Ի՞նչ անել, երբ շեֆից խելացի եք

March 9, 2017

Շատերն են ցանկանում աշխատել մեկի ենթակայության տակ, ում կհարգեն և կսովորեն նրանից: Բայց ի՞նչ անել, երբ շեֆն այնքան էլ խելացի չէ: Ի՞նչ անել, երբ Դուք ավելի շատ եք հասկանում  գործից ու հմտություններով գերազանցում եք նրան: Պե՞տք է գլուխ բարձրացնել, թե՞ շարունակել գլուխը կախ աշխատել: Բացի այդ, ինչպե՞ս ստանալ Ձեր ուզածը՝ միևնույն ժամանակ հիմար դրության մեջ չդնելով շեֆին:

Ի՞նչ են ասում փորձագետները


«Թելեոս լիդերության ինստիտուտի» հիմնադիր և լիդերության մասին աշխատության համահեղինակ Էննի ՄըքՔին ասում է, որ վատ մենեջերները շատ են: Անսովոր ոչինչ չկա, երբ Ձեր շեֆից ավելի խելացի եք ու ավելի բարձր որակավորում ունեք: Այդուհանդերձ, աշխատել մեկի ենթակայության տակ, որը քեզնից լավ չգիտի գործը, հուսահատեցնող է: Բայց մի շտապեք, ամեն ինչ կորած չէ: Նույնիսկ ոչ հզոր շեֆերից սովորելու բան կա, ասում է Հարվարդի Բիզնես դպրոցի պորֆեսոր Լինդա Հիլը:
«Շատ քիչ մարդ կա, ումից, մտածում եմ, որ սովորելու բան չունեմ», - ասում է Լինդան: Այնպես որ, մի՛ թերագնահատեք ղեկավարին:

Անկեղծ եղեք ինքներդ Ձեզ հետ


Մինչև կհայտարարեք, որ Ձեր շեֆը հիմարի մեկն է, մի լավ ուսումնասիրեք, թե ինչ է իրականում կատարվում: «Որոշ մարդիկ հավատում են, որ ավելի լավն են՝ ինքնագնահատականը բարձր պահելու համար, կամ պարզապես կարող են բարձր որակավորում ունենալ միայն մեկ բնագավառում»,- ասում է ՄըքՔին: Հարց տվեք Ձեզ՝ արդյոք ամեն ինչո՞ւմ եք գերեզանցում Ձեր տնօրենին, թե պարզապես մեկ-երկու բնագավառում Ձեր հմտություններն ավելին են:
«Երբ մարդն առաջ է գնում իր գործում, բնական է, որ նրա մոտ զարգանում են առաջնորդի և կառավարչի որակները՝ երկրորդ պլանում թողնելով տեխնիական հմտությունները»,- ասում է ՄըքՔին:
Անկեղծ եղեք Ձեզ հետ, թե ինչ որակներ ունեք Դուք, և որտեղ է կաղում Ձեր շեֆը: «Եթե Դուք ավելի խելացի եք, դեռ չի նշանակում, որ ավելի արդյունավետ եք աշխատելու»,- ասում է Հիլը:
Ի վերջո, գործի գիտակ լինելու համար միայն խելքը բավարար չէ: «Շատ կարևոր են նաև փորձը, կապերը, սոցիալական կապիտալն ու էմոցիոնալ ինտելեկտը»,- ասում է Լինդա Հիլը:

Հանգիստ Ձեր գործն արեք


Եթե ամեն ինչ ծանրութեթև անելուց հետո, այնուամենայնիվ, եզրակացնում եք, որ շեֆից խելացի եք կամ ավելի բարձր որակներ ունեք, մինչև այդ մասին որևէ մեկի հետ խոսելը մեկ անգամ էլ մտածեք: Ըստ ՄըքՔիի՝ սա նշանակում է, որ Դուք կամ ավելի բարձր պաշտոնի եք ձգտում, կամ էլ աչք ունեք տնօրենի աթոռին:
«Այդպես Դուք ռիսկի եք դիմում, երբ ուղիղ կոնֆլիկտի մեջ եք մտնում շեֆի հետ, որովհետև սովորաբար նրանք են հաղթում»,- ասում է Էննի ՄըքՔին:Գուցե Դուք պարզապես ցանկանում եք կիսվել գործընկերների հետ, որոնց վստահում եք, բայց զգույշ եղեք:
«Եթե շեֆը կասկածի, որ Դուք վատ եք տրամադրված իր հանդեպ ու քննադատաբար, սա կարող է լինել ձեր հարաբերությունների վերջը»,- զգուշացնում է ՄըքՔին:
Շատ մարդիկ այս դեպքում նույն սխալն են անում՝ մյուսներին պատմելով, թե որքան անտեղյակ է իրենց շեֆն ու ինչպես է զիջում իր որակներով:
«Պետք է հարգալից լինել: Եթե պատրաստվում եք վատաբանել ղեկավարին, դա Ձեր վրա է վատ անդրադառնալու: Մարդիկ սկսում են անհանգստանալ, որ գուցե իրենց մասին էլ նույնն ասեք: Իրականում ոչ թե շեֆի վրա պետք է կատաղել, այլ մարդկանց, որոնք նրան նշանակել են այդ պաշտոնում»,- ասում է Լինդա Հիլը:

Գործը լավ անելու վրա կենտրոնացեք


Մի տարվեք մտքերով, թե ով ինչ պետք է անի: Ավելի լավ է՝ Ձեր գործի վրա կենտրոնացեք: Միայն այդպես ցույց կտաք, թե ինչի եք ընդունակ: Փորձագետներն առաջարկում են ավելի մեծ նպատակներ դնել Ձեր առջև: Վեր եղեք ներանձնային կոնֆլիկտներից: Այդպես ավելի օգտակար կլինեք ընկերությանը, որտեղ աշխատում եք:

Օգնեք շեֆին՝ ավելի լավը լինել


Մեծահոգի չլինելու ոչ մի պատճառ չկա: Եթե Ձեր ղեկավարը հաջողել է, Դուք էլ մի օր կհաջողեք: Լրացրեք նրա բացերը: Եթե նա չի կարողանում տեսնել ամբողջական պատկերը, օգնեք նրան, այնպիսի հարցեր տվեք, որոնք կօգնեն նրան կենտրոնանալ կարևոր դետալների վրա: Եթե տեխնիական ինչ-ինչ հարցեր չգիտի, և այդ մասին պետք է քննարկում լինի, առաջարկեք նրա փոխարեն ներկայացնել տվյալ հատվածը: Առաջարկեք նրան՝ ավելի լավ օգտագործել Ձեր պոտենցիալը:

Մի՛ թաքցրեք


«Տարբերությունը մեծ է, թե ինչ պետք է անեք իրականում և ինչպես եք թաքցնում ղեկավարի սխալները», - ասում է ՄըքՔին: Եթե Ձեր ղեկավարն անընդհատ բացթողումներ ունի, դրանք վերացնելը ոչ Ձեր, ոչ էլ ընկերության գործն է:  Էննի Մքքին պնդում է, որ Դուք պետք է Ձեր գործը լավ անեք և այն, ինչ ղեկավարն է ասում: Բայց եթե Ձեր աշխատանքն օգտագործում են լուրջ թերություններ ծածկելու համար, այդ մասին պետք է խոսել Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում:  

Հարգանքի արժանի գիծ գտեք


Հեշտ է վատի վրա կենտրոնանալ, բայց նույնիսկ վատագույն ղեկավարները լավ որակներ են ունենում:  Ինչպե՞ս գտնել, թե որն է հարգանքի արժանի այդ որակը: ՄըքՔին խորհուրդ է տալիս, եթե կարիք կա, նույնիսկ գործից դուրս դա փնտրել: Գուցե Ձեր տնօրենը լավ մա՞յր է կամ բարի ամուսի՞ն: Եթե հիացմունքի արժանի ոչինչ չեք գտնում, գուցե ա՞յլ աշխատանք գտնեք: «Եթե ոչ հիմա, շուտով,- ասում է ՄըքՔին,- Հոգեպես կործանարար է աշխատել մեկի համար, ում չես հարգում»: Պրոֆեսոր Հիլն էլ նույն կարծիքին է. «Եթե կարծում եք, որ չեք կարող համագործակցել այդ մարդու հետ, ուրեմն՝ պետք է մտածեք, արդյոք պե՞տք է, շարունակեք աշխատել այդ ընկերությունում»: Ի վերջո, եթե Ձեր ղեկավարից սովորելու ոչինչ չունեք, շուրջը նայեք: Ինքներդ որոշեք, թե ով է Ձեզ համար առավել ընդունելի ու օրինակելի:

Աղբյուրը