NoRussiaNoGames. Դոպինգային շիլաշփոթի մանրամասներն ու հանգուցալուծումը

December 11, 2017

ՄՕԿ-ի որոշման հիմքում բազմաթիվ ապացույցներ կան, որոնք Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը ներկայացրել է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը: ՄՕԿ-ը հաշվի է առել նաև պրոֆեսորներ Մաքլարենի զեկույցը և Շամպոդի ուսումնասիրություններն այն մասին, իբր Ռուսաստանն ունեցել է դոպինգի կիրառման պետական ծրագիր:
Ոչ դրոշ, ոչ օրհներգ: Պհենչհան 2018-ը` առանց Ռուսաստանի հավաքականի: Միջազգային օլիմպիական կոմիտեն գործադիր կոմիտեի որոշմամբ, Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին զրկեց  ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Կոմիտեն այս որոշումը կայացրեց` պատասխանելով 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում ռուսների խարդախությանը: Սոչի-2014-ից առաջ տասնյակ ռուս մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել, ընդ որում, այդ խախտումները վերահսկվել են պետական մակարդակով:

ԹՈՄԱՍ ԲԱԽ


ՄՕԿ ՆԱԽԱԳԱՀ


«Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկված է: Անհատապես մաքուր մարզիկները կարող են մասնակցել Պհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերին շատ խիստ վերահսկողության տակ: Օլիմպիական ուղեգիր նվաճած եւ դոպինգի հետ առնչություն չունեցած ռուս մարզիկները կարող են հանդես գալ չեզոք դրոշի տակ: Նրանք կկոչվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»: Պարգեւատրության ժամանակ Ռուսաստանի օրհներգի փոխարեն կհնչի օլիմպիականը: Ռուսաստանի պատվիրակության ոչ մի անդամ չի ստանա օլիմպիական հավատարմագրում»
ՄՕԿ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 15 միլիոն դոլար վճարել` դոպինգային խախտումների շուրջ հետաքննության ծախսերը փոխհատուցելու համար: Ցմահ որակարզրկվել է սպորտի նախարար, Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն: Ձմեռային Օլիմպիադաների պատմության մեջ առաջին անգամ է, որ երկիրը զրկվում է խաղերին մասնակցելու իրավունքից:


Կարդացեք նաև․



Դոպինգ սկանդալի հանգուցալուծումը խառնել էր ամբողջ Ռուսաստանի Դաշնությունը: ՄՕԿ-ի որոշմանը անմիջապես հետեւեց համառուսական համացանցային բոյկոտը: Թվիթերը, ֆեյսբուքն ու ինստագրամը պատված են #NoRussiaNoGames հեշթեգով: Ակցիային միացել են հոկեյի ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահ Վլադիսլավ Տրետյակը, ֆրանսիացի դերասան, ռեժիսոր Ժերար Դեպարդիեն:
ՄՕԿ-ի որոշումից հետո ամբողջ աշխարհը սպասում էր Ռուսաստանի ղեկավարության արձագանքին: Վլադիմիր Պուտինը հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է Նիժնի Նովգորոդում` ավտոգործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ


ՌԴ ՆԱԽԱԳԱՀ


«Մենք, անկասկած, ոչ մի բլոկադա չենք հայտարարի, չենք խոչընդոտի մեր մարզիկների մասնակցությանը խաղերին, եթե նրանցից որևէ մեկը ցանկանա մասնակցել անհատական կարգով»
Չնայած ՄՕԿ-ի խիստ որոշմանը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Ժուկովը լավատեսորեն է տրմադրված, եւ կարծում է, որ խաղերի վերջին օրը որոշ մեղմացումներ կլինեն:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԺՈՒԿՈՎ


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ


«Որակազրկումը տարածվում է մինչեւ օլիմպիական խաղերի վերջին օրը: Ենթադրվում է, որ խաղերի վերջին օրը ռուս մարզիկները կկարողանան շքերթին մասնակցել Ռուսաստանի դրոշի ներքո»
Այժմ խոսքը մարզիկներինն է: Յուրաքանչյուրն անձամբ կորոշի` մեկնել Հարավային Կորեա, թե ոչ: Այս պահին բոյկոտել ցանկացողները, կարծես, ավելի շատ են: