Մովսեսի պատվիրաններից ԵԱՀԿ սկզբունքներ. Միջազգային քաոսի շրջապտույտը

February 6, 2016

Անհայտ է, թե երբ միսը սկսեցին եփել, բայց դա շրջադարձ էր մարդկության համար: Եփած միս ուտելով սկսվեց ուղեղի զարգացումը: Մամոնտ որսացող նախնադարյան մարդիկ սկսեցին հասկանալ, որ միայնակ գործը գլուխ չեն բերի, հասկացան, որ ապրել պետք է միասին:

Բարբարոսությունից քաղաքակրթություն առաջին քայլը եղավ պայմանավորվելը:

Դու չես սպանում ինձ, ես` քեզ, որ միասին որսի գնանք: Դու չես գողանում իմ բաժին միսը, ես` քո, որ սոված չմնանք: Դու գործ չունես իմ կնոջ հետ, ես` քո...
Մարդկային համակեցության կարիքը մարդկանց բացատրելը միշտ էլ դժվար է եղել: Պետք էր դա սակրալիզացնել: Ու հայտնվեց Մովսեսը իր տասը պատվիրաններով` մի սպանիր, մի գողացիր, մի շնացիր և այլն: Պատվիրանները տասն էին:
Հազարամյակներ անց տասնյակ նոր տասը պայմանավորվածություններ եղան,  ծնվեցին ու մահացան:

1962 թվականի հոկտեմբերի 15-28-ը, ուղիղ 13 օր, աշխարհի կործանումը կախված էր «մազից»: Կարիբյան ճգնաժամի ընթացքում միջուկային պատերազմը կարող էր սկսվել ամեն վայրկյան: Ողջամտությունը հաղթեց, բայց բոլորը հասկացան, որ պետք են նոր պատվիրաններ:


Դավիթ Սարգսյանի սյունակում կարդացեք նաև՝



13 օր տևած սարսափից ուղիղ 13 տարի անց, 1975 թվականին ոչնչով չառանձնացող Ֆինլանդիայի մայրաքաղաքում ի հայտ եկան նոր 10 պատվիրաններ:
Տարածքային ամբողջականություն, Ազգերի ինքորոշում, ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, ու ևս յոթը: Մովսեսին փոխարիեց ԵԱՀԿ-ն:

Եվս 13 տարի անց եկավ 1988-ը: Հելսինկյան “պատվիրանները” սկսեցին հնանալ: Սոցիալիզմ ու կապիտալիզմ բաժանումը փլուզվեց, բայց պայմանավորվածությունները` ոչ:
Եվս 13 տարի անց` 2001-ն էր: Սեպտեմբերի 11-ը նույնպես ենթադրում էր նոր պատվիրաններ: Բայց ամեն ինչ մնաց նույնը, ու այդպես`առ այսօր:
2001-ից ևս 13 տարի անց, 2014-ին Ռուսաստանը «վերցնում է» Ղրիմը. գործող պատվիրանները այլևս չեն գործում, պետք են նորերը...
Բրիտանացի վերլուծաբան Ռոբերտ Կուպերը տարիներ առաջ ասել է. «Կա նոր աշխարհ, սակայն չկա նոր աշխարհակարգ, բայց չկա և նոր համաշխարհային անկարգություն»:
Համաշխարհային անկարգությունն արդեն կա: