Հայոց ցեղասպանության մասին պատմող ոչ պաշտոնական նամականիշները

November 20, 2014

Երբևէ մտածե՞լ եք փոստային նիշի, այսինքն` նամականիշի յուրահատկության մասին: Ահա այս` փոքրիկ, բայց նվիրական թղթի կտորի համար շատ-շատ ֆիլատելիստներ շատ ու շատ բաների են պատրաստ: Իսկ ընդհանրապես մյուսների համար նամականիշն ընդամենը պետական փոստային վճարման միջոց է, որի վրա անպայման նշվում է գինը և նամականիշը թողարկող պետության անվանումը: Նամականիշը ոչ միայն ֆինանսական, այլև գեղարվեստական արժեք ունի: Այն ստեղծում են նկարիչները, հետո այն հաստատում է հատուկ հանձնաժողովն ու ուղարկում տպագրության: Ֆիլատելիստների միջազգային միության կանոններով նամականիշը պետք է ունենա տպագրման որոշակի քանակ: Թեև նամականիշը կարող է տպագրվել, կարող է այդպես էլ չշրջանառվել: Պատճառները տարբեր են: Օրինակ` տպագրման ընթացքում թույլ տրված որևէ սխալը կարող է վճռորոշ լինել կամ էլ քաղաքականությունը կարող է խոչընդոտել, օրինակ` Վարդերի հեղափոխությունից առաջ Վրաստանում տպագրվել էր Շևարդնաձեի պատկերով նամականիշ, որն այդպես էլ վաճառքի չհանվեց: Ֆիլատելիստների համար այդպիսի սխալները թանկ են և նույնիսկ ցանկալի: Բայց, քանի որ ծրարի վրա փակցվելու իրավունք դրանք չեն ստացել, նամականիշ չեն կարող համարվել: