[newmusic] Fergie-ի նորամուտը, էպոտաժային Bootsy Collins-ը, լեգենդար Leonard Cohen-ի նոր երգը և Մի Քանի Հոգի

September 24, 2017

Սեպտեմբերի նախավերջին լավագույնները սպասում են, թե երբ են տեղ գտնելու ձեր անձնական փլեյլիստում: Հենց այս մտքով էլ ուզում եմ սկսել շաբաթվա ամենալսվող մեղեդիները ձեզ ներկայացնելը:
Հիշո՞ւմ եք Black Eyed Peace-ը: Հենց այդ խմբի հենց այն Fergie-ն վերադառնում է՝ որպես հասուն կին, իհարկե, լավ իմաստով: Դաշնամուրի ամենաբարձր օկտավաները նախանշում են Նրա «նորամուտը» ժամանակակից երաժշտության աշխարհ:

Անհավատալի է, բայց funk-ի ամենա-ամենաներից մեկը նոր երգ է թողարկել: Ժանրի սիրահարներին հանրահայտ՝ էպոտաժային Bootsy Collins-ի մասին է խոսքը: Ծանոթ բիթեր և մեղեդի՝ ժամանակակից փաթեթավորմամբ:

Թեև ինքս Linkin Park-ի սիրահար երբեք չեմ եղել, բայց նույնիսկ այս հանգամանքը չի խանգարում՝ ճանաչել Chester Bennington-ին՝ հատկապես իր վոկալով: Հատուկ խմբի սրահարների և հատկապես լուսահոգի Chester-ի երկրպագուների համար՝ նոր սինգլ, որը ռադիոների եթերում կհայտնվի միայն հոկտեմբերի 2-ից սկսած:

Այս թեմայով արդեն խոսել եմ, բայց պետք է կրկնվեմ, քանի որ առիթ կա. Արևմուտքում շարունակում են թողարկել կյանքից հեռացած լեգենդար երաժիշտների ՆՈՐ տեսահոլովակները, ինչն, իրականում, հրաշալի պրակտիկա է: Այդ շարքում հերթականն է Leonard Cohen-ի Leaving the Table-ը:
Միտքը՝ եթե ուզում ես ժամանակակից սերնդին փոխանցել անցյալի մեծերի արվեստը՝ հարմարվիր հենց այդ ժամանակակից սերնդին՝ թողարկելով HD տեսահոլովակներ: Անչափ ուրախալի կլիներ տեսնել այս նույն երևույթը մեր՝ հայկական երգարվեստի շրջանակներում:

Թեև այս երգը լույս է տեսել դեռ անցած շաբաթվա վերջում, սակայն ոչ մեկս անսխալական չենք. այո, ես էլ եմ երբեմն բաց թողնում նորությունները: Համեմատաբար ավելի տհաճ է, երբ այդ նորությունը հայրենական արտադրության է, ինչպես Մի Քանի Հոգու «Ոնց որ մեկը վատ ա» երգը: Սակայն այս գործն իր մեջ պարունակում է վերոհիշյալ խմբի շունչն ու ոգին, այդ իսկ պատճառով, թեկուզ մի փոքր ուշացած, այն տեղ է գտնում սեպտեմբերի նախավերջին լավագույնների ցուցակում: