«Սեր և պատերազմ». պոեզիա` վարակիչ սիրո և կյանքը շարունակելու մի նոր հնարավորության մասին (տեսանյութ)

October 6, 2022

Newmag-ը ներկայացրեց Շառլ Ազնավուրի պոեզիայի 2-րդ հատորը՝ «Սեր և պատերազմ»: Յուրաքաչյուր գործի հետ ընթերցողը կհամոզվի` Ազնավուրն ինչ փխրուն սիրտ ունի: Ազնավուրյան մեղեդիները միշտ հուզել են, հետաքրքրել ու զարմացրել` կառուցվածքով, մտքով ու հույզերով: Գործերից շատերը հայտնի են, բայց մեծ մասին Ազնավուրի հայ երկրպագուները կծանոթանա առաջին անգամ: Պոեզիայի 4 ժողովածուն ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սամվել Գասպարյանը, խմբագրել՝ Հասմիկ Առաքելյանը: Հայ գրականագետներն ազնավուրյան պոեզիայի հայերեն թարգմանությունը համարում են մեծ ձեռքբերում:

Երբ հրապուրվում ես Ազնավուրի երգերով, հրապուրվում ես նրա զգայունությամբ ու կյանքի հանդեպ ունեցած վարակիչ սիրով։ Բառերի հետ նրա աշխատանքը գրականագետ Անի Ջանիկյանը համեմատում է ճշգրիտ գիտության հետ, որտեղ ամեն ինչ հստակ է, դիպուկ ու տեղին. «Աշխարհը լսում է Ազնավուր, ֆրանկոֆոնները ընթերցում են Ազնավուր, բայց հիմա բացառիկ հնարավորություն է նաև ընկալել, հասկանալ, թե ինչ է թաքնված այդ գեղեցիկ, երգեցիկ լեզվի իմաստի տակ»:

Ազնավուրն իր ամեն երգի համար ընտրում էր բանալի բառեր, որոնցով ուկնդրին թույլ է տալիս գնալ ճամփորդության սեփական հույզերի հետ։ Հենց այդպիսի ճամփորդության կգնա հայ ընթերցողը նրա պոեզիայի երկրորդ հատորը ձեռքն առնելիս «Սեր և պատերազմ». «Ես շատ ուրախ եմ, որ Newmag-ը հետևում է ժամանակագրական զարգացմանը, որովհետև ազնավուրյան խրոնոլոգիան ակնհայտ է, զարգացումով հասկանում ենք, որ պոետը հասունանում, պոետը դառնում է առավել փիլիսոփա։ Չի կարելի ասել Ազնավուրի 40-ականների պոեզիան պակաս փիլիսոփայական է, քան ասենք՝ 60-ականների, 70-ականներինը, Շառլն ամեն տարիքի իր փիլիսոփայությունն ունի և դա խորքային է,  դա չի վերագրված որևէ տարիքային սահմանափակման, համամարդկային է Շառլի պոեզիան»:

Ազնավուրի պոեզիան ոչ թե բառերն են, այլ այդ բառերն իրական կյանքի հետ ճիշտ խոնարհելը։ Ֆրանսերեն գրականության մասնագետ Անի Ջանիկյանի կարծիքով, Շառլ Ազնավուրը մարդուն տալիս է ապրելու հնարավորություն. «Շառլը փիլիսոփա է, նա մտնում է անձի, հոգու մեջ, էքզիստենցիալ հարցեր է քննարկում, որը չունի ժամանակաշրջան, սա բոլոր ժամանակների համար է․ պարզ մարդկային, հասարակ բառերի միջոցով տալիս է վաղնջական ժամանակներից մարդկանց հուզող հարցերի պատասխաններ, կյանքը թեթևացնելու, կյանքը շարունակելու հնարավորություն»:

                                                   

Սեր և պատերազմ» գրքում 118 երգ-բանաստեղծություն է՝ «Լա Բոհեմից» մինչև «Պիտի կարենալ», «Երկու կիթառից» մինչև «Ինչ տխուր է Վենետիկը», «Ինձ տեսնում էի արդեն» ու «Դեռ երեկ» համաշխարհային ճանաչում ունեցող  տասնյակ ստեղծագործություններ: Անի Ջանիկյանն առաձնացնում է «Խոսք աղջկաս» երգը, որտեղ շանսոնյեն խոսել է բոլոր հայրերի անունից՝ նրանց թուլության մասին, որոնք մի օր ուզած, թե չուզած, ստիպված են լինում բաժանվել իրենց պաշտելի դուստրերից. «Շատ հուզիչ է այս բանաստեղծությունը, Սամվել Գասարյանը, ինչ խոսք, փայլուն է թարգմանել»:

Անի Ջանիկյանն ընթերցել է ամբողջ գիրքը, համեմատել, լսարանում իր ուսանողների հետ թարգմանել դրանք, վերլուծել, ու իր մտապատկերում անցել են ազնավուրյան բոլոր երանգները. «Սկզբում Շառլը հախուռն, բուռն, ավելի թեթև բառերի միջոցով, հետո այդ բառերը ոչ թե դառնում են ծանրակշիռ, բառը նույնն է Շառլի մոտ, հարցադրումներն են այլ»:

Ֆրանսերեն գրականության դասախոսը Շառլ Ազնավուրի պոեզիայի գրքի հայերեն թարգմանությունը ձեռքբերում է համարում, քանի որ այնտեղ կա նաև ֆրասներեն բնագիրը, կարծում է, որ այս գիրքը ֆրանկոֆոն ուսանողների համար լսարանային աշխատանքի հաճելի, բայց միևնույն ժամանակ ուսուցողական նյութ կդառնա։

Կարդացեք նաև