Նոր գրքեր, հեքիաթի ժամ, համերգային ծրագիր. կանցկացվի «Newmag Summer FEST» ամառային գրքի հոբելյանական փառատոնը

June 12, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր գրքեր, հանդիպում՝ գրողների հետ, համերգային ծրագիր. Երևանի «Երազ» այգում հունիսի 17-ին կանցկացվի «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը։ Այն մեկնարկելու է 12։00-ին և տևելու է 10 ժամ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը նշեց, որ այս տարին հոբելյանական է՝ լրանում է «Newmag»-ի գործունեության 5-րդ տարին և անցկացվում է «Newmag»-ի գրքի 5-րդ փառատոնը։

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր գրքեր, հանդիպում՝ գրողների հետ, համերգային ծրագիր. Երևանի «Երազ» այգում հունիսի 17-ին կանցկացվի «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը։ Այն մեկնարկելու է 12։00-ին և տևելու է 10 ժամ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Newmag» հրատարակչության փոխտնօրեն Ավետիս Հարությունյանը նշեց, որ այս տարին հոբելյանական է՝ լրանում է «Newmag»-ի գործունեության 5-րդ տարին և անցկացվում է «Newmag»-ի գրքի 5-րդ փառատոնը։

«Այս տարի փառատոնը տարբերվելու է նախորդներից, այն լինելու է ավելի մասշտաբային ու բավական ընդգրկուն ծրագրով։ Ունենք շատ անակնկալներ մեր ընթերցասեր հասարակության համար։ Ներկայացնելու ենք 5 նոր գիրք»,-ասաց Ավետիս Հարությունյանը։

Ընթերցասերներին ներկայացվելու են Միհրան Գալստյանի, Նարե Գալստյանի «Լոսից եկող կա՞», Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը», Լարի Սենի «Տրամադրության վերելակը», Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն», Թիմոթի Սնայդերի  «Բռնապետության մասին» գրքերը։

Քանի որ տարին հոբելյանական է, հետևաբար այս անգամ բազմազան ծրագրով փառատոնին մասնակցող ընթերցասերները հնարավորություն կունենան գրքեր գնել մինչև 50 տոկոս զեղչով։

Փառատոնի ընթացքում տարածքում միաժամանակ մի քանի միջոցառումներ են անցկացվելու։ Առանձնացվել է սրահ, որտեղ լինելու է հեքիաթի ժամ։  Փոքրիկների համար հեքիաթ են կարդալու հայտնի աստղերն ու գրողները։ Կլինի մեկ այլ սրահ, որտեղ կանցկացվեն թրեյնինգներ արդի թեմաներով՝ ինչպե՞ս խուսափել հեռախոսի գաղտնալսումից, ինչպե՞ս դառնալ հեռուստաաստղ,  ինչպե՞ս գիրք գրել և այլն։

Գիրք գնելուց զատ այցելուներին սպասվում է համերգային ծրագիր։ Սկզբում ելույթ կունենա D'Litte-ը (Լիլիթ Օսիպյան), երեկոյան էլ հանդես կգան Երգի պետական թատրոնի երգիչները։ Համերգը նվիրված է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հիշատակին։

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով՝ փառատոնը ոչ միայն գիրք վաճառելու համար վայր է, այլև հարթակ է, որտեղ հավաքվում են ընթերցասերները, գրականագետները, հրատարակիչները, տպագրիչները, քննարկում են ժամանակակից միտումները, նոր կապեր են հաստատում։

«Փառատոնային ակտիվությունը մեզ համար շատ կարևոր է։ Ընթերցողը գալիս է ու հնարավորություն է ունենում հանդիպել հեղինակի հետ,  զրուցել, հարցեր տալ։ Մյուս կողմից, գալիս են հեղինակներ ու իրենց ստեղծագործություններն առաջարկում են հրատարակիչներին։ Այդ համատեքստում փառատոնը հրաշալի միջավայր է»,-ասաց Գնել Նալբանդյանը։

Խոսելով նախորդ փառատոնների արդյունքներից՝ մասնագետները նկատեցին, որ աստիճանաբար  նկատվում է գրքերի վաճառքի աճ։ Բոլոր փառատոններին էլ ընթերցասերները շատ գրքեր են գնում։ Ավետիս Հարությունյանն ընդգծեց, որ նույնիսկ մարդիկ ցուցակներով են այցելում, այսինքն՝ կոնկրետ գիտեն, թե ինչ են պատրաստվում գնել։