի էր մնացել զուտ պատահականությամբ, սակայն խորը կոմայի մեջ էր ընկել. բժիշկները ոչ մի հույս չէին տալիս, որ երիտասարդը դուրս կգա կոմայից: Հարազատներն անգամ պատրաստվում էին հուղարկավորության: Սակայն նա կենդանի մնաց, դուրս եկավ կոմայից ու վերականգնողական բուժումից հետո վերադարձավ նորմալ կյանք: Ռոման Սելեզնյովի համար այդպես էլ հանելուկ մնաց այդ պատմությունը, առավել ևս, որ ոչ մի կազմակերպություն իր վրա չվերցրեց պայթյունի պատասխանատվությունը:
Ռոման Սելեզնյովը ծրագրավորմամբ հետաքրքրվել է դեռ պատանի հասակից, 18 տարեկանում արդեն կարողանում էր գաղտնաբառեր կոտրել, անձնական տվյալների բազայից տվյալներ գաղանալ: 2009 թվականին նա համարվում էր բանկային քարտերի տվյալները գողացող աշխարհի լավագույն հաքերներից մեկը: Նրա թիրախը ԱՄՆ փոքր և միջին բիզնեսն էր: Որպես կանոն, այդ ձեռնարկությունների տվյալների բազան թույլ պաշտպանված էր: Դեռ 2005-ից նա հայտնվել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: 2009-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիպեց Ռուսաստանի իր գործընկերոջ հետ և ստացավ nCux կեղծանունով ռուս հաքերի տվյալները: Մեկ ամիս էլ չանցած nCux-ը գրառում արեց՝ դուրս է գալիս «գաղտնաբառեր վաճառելու բիզնեսից»: Փաստերն ապացուցում են, որ հենց ռուսական հատուկ ծառայությունն է տեղեկացրել Ռոման Սելեզնյովին, որ նրան փնտրում են ամերիկացիները:
Իրականում Ռոման Սելեզնյովը դուրս չեկավ բիզնեսից: Նա պարզապես փոխեց իր կեղծանունը: nCux-ը դարձավ Track2 և Bulba: Եվ տեղափոխվեց Մարոկկո: Բացեց ինտերնետ-խանութ, որտեղ հաքերները վաճառքի էին հանում անձնական տվյալներ:
Մարոկկոյում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո Ռոման Սելեզնյովը նորից փոխեց կեղծանունը: Նա դարձավ 2Pac: Հաքերների համար բացեց նոր ինտերնետ –խանութ: Ավելին, այս անգամ նա նաև ուսուցիչ-հաքեր էր, ցանկացողներին սովորեցնում էր կոտրել գաղտնաբառեր:
Ինչքան էր 2Pac-ի եկամուտը, ոչ ոք չի կարող ասել: Հայտնի է, որ միայն մեկ գործարքից նա ստացել է մոտ 18 միլիոն դոլար:
Ռոման Սելեզնյովը փորձում էր խուսափել ԱՄՆ հատուկ ծառայություններից, նա շրջում էր տարբեր երկրներում, օդանավի տոմսը գնում թռիչքից րոպեներ առաջ: Սակայն, այնուամենայնիվ, ամերիկացիներին հաջողվեց Ռոման Սելեզնյովին բռնել Մալդիվներում: Նրան գաղտնի տեղափոխեցին ԱՄՆ:
 


Հաքերների մասին գրել ենք նաև.



ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ ամերիկյան կողմն անօրինական կերպով գողացել է իր քաղաքացուն: Ռոման Սելեզնյովին պատգամավոր հայրը բոլորին իրար խառնեց, սակայն Ռոմանի համար ոչինչ անել չկարողացավ:
Ամերիկյան կառավարությունը հայտարարեց, որ ձերբակալել է աշխարհի ամենա-ամենա հաքերին: Գործը մտավ ամերիկյան դատարան: Ըստ պաշտոնական հայտարարության՝ Սելեզնյովի անձնական նոթբուքում հայտնաբերվել է ավելի քան 1.7 միլիոն կրեդիտ քարտերի տվյալ: Նրա գործողությունների վնասի չափը գնահատվեց 170 միլիոն դոլար:
Երկու տարվա դատական գործընթացից հետո Ռոման Սելեզնյովն ընդունեց իր մեղքը: 2017 թվականի ապրիլին Ռոման Սելեզնյովը դատապարտվեց 27 տարվա ազատազրկման: Նման գործի համար այսչափ երկար ժամկետով ազատազրկման որոշում դեռ չէր կայացվել: Սեպտեմբերին նա ընդունեց իր մեղքը ևս երկու գործով: 170 միլիոն դոլարին գումարվեց 52 միլիոն դոլարը: Նրան կատարած գործողությունների վնասի ընդհանուր չափը գնահատվեց մոտ 230 միլիոն դոլար:
ՀԳ.
Ռոման Սելեզնյովի մեղադրական որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգներում հասունանում էր Թրամփի ընտրության ռուս հաքերների մասնակցության սկանդալը: Այս առումով Ռոման Սելեզնյովը դատարանում մի քան անգամ հայտարարեց, որ ինքը քաղաքականության զոհ է: Գործի բացահայտումը Ամերիկյան կողմը համարեց Արևելյան Եվրոպայի կիբերհանցագործների դեմ պայքարում իր հազվագյուտ հաղթանակը: