[Արդեն դիտել ենք] Օսկարի ներկայացված Ջիմ Ջարմուշի «Պատերսոնը». Ինստագրամ էսթետիկայով գեղեցիկ դատարկություն

February 24, 2017

Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում ապրում է Պատերսոն անունով (կամ ազգանունով) ավտոբուսի վարորդը (վարորդական ազգանունով դերասան Ադամ Դռայվերը)։ Ապրում է ուտոպիստական, ներդաշնակ և չափավոր կյանքով՝ արևելյան գեղեցկուհի Լորայի հետ (Գոլշիֆտե Փարախանի)։ Ամեն օր վարորդ Պատերսոնը զարթնում է ժամը 6-ին, համբուրում է կիսամերկ կնոջը (կամ ընկերուհուն), նախաճաշում է և քայլում դեպի ավտոպարկ։ Վարում է 23-րդ համարի ավտոբուսը, ականջի ծայրով լսում ուղևորների զավեշտալի զրույցների հատվածները, իսկ ընդմիջումը կիսում է քաղաքի ամենապոետիկ վայրում՝ ջրվեժի դիմաց։ Սովորական, կենցաղային առօրյան առանձնանում է Պատերսոնի հոբբիով. նա պոետ է։ Անձնական բլոկնոտում, սովորական գրիչով (դիտավորյալ չի օգտվում սմարթֆոնից) գրի է առնում սիրո և լուցկիների մասին անհանգ բանաստեղծությունները, այնուհետև դրանք ընթերցում է Լորայի համար։

Ջիմ Ջարմուշն ամերիկյան փողոցների, սրճարանների, ամեն ինչի և միաժամանակ ոչ մի բանի մասին երկխոսությունների պոետն է: Հաճախ խոսում է ամենասովորական բաների մասին. սուրճ, ծխախոտ, այս անգամ Պատերսոնի համար ոգեշնչման աղբյուր հանդիսացող լուցկիներ և Լորայի թխած սև ու սպիտակ խմորեղեններ։ «Ողջ կմնան սիրահարներից» հետո ուրվագծվեց ուշ շրջանի Ջարմուշի ձեռագիրը. արևելք+արևմուտք, վառ ընդգծված գունավոր դեկորատիվ բաղադրիչ, իսկ պանդխտության հասնող ճամփորդությունն ու զբոսանքն ակնարկում է սեփական «ես»-ի որոնման մասին։
Պատերսոնի դեպքում կա անհասկանալի, իդեալական իրականություն. պոետ-վարորդի տան վանիլային քաղցր անտուրաժը, չափից դուրս փաղաքշական, անուշ և անհոգ զրույցները մուսա-կնոջ հետ նման են տեսիլքի, երազի, ցնորքի։ Պատերսոնի երեկոյան զբոսանքներն փնթնփթան անգլիական բուլդոգ Մարվինի հետ և դրան հետևող գարեջրի շուրջ մինիմալիստիկ զրույցները բարում իմաստուն ու փիլիսոփայական են, լիրիկ, կարծես, ոչ այս աշխարհից։
Իհարկե, Ջարմուշը ֆիլմի ամենասկզբում տալիս է երկվորյակների մասին ակնարկը (առավոտյան Լորան պատմում է իր երազը. իբր թե զույգի մոտ ծնվել են երկվորյակներ)։ Դրանից հետո փողոցում և ավտոբուսում Պատերսոնը հանդիպում է երկվորյակների՝ միադեմ, նույն սանրվածքով ու հագուստով։ Լորայի հետ դասական սարսափ ֆիլմ դիտելիս՝ պոետը տեսնում է աղջկա երկվորյակին՝ դիտման ֆիլմի գլխավոր հերոսուհուն։ Դե իսկ նրա երկվորյակը՝ անվանակից քաղաքն է, ֆլեգմատիկ իրականությունը, որտեղ ժամանակին ապրում և ստեղծագործում էին նրա սիրելի հանճարները. Ուիլյամ Կարլոս Ուիլյամսը, Ալան Գինզբերգը, r'n'b դուետ Սեմը և Դեյվը։
http://www.youtube.com/watch?v=ctr3KdC-BdA
«Պատերսոնի» ոգեշնչման համար Ջարմուշն օգտվել է ոչ միայն պոեզիայից և ուրբանիզմից, այլև իր ֆավորիտ-մշակույթներից մեկից այս անգամ՝ Յասուդզիրո Օդզուից: Ինչպես և ճապոնացի դասականի մոտ, այնպես էլ ամերիկացու ֆիլմում կարևոր տեղ է տված ժամանակին և դրա հոսքին։ Մեծ հաշվով, սա կրկնողության վրա միացրած վինիլային սկավառակ է, որից շնչում են փողոցային ռեպը, ռոմանտիկ սիմվոլիզմն ու մինիմալիստիկ վերլիբրը։ Խոսում է պարզ հաճույքների մասին, օրինակ՝ գարեջրի բաժակի, իսկ տանը, անկողնում, մուսա-Լորան կատվի պես, փաղաքշանքով գռմռում է հաճելի գարեջրային հոտի մասին։
Ջարմուշի տիեզերքն իր իրականություններով շատ հաճախ ուղիղ հակասական է մեր իրական աշխարհին. իհարկե, ռեալիստական պայմաններում ոչ մի կին առանձնապես հաճույք չի ստանա, երբ նրա ամուսինն ուշ վերադառնա բարից և բուրի գարեջրով։ Կինն էլ, իր հերթին, չի կարող լինել այսպիսին՝ չափից դուրս դրական, բարի, քնքուշ, անկախ։ Իսկ Պատերսոնը՞. նա մելանխոլիկ չէ, ոչ էլ բարդույթավորված։ Այնպիսի տպավորություն է, որ նա սպասում է ինչ-որ բանի՝ գալիք փոփոխությունների, բայց անձամբ ոչինչ չի ձեռնարկում, տրված է Լորային, բանաստեղծություններով բլոկնոտին և քաղաքին։

Նույն կերպ Ջարմուշը, Պատերսոնի միջոցով խոսում է արվեստի և խորհում կենցաղի գեղեցկության մասին, ուսումնասիրում ինքն իրեն քաղաքի և հերոսի հայելու միջով։ Բայց արտացոլանքն արհեստական է, էսթետիկ առումով փայլեցրսծ, բայց ասելիքի առումով խամրած. անհավատալի է կոկիկ սև ու սպիտակ ինտերիերը, որը ստեղծում է իր իդեալականությամբ նյարդայնացնող Լորան՝ իդեալական տեսք ունեցող, սակայն անհամ խմորեղենի հետ միասին։
Որոշները կանվանեն սա Ջարմուշի ամենագեղեցիկ ֆիլմերից մեկը, և, իհարկե, դրա հետ վիճելը բարդ է։ Սակայն, ինչպես և «Պատերսոնի» լպստած բեմադրական աշխատանքը, այդպես էլ Ջարմուշի հայելի-տեսարանը փայլում են չափից դուրս վառ. ձևաչափի պատճառով երկրորդ պլան մղված սյուժե-ուղերձ-բովանդակությունը տուժում է։ Պոետիկ, հանդարտ և բնականոն ռիթմը դառնում է ձանձրալի, որովհետև պարզ չէ, թե ո՞ւր է մեզ տանում վարորդը և արդյո՞ք նա չի մոլորվել։ Մնում է հուսալ, որ Ջարմուշն իր ինստագրամային ֆիլմով հատու′կ է նման կերպ վարվել։