11 հետաքրքիր փաստ աշխարհի «ամենադրամարկղային» ռեժիսորի մասին

December 18, 2015

«Ամիսը մեկ անգամ իմ գլխավերևում բացվում է երկինքը, և երբ ուշքի եմ գալիս, հստակ տեսնում եմ, թե ինչպիսին է լինելու իմ հաջորդ ֆիլմը»։
Եռակի օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը ոչ միայն հաջողակ կոմերցիոն կինոռեժիսոր է, այլ նաև կինոպաշտ սինեֆիլ, որն ապրում է իր ֆանտաստիկ աշխարհում։ Նա ունի բազում անհասկանալի տարօրինակություններ, ինչպես բոլոր հանճարները. օրինակ` Սփիլբերգը այլմոլորակայինների նկատմամբ էթիկ վերաբերմունքի ամերիկյան հասարակության պատվավոր անդամ է: Նա այսօր տոնում է իր 69-րդ տարեդարձը։
1. Փոքրիկ Սթիվենը դեռ դպրոցում ընկղմված էր կինոյի աշխարհում, որի շնորհիվ փախչում էր իրական խնդիրներից։ «Ես շատ նիհար էի և ոչ պոպուլյար, տարօրինակ, թուլակազմ և պզուկոտ տղա։ Ես երբեք ինձ հարմարավետ չէի զգում, որովհետև մեծամասնությանը չէի պատկանում»-պատմում է ռեժիսորը։
2. Իր առաջին ֆիլմը՝ 8-միլիմետրանոց ժապավենով «Վերջին փոխհրաձգություն» վեսթերնը, նա նկարահանել է ընդամենը 12 տարեկանում։
3. Դեռահաս Սփիլբերգը կանաչապատում էր հողատարածքներ և այդ աշխատանքի գումարով նկարահանում իր ֆիլմերը։ Նրա քույրերը հավատում էին եղբոր տաղանդին և նկարահանվում էին սկսնակ ռեժիսորի աշխատանքներում, «կինոդիտումների» ժամանակ էլ ադիբուդի էին վաճառում ։
4. Իր ուժերին վստահ, սակայն դեռևս գործազուրկ Սփիլբերգը վերցնում էր հոր աշխատանքային քեյսը, հագնում էր կոստյում և գնում էր «Յունիվերսալ» ստուդիա՝ իբրև աշխատող։ «Քեյսում ոչինչ չկար, բացի մեկ-երկու բուտերբրոդից և շոկոլադից։ Եվ այդպես, ես ամբողջ ամառվա ընթացքում, կոստյումը հագիս, շրջում էի ռեժիսորների, սցենարիստների, մոնտաժողների և հնչյունային օպերատորների մեջ»։
5. Արդեն 70-ականներին, ռեժիսորական հաջողություններից հետո, նա բաժանվեց իր առաջին կնոջից, որն անընդհատ բողոքում էր իր հանդեպ ուշադրության պակասից։ Սփիլբերգը մի անգամ իր ընկերոջն ասել է, որ այդ ժամանակ նա ցանկություն ուներ պատասխանել, որ «քնում է» միայն իր ֆիլմերի հետ։
6. Սփիլբերգն ունի Ասպեգերի սինդրոմ։ Այդ հիվանդությունով տառապողները ունեն շատ նեղ, սահմանափակ և կարծրատիպային զբաղմունքներ։ Սփիլբերգի դեպքում՝ կինեմատոգրաֆը։
7. Բլոքբասթերների տիրակալը իրականում ունի ֆոբիաներ, որոնցից մեկը (շնաձկների հանդեպ վախը) տեղ է գտել կուլտային «Ծնոտներ» սարսափ-ֆիլմում։ Նա նաև խուսափում է ցանկացած տեսակի ջրային տարաներից, վերելակներից և, ուշադրություն` «ոտքերի» վրա կանգնած կահույքից։ «Ինձ թվում է, որ այն հենց հիմա կսկսի սենյակով մեկ քայլել»- մի առիթով խոստովանել է ֆոբիառատ կինեմատոգրաֆիստը։ Նա նաև վախենում է լոսանջելեսյան երկրաշարժերից և աշխատավայրի մոտակայքում պահում է հզոր մոտոցիկլետ։
8. Սփիլբերգը շատ տարօրինակ պատճառներով է բաժանվել իր սիրելի կանանցից։ Դերասանուհի Վալերի Բերտինելիի հետ վիճել է, երբ խոհարարական հմտություններին տիրապետող իտալուհին ցանկացել է ուտեստի մեջ սխտոր ավելացնել։
9. Սփիլբերգը կինո նկարահանելուց շատ պաշտում է կինոյի պատմությունը։ Նրա տանը պահպանված են «Կասաբլանկայի» և «Քաղաքացի Քեյնի» սցենարները: Ֆեդերիկո Ֆելինիին ուղղած նամակը վերջինն էր, որը ստացավ մեծ իտալացին։ Սփիլբերգի Պացիդիկ Փելիսեյդսում գտնվող առանձնատունը ժամանակին պատկանում էր կինոաստղեր Քերի Գրանտին, Դուգլաս Ֆերյբենքսին և հայտնի պրոդյուսեր Դեվիդ Օ. Սելզնիքին։
10. Սփիլբերգը երբեք չի եղել սկանդալի կիզակետում, հանրությանը հայտնի չեն նրա ալկոհոլային և թմրանյութային արկածները, որոնք, հավանաբար, առհասարակ գոյություն չունեն։ Նա քիչ է հայհոյում և առավելագույնը կարող է բղավել «առնետներ»` վատ մարդկանց հասցեին: Նա սա անում է առանձնահատուկ հաճույքով։
11. Բացի կինոաշխարհին տված նոր հնարքներից, Սփիլբերգը նաև հայտնի Medal of Honor համակարգչային խաղը ստեղծողն է։