ՉԵՄՊԻՈՆ. «Բարսելոնայի» ժպտացող Կախարդը` Ռոնալդինիո

October 16, 2015

Փողոցն այն տեղն է, որտեղ լեգենդներ են մեծանում: Ռոնալդո դե Ասիս Մորեյրան ծնվել ու մեծացել է բրազիլական Պորտու Ալեգրիում, վազվզել ավազների մեջ ու ֆուտբոլային հնարքներ սովորել փողոցներում: Մորեյրա ընտանիքը ֆուտբոլային էր: Ռոնալդինիոյի հայրը և ավագ եղբայրը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ էին:

Եթե ես ֆուտբոլիստ չդառնայի, հաստատ երգիչ էի լինելու:

Մեկ տարի էր, ինչ Ռոնալդինիոն հաճախում էր պրոֆեսիոնալ մանկապատանեկան ֆուտբոլի դպրոց, երբ հայրը հեռացավ կյանքից: Խուան Մորեյրան սրտի կաթվածից հանկարծամահ եղավ լողավազանում. «7 տարեկան էի. հայրս կանչեց մոտը, նստեցրեց ծնկին ու ասաց` տղա՛ս, ազնի՛վ եղիր կյանքում, ուղղամիտ ու ճշտախո՛ս եղիր, քո ֆուտբոլը պետք է տարբերվի մյուսների խաղից, քո խաղացած ֆուտբոլի կատարելությունը պետք է պարզության մեջ լինի»: