[newmusic] Հայկական նոր «Հող», Արտյոմ Մանուկյան և, իհարկե, տաղանդավոր բրիտանացիները

April 15, 2017

Այս շաբաթվա լավագույնները դասավորված կլինեն առաջին ցուցակների սկզբունքով` մեկ էջի վրա: Այսինքն տեսահոլովակները դիտելու համար ստիպված չեք լինի էջը փոխել: Ընթերցողների մի մասն ինձ ասում էր, որ հեռախոսով անհարմար է էջ փոխել, մյուս մասն էլ` կողմ էր էջերով տարբերակին: Այնպես, որ շատ ուրախ կլինեմ, եթե մեկնաբանություններում գրեք ձեր նախընտրելի տարբերակը` ճաշակով երաժշտություն լսելու համար:
Սկսեմ հայկական ֆեյսբուքում արդեն բավականին տարածված երգից` Cassius - «Go Up»: Բավականին «լսվող» երգում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Cat Power-ը և համաշխարհային հիթմեյքեր Pharrell, ում հետ կապված վերջերս շատ քիչ նորությունների ենք հանդիպում: Յուրահատուկ ու սադրող է նաև տեսահոլովակը, որը, սակայն և ցավոք, շատ է հիշեցնում Coldplay-ի Up&Up-ը, այնպես որ օրիգինալ այն չես անվանի:
http://youtu.be/rAJXg-Ubv3Y?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
alt-J-ի «3WW» երգին արդեն անդրադարձել եմ, իսկ այս շաբաթ հայտնվեց տեսահոլովակը, որն այնքան հավանեցի, որ ցանկացա կիսվել դրանով նաև ձեզ հետ: Եթե խուսափում եք մռայլ սյուժեով ֆիլմերից կամ տեսահոլովակներից, ապա անցեք հաջորդ երգին, իսկ եթե դեռ այստեղ եք, ուրեմն մեքսիկական թեմատիկայով նկարահանած մինի ֆիլմը հենց ձեզ համար է:
http://youtu.be/ZwBkXgWNs_M?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Նախորդի ազդեցությունը մեղմելու համար առաջարկում եմ պոզիտիվ մի երգ` երաժշտության ամենապոզիտիվ ժամանակաշրջանի` 60-ականների և 70-ականների շնչով: The Kooks խումբը ոչ միայն իր անվանումով ու իմիջով է հիշեցնում վերոհիշյալ ժամանակաշրջանի խմբերին (մասնավորապես The Kinks-ին), այլև երաժշտությամբ:
http://youtu.be/zH28w77Nq1k?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Մոռացա նշել, որ այս շաբաթվա ցանկում նույնպես կա հայկական հետք, այն էլ` 2 տեղում:
Առաջինը ուզում եմ կիսվել հայկական նոր ու խորհրդավոր մի պրոյեկտի երգով: «Հող». այսպես լակոնիկ, բայց բովանդակալից է հնչում պրոյեկտի անվանումը: Նոր երգը կոչվում է «Քաղհան»: Դժվարանում եմ ինչ-որ ոճային ձևակերպում տալ երգին, բայց էականը դա չէ: Էական է, որ կա որակ և ժամանակին համընթաց քայլելու միտում` չուրանալով սեփական կոլորիտը:
http://youtu.be/VyVKKEZHR0g?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
 
Միշտ եղել եմ այն կարծիքին, որ Անգլիան վերջին 60 տարիների համաշխարհային երաժշտության եթե ոչ գլխավոր բնօրրան է, ապա գլխավորներից մեկն է: Հենց Անգլիայում է ծնվել, զարգացել ու շարունակում զարգանալ ռոքը և հենց այնտեղ են ծնվում այս ժանրի ամենատաղանդավոր դեմքերը: Խոսքերիս ապացույցն է ընդամենը 18 ամյա Declan McKenna-ն, որի դեբյուտային ալբոմը լույս կտեսնի ամռանը:
http://youtu.be/QHgh77iE6qc?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn
Այս շաբաթվա իմ ֆավորիտն է ժամանակակից ջազի ամենահայտնի ու հեռանկարային դեմքերից մեկը` Kamasi Washington-ը` իր «Truth» գործով: Պատճառները մի քանիսն են. նախ և առաջ հրաշալի երաժշտությունը, որը նաև թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է զարգանում ջազն այսօր: Առանձին թեմա է նաև 14 րոպեանոց (բայց չձանձրացնող) տեսահոլովակը` մարդու, բնության և տիեզերքի ամբողջականության մասին: Եվ, վերջապես, ամենաուրախացնող փաստն այն է, որ «Truth»-ի ձայնագրմանը մասնակցել է նաև մեր հայրենակից, թավջութակահար Արտյոմ Մանուկյանը, ինչի համար շնորհավորում եմ Արտյոմին և բոլորիս:
http://youtu.be/rtW1S5EbHgU?list=PLpChgP165ilfoq7nng8pSPG5c_a5HlOgn