Ռուս-ամերիկյան դիվանագիտակռիվը ազդում է հասարակ քաղաքացիների վրա. վիզա ստանալը դարձել է մղձավանջ

September 1, 2017

 ԱՄՆ-ը պահանջել է փակել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Սան Ֆրանցիսկոյում և առևտրային ներկայացուցչությունները Նյու Յորքում ու Վաշինգտոնում: Սա գնահատվել է որպես Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների 755 աշխատակից արտաքսելու Մոսկվայի քայլի պատասխան: Բայց ռուսները, իրենց հերթին, այդ որոշումը կայացնելով ամերիկյան նոր, խիստ պատժամիջոցների հաջորդ օրը, հայտարարել են, որ կրճատումների պատճառը եղել է դեռ Օբամայի վարչակազմի կողմից ռուս դիվանագետներին արտաքսելու և դիվանագիտական գույքը առգրավելու պատասխանը: Իսկ թե ինչու էր Բարաք Օբաման նոր տարվա նախաշեմին վտարում ռուս դիվանագետներին, արդեն հիշելը դժվար է:
Այն ժամանակ ամեն ինչ սկսվել էր Ռուսաստանի դեսպանության շուրջ առաջացած սկանդալից, երբ դեսպան Սերգեյ Կիսլյակին ԱՄՆ-ում մեղադրում էին լրտեսությամբ զբաղվելու մեջ, ինչն էլ իր հերթին ամերիկյան նախագահական ընտրությանը միջամտելու մեղադրանքների շարքից էր:
Այսպես կարելի է հասնել Ուկրաինային, Սիրիային, Վրաստանին ու բազմաթիվ այլ խնդիրներին, որոնք ռուս-ամերիկյան հարաբերությունները ի վերջո հասցրին փոխադարձ թիրախավորման այս փուլին:
Դիվանագիտական ծառայողների կրճատումներն ամենաշատը վնասել են Ռուսաստանում և ԱՄՆ-ում հյուպատոսական ծառայությունների կարիք ունեցող քաղաքացիներին: Ստեղծվել է իրավիճակ, երբ անձնագրային, քաղաքացիության, հյուպատոսական բնույթի ցանկացած այլ տիպի հարցերը մնում են օդում: Ռուսաստանում Ամերիկյան վիզաների խնդիրը վերածվում է մղձավանջի, մարդիկ կարող է ամիսներ շարունակ սպասեն հարցարզույցի իրենց հերթին:
Լարվածությունը շարունակում է աճել, հարաբերությունների կարգավորում չի նկատվում: Անհայտ է, թե ռուսների պատասխան քայլին պատասխանած ամերիկյան կողմին այս անգամ ինչպես կպատասխանի Ռուսաստանը: