Շուշի - 25. Կախարդական աշխարհի բերդաքաղաքն ու նրա բնակիչները

May 8, 2017

Միշտ ցիլինդրով, կոստյումով, չնայած տարիքին` անընդհատ վազքի մեջ: 80-ամյա Ալբերտ Խաչատրյանն է` տիպիկ շուշեցու կերպար: Բերդաքաղաքի մասին ամենատեղեկացված մարդը մի պահ ընդհատեց գործը` հայտնի շուշեցիների մասին գիրք է գրում` ծննդավայրի ազատագրման 25-ամյակին նվեր, և` առաջ:
Պտույտ բերդաքաղաքով` Շուշիի պատվավոր քաղաքացու ուղեկցությամբ: Հիմա ձեզ մի քանի վայրկյանում 19-րդ դար կտեղափոխեմ` խոստացավ Ալբերտ Խաչատրյանն ու նույն պահին էլ ասաց` իջեք: Կախարդական աշխարհում եք
80 տարի է` աչքերը հենց բացում է` դիմացը Ռեալական վարժարանն է` Շուշիի ամենախոշոր կառույցը: Եղբորից առաջ ընկավ Միքայել Խաչատրյանը: Իրար հերթ չտալով պատմում են, որ իրենց հայրն է 54 տարի ղեկավարել հաստատությունը, ու հենց նա էլ դարձավ առաջին բնակիչը, որ հենց ազատագրման օրը` մայիսի 9-ին եկավ Շուշի, և ուղիղ` այստեղ: Տեսավ, թե չէ` ինչի է վերածվել կառույցը ռմբակոծությունից հետո, սրտի կաթված ստացավ
Հիմա էլ նշանավոր մանկավարժի  նշանավոր որդիներն են շենքին ողջույն ասում` ինչպես վաղեմի բարեկամի: Խաչատրյան եղբայրներն այստեղ են շունչ քաշում, նեղսրտած պահերին այս պատերի մոտ են գալիս, դարդ ու ցավը պատմում, հիշում գլխավոր դասը` տնկին քերծելու համար. «Մի նենց ապտակ տվեց»:
Ռմբակոծությունների տակ, ապաստարանում ստեղծված Վարանդան երգում էր թեժ մարտերում, խլացնում էր կրակոցների ձայնը, երգում էր վիրավորների համար, զինվորներին էր ոգևորում: Նույն ոգով` մինչև հիմա: Զաքար Քեշիշյանը ռմբակոծության ժամանակ թաքնվեց, երեխաները ծիծաղեցին վրան` «պարոն Զաքարը վախենում է»:25 տարի անց հիմնադիր- խմբավարը ռեպերտուարում նոր երգ ավելացրեց` ապրիլյան պատերազմի օրերին է գրել: Ապրի’ր կրկին
Շուշիի պատմության թանգարան.  «Հարսանիք լեռներում» օպերացիայի մանրամասները լսող տուրիստների աչքերը կլորացան, Շուշիի պատմության թանգարանի մյուս սրահներում էլ գլուխներն էին զարմացած տարուբերում: Ուշ բրոնզե դարի Շուշին տեսան, 19-րդ դարի մեծահարուստների տանն էլ հայտնվեցին: Շուշի ջրագիծը 100 հազար ռուբլով անցակացրած դպրոցների հովանավոր Թադեոս Թամիրյանցի օրինակով: Այնքան ճոխ են ապրել, որ պատկերացնել անգամ չենք կարող:
«Եկ մի, տնաշեն, ցուց տյուե», - ու Շուշիի գորգերի թանգրանաի էքսկուրսավար Թամարը ցուցափայտը վերցրեց, սկսեց. սրանք պարզապես գորգեր չեն` գորգագործության կենտրոն Շուշիի կենցաղն է այստեղ, ավանդույթները` հավերժության խորհրդանիշներով, հարսանեկան գորգով: Գորգերն այնքան ասելիք ունեն, որ պատմությունների արանքում պետք է շունչ քաշել: 110 տարվա բազմոցի վրա, դրանից ավելի մեծ գորգի ֆոնին Շուշիի պատվավոր քաղաքացին այս միջավայրում հիշեց` ինչպես էին 70-ականներին ադրբեջանցիները հայերին խնդրում իրե'նց վաճառել գորգերը` կլորիկ գումարով: Հենց այդպես դրանք դուրս բերվեցին Արցախից, ու հենց դրանք են ադրբեջանցիները ներկայացնում` իբրև իրենց մշակութային արժեք
Այս գորգերի վրա էլ դարեր անց  կկարդան` Շուշի, 21-րդ դար: