Տեղի ունեցավ հույն գրող Նիկոս Խրիսոսի «Նոր օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրով տեղի ունեցավ հույն ժամանակակից գրող Նիկոս Խրիսոսի «Նոր օր» վեպի հայերեն թարգմանության հեռուստաշնորհանդեսը: Նոր Կտակարանի հիմքի վրա կառուցված գիրքը պատմում է անօթևանների և նրանց հալածողների մասին՝ շոշափելով
«Նոր օրը» բազմաշերտ ու բազմապլան վեպ է, գրողի՝ տարիների ուսումնասիրության արդյունք: Խրիսոսը մեզ ուղեկցում է անօթևանների աշխարհ, որը շատ մոտ է, բայց նաև շատ հեռու: Աշխարհ, որը մենք տեսնում, բայց անտեսում ենք: Նրա ստեղծած կերպարները գալիս են անցյալից ու անճարակորեն հաստատվում դատարկ և հուսահատ միջավայրում: Գրքի թարգմանիչը Շուշան Մարուքին է, նրա խոսքով, այս գործը կարևոր սոցիալական, քաղաքական և նաև բարոյական խնդիրներ է բարձրաձայնում.
«Այս վեպի առավելությունն այն է, որ այս շատ ծանր նյութը, սյուժեն այնպես է ներկայացվել, որ դառնա գրականություն: Որովհետև ես այս մասին կարող եմ պատմել մի կերպ, մյուսն այլ կերպ, երրորդը ՝ լրիվ տարբեր: Երբ սկսում էի թարգմանել, որոշեցի նախ կարդալ, ուսումնասիրել գրողին, նոր անցնել թարգմանությանը, ու չնայած Աստվածաշնչի հետ առնչվել եմ խմբագրական ու սրբագրելու առումով, սկզբում ինձ մոտ ասոցիացիա չեղավ Աստվածաշնչի հետ, մեկ էլ ինչ-որ պահից սկսած հայտնաբերեցի, որ գրքի գլխավոր հերոսը նման է Քրիստոսին, իսկ այդ 4 մարդիկ, որ պատմում են Սեբաստիանի պատմությունը՝ տարբեր տեսանկյուններից, նրա առաքյալների»։
Վեպի խմբագիր Աննա Բախշյանը կարծում է, որ վեպում արդարության, անարդարության որոնումներ են, ոճիրի, պատժի, հանցանքի, նաև մեզքի զգացումը թոթափելու խնդիրներն են, և պատահական չէ, որ շատ գրականագետներ փորձում են նմանեցնել նաև Նոր կտակարանին.
«Պատումը փոխառնված է Նոր կտակարանի պատումից: Ինչու է հեղինակն, իմ կարծիքով, ընտրել այդ սահմանային իրավիճակում գտնվող մարդկաց՝ սոցիումի ամենահատակում գտնվողներին՝ գողեր, մարմնավաճառներ, թափառաշրջիկներ, այսինք մարդկային ամենացածր նիշը ներկայացնող կերպարներ են, որոնք տարբեր պատճառներով են հայտնվել անօթևանի կարգավիճակում, բայց հայտնվել են: Ավելի սրելու, ավելի ակնհայտ ձևով ցույց տալու հասարակության մեջ եղած ախտերը, նաև այսօրվա Եվրոպայի բազմաշերտ սոցիալական կենցաղային խնդիրները, որոնք առկա են համարյա բոլոր երկրներում»:
Տեր Թովմա քահանա Անդրեասյանը վստահ է, որ գիրքն ունի գեղարվեստական բարձր արժանիքներ, և շատերին կարող է օգնել՝ դուրս գալու անտարբերությունից և կարեկցելու անօթևաններին. «Գրքում Աստծո մասին խոսք չկա, մարդասիրության մասին է: Մեր աշխատանքը կապված է հենց մարդկանց հետ, անհատներին աշխատում ենք օգնել: Ընդհանրապես աշխարհն այնպիսի գործընթացի մեջ է, որը գնում է դեպի բոլոր մարդկային արժեքների կործանում, դատաստանի պրոցես է, և նման գեղարվեստական գործերը կարևոր նշանակություն ունեն, քիչ թե շատ կանխելու այդ պրոցեսը»:
Նոր օրը» հրատարակվել է Եվրոպական Միության «Ստեղծարար Եվրոպա»-ի համաֆինանսավորմամբ։ Գիրքն ահազանգ է՝ Եվրոպայի անօթևաններն օգնության կարիք ունեն։
Կարդացեք նաև