Շատ կարեւոր է, որ արցախցի հեղինակները շարունակեն ստեղծագործել ու չկորցնեն կապն իրենց արմատների հետ. Գնել Նալբանդյան

February 5, 2024

«Փետրվարի 10-ին ժամը 12-ից մինչեւ երեկոյան 9-ը «Դվին» մյուզիք հոլում կկայանա գրական շատ մեծ եւ աննախադեպ իրադարձություն: Newmag-ը Թովմասյան հիմնադրամի հետ նախաձեռնել է Ձմեռային գրքի փառատոն: Սա հրատարակչության երրորդ փառատոնն է, որն այս տարի դուրս է եկել միայն գրականության ոլորտից եւ ընդգրկում է նաեւ արվեստի այլ ճյուղեր եւս»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Newmag-ի փառատոնային ծրագրի ղեկավար Անի Հակոբյանը:

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով. «Փառատոնը կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը, սա կարեւոր հանգամանք է մեզ համար, մենք աջակցում ենք Արցախի մեր հայրենակիցներին: Բեմում կլինի նաեւ Տավուշի թեմի երգչախումբը, որի կատարումները շատ են սիրում Հայաստանում: Կներկայացվի 4 գիրք, կցուցադրվեն նկարիչ Տիգրան Ձիթողցյանի եւ դիզայներ, ոսկերիչ, քանդակագործ Նուռի կտավները, Իլյա Վարդանյանը կներկայացնի իր «Թվային երազները», Ներես Ավետիսյանը հանդես կգա իր հայտնի՝ թատերական միջազգային մրցանակների արժանացած «Ցուրտ օր դժոխքում» մոնոդրամայով»:

Գնել Նալբանդյանն ասաց նաեւ, որ նախատեսված է պանելային քննարկում՝ «Արհեստական բանականությունն ընդդեմ ստեղծագործողների» թեմայով, որը նվիրված է լինելու առավելապես հեղինակային իրավունքների խնդիրներին: Ամենավերջում կկայանա մեծ համերգ, Ավետ Բարսեղյանի երգերը կկատարեն Արամ MP3-ին, Գոռ Սուջյանը, Սոնա Ռուբենյանը, Մովսես Մովսիսյանը։ Ի դեպ, համերգն ունկնդրելու համար նախնական ամրագրումներ անել կամ վճարել պետք չէ, մուտքն ազատ է փառատոնին, քանի որ, ըստ կազմակերպիչների, սա կոմերցիոն նախագիծ չէ։

Անի Հակոբյանը նշեց, որ ներկայացվելու են Անի Քոչարի «Կյանքը երկրորդ փորձից», Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում», Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդը» եւ Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ» գրքերը: