Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի 12-րդ «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին

July 1, 2015

Ռոբեր Գեդիգյանը կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:
Գեդիգյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը պատկանում են ամենատարբեր ժանրերի՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Անկախ ժանրից՝ բոլոր այս ֆիլմերում վառ փայլում է ռեժիսորի խորը հոգևոր աշխարհընկալումը և մարդասիրական վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ: Ֆրանսիացի կինոգետները Գեդիգյանին կոչել են «Մարսելի աշխատավոր դասի երգիչ»:
Ռոբեր Գեդիգյանը ծնվել է 1953 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ հայ հոր և գերմանուհի մոր ընտանիքում: Մինչ օրս ապրում է Մարսելում, որը նրա ֆիլմերի մշտական միջավայրն է: Ուսանել է Փարիզի համալսարանի սոցիալական գիտությունների բաժնում:
1980-ից կինոյի ասպարեզում է: Հիմնականում հայտնի էր իր սոցիալական ֆիլմերով, սակայն համաշխարհային ճանաչում ստացավ 1996 թվականին «Մարիուսն ու Ժանեթը» կատակերգության հաջողությունից հետո: Ֆիլմն արժանացել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի մրցանակին, «Դելյուկ», «Լյումիեր» մրցանակներին, ինչպես նաև Ժնևի, Ֆիգեյրա դա Ֆոսի (Պորտուգալիա), Հայֆայի (Իսրայել) միջազգային փառատոների Մեծ մրցանակին:
Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում:
2001 թվականին Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ Գեդիգյանն արժանացավ Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի (ՖԻՊՐԵՍՍԻ) մրցանակին «Քաղաքը հանգիստ է» կինոնկարի համար:
Մրցանակների է արժանացել ոչ միայն ռեժիսորը, այլև նրա դերասանական կազմը: «Մարիուսն ու Ժուլյետը» ֆիլմի դերասանուհի Արիան Ասկարիդը, ով նաև Գեդիգյանի կինն է, իր աշխատանքի համար պարգևատրվել է Ֆրանսիայում կինոոլորտի ամենապատվավոր՝ «Սեզար» մրցանակով: Նույն պարգևին է արժանացել Գեդիգյանի «Մարսյան դաշտի անցորդը» (2005) կինոնկարի գլխավոր դերակատար Միշել Բուքեն:
Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթության պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում:
2006 թվականին Գեդիգյանն իր «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:
Կինոփառատոնի մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ Գեդիգյանի «Խենթ պատմություն»-ը «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմն է: