Արդեն 15 տարի. երգիչ Սուրեն Զուրաբյանի կյանքի հետաքրքիր մանրամասները

August 5, 2018

«Ձայն չունի...»: Ինչքա՜ն եմ լսել այս արտահայտությունը նախՙ իմ, այնուհետեւ` Սուրենի մասին... Իսկ Չմշկյանն ասում էր (նախՙ իմ, ապաՙ Սուրենի մասին). «Կտեսնեք, որ լա՛վ էլ ունի...»: Եվ ես շարունակել եմ առանց կոտրվելու, անվերապահորեն վստահելով իմ աննման ուսուցչուհուՙ Մարիամ Չմշկյանի խոսքին, հաստատել նրա խոսքի ճշմարտացիությունը ե՛ւ իմ, ե՛ւ Սուրենի օրինակով:
1986 թվականն էր, նոր էր ճամփա ընկել իմ կազմակերպած «Նարեկ» արական երգչախումբը, երբ խմբի տղաներից մեկն ինձ ներկայացրեց իր դասընկերոջըՙ այն ժամանակ դեռեւս Բժշկական համալսարանի ուսանող Սուրեն Զուրաբյանին, որը ներկա գտնվելով իմ մենահամերգինՙ «ոգեւորվել էր եւ ցանկանում էր ինձ նման երգել...»: Լսեցի: Գեղեցիկ տեմբրով փոքրիկ ձայն: Կասկած չունեի, որ այդ փոքրիկ ձայնը կաճի, նույն ճանապարհն ինքս անցել էի Չմշկյանի ձեռքի տակ: Դարձյալ Չմշկյանի խոսքն էր. «Եթե մարդ ունի երաժշտական ականջ եւ, ամենակարեւորըՙ ցանկություն, ապա կերգի: Եթե Աստված խոսելու կարողություն է տվել, ուրեմն տվել է նաեւ երգելու կարողություն: Այն հարկավոր է գտնել, դուրս բերել եւ զարգացնել»:
Սկսեցինք աշխատել: Սուրենը նախ մտավ երգչախումբ, շատ արագ մերվեց եւ դարձավ «Նարեկի» մենակատարներից մեկը: Այնուհետեւ երգչախումբ բերեց եղբորըՙ Լեւոնին: Անկեղծ ասածՙ Լեւոնն օժտված էր շատ ավելի ցայտուն երգչական տվյալներով, ոմանք ինձ նույնիսկ ասել են. «Եթե Սուրենի փոխարեն Լեւոնի հետ պարապես, ավելի մեծ արդյունքի կհասնես»: Բայց այդ ամենակարեւորըՙ ցանկությունը, Սուրե՛նն ուներ: Ճակատագիրն այդպես էր որոշել, զույգ եղբայրներից Լեւոնը պետք է դառնար ֆիզիկոս եւ քաղաքական գործիչ, իսկ Սուրենըՙ ատամնաբույժ եւ երգիչ:

Ճակատագիրն այդպես էր որոշել, զույգ եղբայրներից Լեւոնը պետք է դառնար ֆիզիկոս եւ քաղաքական գործիչ, իսկ Սուրենըՙ ատամնաբույժ եւ երգիչ:

Սուրենն արագ, բայց առանց շտապողականության յուրացնում էր ամեն ինչ: Բավական առաջանալուց հետո նրան տարա Չմշկյանի մոտ, քանի որ վերջինս «ձայն հանելու» մեծ վարպետ էր: Եվ իրոք դուրս եկավ այդ ձայնըՙ օրեցօր դառնալով ավելի գեղեցիկ ու հնչեղ: Բժշկականն ավարտելուց հետո Սուրենը ընդունվեց կոնսերվատորիաՙ անվանի պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանի դասարան: Իր ուսման վերջին տարում, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Սուրենն ընդհատեց ուսումը: Այնուհետեւ նորից վերականգնեց եւ ավարտեց կոնսերվատորիան պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարանում: Մեր մտերիմներից ոմանք ինձ հարցրել են. «Ի վերջո ո՞վ է Սուրենի ուսուցիչը, դո՞ւ, Մարիամ Չմշկյա՞նը, Մարիաննա Հարությունյա՞նը, թե՞ Վալերի Հարությունյանը»: Առանց հապաղելու պատասխանում եմՙ բոլո՛րս, առանց իրար հակասելու: Եվ իրոք, Սուրենն այն «աշակերտն» էր, որ կարողանում էր յուրաքանչյուրից վերցնել լավագույնն ու համադրել իր մեջ: Եվ արդյունքում եղավ այն, որ շատ շուտով նա դարձավ Երեւանի բոլոր դիրիժորների նախընտրած տենորը:
Մեր ծանոթությունն արագ վերաճեց մտերիմ, անշահախնդիր ընկերության, առանց պաշտոնականությանՙ անկախ գործի լրջությունից: Մեկս մյուսիս ընտանիքներում դարձանք հարազատ մարդ: Իմ ծնողներին հիացնում էր Սուրենի բարեկիրթ, հարգալից կեցվածքը: Իսկ Սուրենի հրաշալի ծնողներիՙ Արամ Զուրաբյանի, Ագնեսա Սեւունցիՙ անվանի գրող Գարեգին Սեւունցի դստեր, եւ տատիկիՙ բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանի հետ իմ ծանոթությունն ինձ համար անգնահատելի հարստություն է:
Բայց Սուրենիՙ երգիչ դառնալու ցանկությունը ջերմ ընդունելության չարժանացավ իր ծնողների կողմից: Ինձ հաճախ են մտերմաբար հանդիմանելՙ ասելով, որ ես «շեղում եմ նրան իր հոյակապ մասնագիտությունիցՙ ատամնաբուժությունից», որ «դժվար թե կարգին երգիչ դառնա»: Սակայն քանի որ Սուրենն էլ ոչ պակաս համառն էր, քան ես, անտրտունջ շարունակում էր հետեւել երգեցողության դասերին: Այսօր, ցավոք, իմ շատ սիրելի տիկին Ագնեսայի հետ մենք արձանագրում ենք մի փաստՙ այդ «շեղվելու» արդյունքում էր, որ Սուրենից մնացին անգին հիշատակներ: Սուրենն, իհարկե, չթողեց ատամնաբուժությունը եւ, քանի որ ամեն բանում կատարելության էր ձգտում, դարձավ քաղաքի լավագույն մասնագետներից մեկը: Երգչական գործունեությանը զուգահեռ աշխատում էր որպես ատամնաբույժ: Չափազանց ծանրաբեռնված էր, հաճախորդների հոսքն առավոտից երեկո չէր դադարում: Արդեն ամուսնացած էր, ուներ երկու զավակ, անկրկնելի հոգատար ամուսին էր եւ հայր: Հոգում էր ոչ միայն իր ընտանիքի եւ հարազատ ծնողների կարիքները, այլեւ ձեռք էր մեկնում բոլոր նրանց, ովքեր իր կարիքն ունեին: Եվ այս ամենի հետ երաժշտական բոլոր փորձերին ներկայանում էր մշտապես լավ պատրաստ, ամեն բան անգիր սովորած: Մի օր ես զարմանքով հարցրի. «Սո՛ւր, ինչպե՞ս ես կարողանում հասցնել, քո ծանրաբեռնվածության հետ ուղղակի հնարավոր չէ ֆիզիկապես...»: Նա քթի տակ ժպտաց: Շատ լավ գիտեր, որ այդ նույն հարցը ինձ ուրիշներն էլ են տվել իր մասին, ու ես պատասխանել եմ. «Որովհետեւ տաղանդ ունի»:
Մենք համատեղ բազում ծրագրեր ենք իրականացրել, շատ հաճախ կատարել ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ էին հնչում Հայաստանում: Հատկապես թանկ է ինձ համար Բախի կանտատներից զուգերգերի մեր համերգը, որին մասնակցում էր նաեւ սոպրանո Լիանա Վարդանյանը, նվագակցում էր մեր մեծանուն դաշնակահար Վիլլի Սարգսյանը: Թանկ է նաեւ Բրամսի «Սիրո երգեր» կվարտետների մեր համերգըՙ Լիանա Վարդանյանի եւ մեձձո-սոպրանո Լիլիթ Գրիգորյանի ընկերակցությամբ: Ամեն անգամ համերգից հետո շնորհավորում էինք իրար ու ծիծաղով ասում. «Ա՛յս էլ արեցինք իրար հետ»: Բազմաթիվ մեսսաներ, ռեքվիեմներ եւ օրատորիաներ ենք երգել միասինՙ դիրիժորներ Օհան Դուրյանի, Լորիս Ճգնավորյանի, Գեւորգ Մուրադյանի, Հովհաննես Միրզոյանի, Լյուք Բաղդասարյանի, Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ, եւ հիմնականում կվարտետի կազմը նույնն էրՙ Իրինա Զաքյանՙ սոպրանո, Լիլիթ Գրիգորյանՙ մեձձո-սոպրանո, Սուրեն Զուրաբյանՙ տենոր եւ եսՙ բարիտոն-բաս: Սուրենը հիանալի անսամբլիստ էր, կարողանում էր տեմբրային մի համաձուլվածք ստեղծել իրեն ձայնակցող երգիչների հետ: Դա հատկապես հիացնում էր մեր մեծ մաեստրո Օհան Դուրյանին: Մեր այս քառյակի մասին նա բազմիցս ասել է. «Ձեր կվարտետը այսօր աշխարհի լավագույն կվարտետներից մեկն է»: Իհարկե այս կվարտետի կազմը երբեմն փոփոխվել է: Ուզում եմ հատուկ հիշել Մոցարտի «Ռեքվիեմի» մեր կատարումը մեծ երգչուհի Արաքս Դավթյանի հետ, Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ:
Սուրենը կատարեց օպերային դերերգեր նույնպես: Բախտ ունեցանք միասին մասնակցելու Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերայի առաջին կատարմանը Հայաստանումՙ համերգային կատարմամբ, Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ, խաղընկերների փայլուն կազմովՙ Գայանե Գրիգորյան, Նունե Բադալյան, Գագիկ Շիրինյան: Այնուհետեւ կոնսերվատորիային կից օպերային ստուդիայում բեմադրված Հայդնի «Դեղագործը» օպերայում միասին կատարեցինք տենորի եւ բարիտոնի գլխավոր դերերը, որտեղ մեր խաղընկերներից էր Հրաչուհի Բասենցըՙ եւս մի աստղ այսօրվա օպերային ասպարեզում: Սուրենը երգեց նաեւ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում, հանդես եկավ Բեպպեի դերում Լեոնկավալլոյի «Հտպիտներ» օպերայումՙ խաղընկեր ունենալով Տիգրան Լեւոնյանին: Իսկ օպերային դերերգերի նրա գագաթնակետը եղավ Ալմավիվան Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերայում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Բեմում անվանի երգիչների մի ամբողջ աստղաբույլ էր նրա հետՙ Ջուլիետ Գալստյան, Մկրտիչ Բաբաջանյան, Սուրեն Շահիջանյան, Գարեգին Շագոյան:
[gallery ids="52926,52927,52929"]
Մենք միասին նաեւ ճամփորդելու առիթներ ենք ունեցելՙ Սանկտ Պետերբուրգ, Էստոնիա, Լեհաստան: Գյումրիում, Վանաձորում եւ Արցախում անմոռանալի համերգներ ենք ունեցել մեր մեծ մաեստրո Օհան Դուրյանի հետ, որտեղ կատարում էինք ինչպես դասական կոմպոզիտորների, այնպես էլ Օհան Դուրյանի ստեղծագործությունները, եւ մաեստրոն ինքն էր մեզ նվագակցում դաշնամուրով: Այդ շրջագայություններին մեզ հետ էին նաեւ երգչուհիներ Իրինա Զաքյանը եւ Արմենուհի Սեյրանյանը: Սուրենն իր գեղեցիկ տեմբրով եւ անկաշկանդ երգեցողությամբ ամենուր գերել է հանդիսատեսին: Նա նաեւ ճանապարհի հրաշալի ընկեր էրՙ ուշադիր բոլորի նկատմամբ ու հետաքրքրական զրուցակից:
Նա նաեւ ճանապարհի հրաշալի ընկեր էր՝ ուշադիր բոլորի նկատմամբ ու հետաքրքրական զրուցակից:

2000 թվականին մեր «Նարեկ» երգչախումբը Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում մասնակցում էր հոգեւոր երաժշտության փառատոնի: Մասնակից յուրաքանչյուր երգչախմբին տրամադրվում էր մեկ անբողջական համերգՙ յուրաքանչյուրն իր երկրի հոգեւոր երաժշտության ծրագրով: Մենք ներկայացնում էինք V-XII դարերի մեր հոգեւոր երաժշտության ծաղկաքաղՙ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Սահակ Ձորափորեցի, Կոմիտաս Աղձեցի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, ինչպես նաեւ հատվածներ Կոմիտասի եւ Եկմալյանի պատարագներից: Փառատոնային համերգից մեկ օր առաջ նույն ծրագիրը կատարում էինք նաեւ Վարշավայում: Համերգին ներկա էին բարձրաստիճան շատ հոգեւորականներ, որոնք հիացած էին մեր շարականների հարստությամբ: Համերգից հետո շնորհավորեցին ինձ եւ ասացին. «Սա՛ է ճիշտ հոգեւորը, եվրոպացիները պետք է հետեւեն հնչողության եւ կատարման ա՛յս ոճին»: Չէին մոռանում հատուկ նշել մեր երկու մենակատարների, երկու Սուրենների հոգեզմայլ կատարումներըՙ Սուրեն Զուրաբյան (տենոր) եւ Սուրեն Մանուկյան (բաս): Հաջորդ օրը, Բիդգոշչ մեկնելու ճանապարհին, ավտոբուսում մտածում էի, որ տպավորությունն ավելին կլիներ, եթե հասկանային շարականների բովանդակությունը: Այն ժամանակ Լեհաստանում համարյա բոլորը խոսում էին ռուսերեն, առնվազնՙ լավ հասկանում էին: Հանկարծ մի միտք ծագեցՙ անմիջապես բոլոր շարականները թարգմանել ռուսերեն: Կանչեցի Սուրենին ու հայտնեցի միտքս: Սուրենը ռուսական կրթություն ուներ, հիանալի տիրապետում էր ռուսերենին: Վերցրինք շարականների նոտաները, ես գրաբարից վերածում էի ժամանակակից հայերենի, իսկ Սուրենը թարգմանում էր ռուսերեն: Ողջ ճանապարհին զբաղված էինք այդ գործով եւ կարողացանք հասցնել ամբողջը թարգմանել մինչեւ վերջին վայրկյանը, մինչեւ համերգի սկիզբը: Խմբի անդամներից էր Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Արամ Կարախանյանը, որը յուրաքանչյուր համարից առաջ համապատասխան հատվածը կարդաց բեմից: Տպավորությունն աննկարագրելի էր: Համերգից հետո ինձ մոտեցավ փառատոնի կազմակերպիչ տիկին Մարչելլա Երիգինան, որը կատարյալ ռուսերեն էր խոսում, աչքերը զարմանքից ուղղակի չռածՙ հարցրեց. «Իսկ ինչո՞ւ երեկ, Վարշավայի համերգին չկարդացիք թարգմանությունները:» Նա նույնիսկ չէր կռահել, որ ճանապարհին, ավտոբուսում, մենք զբաղված էինք այդ տեքստերը թարգմանելով: Երբ Սուրենին բոլորը շնորհավորում էինՙ զարմացած եւ հիացած նրա թարգմանչի տաղանդով, նա հանգիստ, իրեն հատուկ ժպիտով պատասխանում էր. «Մի՛ մոռացեք, որ ես գրողների թոռ եմ, դե մի քիչ ժառանգել եմ»:


Կարդացեք նաև.



Սուրենն ուներ երախտագետ լինելու եւ այդ երախտագիտությունն առանց ցցուն խոսքերի արտահայտելու հազվադեպ նրբանկատություն: «Նարեկ» երգչախմբի համերգն էր մեր օպերային թատրոնում: Մենակատարն էր մեր մեծագույն երգչուհի Գոհար Գասպարյանը: Կոմիտասի պատարագի «Տէր, ողորմեա»-ի սարկավագի երգաբաժինը երգում էր Սուրենը: Համերգից հետո Սուրենը մոտեցավ ինձ եւ ասաց. «Շնորհակալությո՛ւն քեզ, որ մեծագույն վարպետի հետ երգելու հնարավորություն ստեղծեցիր»:
Սուրենն այն հազվադեպ երգիչներից էր, ովքեր իրենց ձայնի գեղեցկությունը բացառապես ծառայեցնում են ստեղծագործության կերպարի արտահայտմանը: Նրա երգչական գործունեությունն ընդհանրապես պսակվել է հաջողությամբ: Բայց Սուրենի կատարումներից մի քանիսը, իմ եւ շատ երաժշտագետների կարծիքով, հիրավի բարձրագույն նվաճումներ են: Նախՙ հայկական շարականների եւ պատարագի մեներգերի նրա մեկնաբանությունըՙ յուրաքանչյուր նոտան իմաստավորված, հագեցած խորին հուզականությամբ: Օրֆֆի «Կարմինա Բուրանա»-ի տենորի մեներգում Սուրենը կարողանում էր ծայրագույն բարձրՙ երկրորդ օկտավայի ռե նոտան երգել ոչ թե ֆալցետով, ինչպես բոլոր տենորները, այլ լիարժեք, կրծքային ձայնով: Բացառիկ երեւույթ վոկալ ասպարեզում: Այս ստեղծագործությունը նա երգել է մի քանի անգամՙ Լորիս Ճգնավորյանի եւ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, անվանի երգիչներ Գայանե Գրիգորյանի եւ Կոնստանտին Սիմոնյանի ընկերակցությամբ: Չեմ կարող չխոսել Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Լենսկու արիայիՙ Սուրենի կատարման մասին: Դա մի կատարելություն էր իր երաժշտական կերպարայնությամբ եւ ռուսաց լեզվի հստակ առոգանությամբ: Իսկ Ռոսսինիի «Սեւիլյան Սափրիչի» Ալմավիվայի դերում Սուրենն ի ցույց դրեց իր ձայնի ողջ ճկունությունը, դժվարագույն տեխնիկական անցումներին տիրապետելու իր հմտությունը: Սուրենի երգարվեստի գլուխգործոցն ինձ համար մնում է Եվանգելիստը Բախի «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» ստեղծագործության մեջ, որն ի դեպ, դարձյալ միասին ենք երգել: Սուրենն անթերի Եվանգելիստ էր եւ արժանի էր իր կատարմամբ հանդես գալու աշխարհի մեծագույն բեմերում: Նրա ձայնը կարծես հատուկ ստեղծված էր գերմանական երաժշտության համար, եւ ես նրան կատակով անվանում էի «հայկական Ֆրից Վունդրլիխ»: Ցավոք Վունդերլիխի նման նրա կյանքն էլ ընդհատվեց վաղաժամ, ստեղծագործական գործունեության գագաթնակետին...
2003 թվականն էր, ես արդեն ապրում էի Փարիզում: Օգոստոսի 1-ին գնացի Երեւան: Հետս տարել էի Շումանի բոլոր անսամբլներիՙ զուգերգերի եւ կվարտետների նոտաները, գործեր, որ ես անչափ սիրում եմ, եւ որոնք Հայաստանում չէին կատարվել: Հաջորդ օրըՙ օգոստոսի 2-ին գնացի Սուրենին տեսնելու: Տխուր էր, չորս ամիս առաջ կորցրել էր հորը: Տիկին Ագնեսայի հետ երկար խոսեցինք իր սիրելի ամուսնու մասին: Այնուհետեւ Սուրենին տվեցի Շումանի նոտաները, ասացի, որ երկու ամիս Երեւանում եմ լինելու եւ շատ կուզեի մինչեւ վերադառնալս բեմ հանել այդ ծրագիրը: Թախծոտ ժպիտով ասաց. «Ո՛չ դու հանգիստ ունես, ո՛չ էլ մեզ ես հանգիստ տալիս հեռվից հեռու: Դե կանենք, ո՞ւր պիտի փախչենք քո ձեռքից...»: Հաջորդ օրը Սուրենն արդեն չկար, իր հետՙ նաեւ իր գեղեցկուհի կինըՙ Անահիտը եւ իրենց տասնամյա որդինՙ Արամը...
Անիմաստ է փորձել բառերով նկարագրել այդ ահավոր կորստիՙ մեզ բոլորիս պատճառած վիշտը:

Անցան տարիներ: Ես այլեւս չէի կարողանում ձեռքս վերցնել Շումանի նոտաները, որքան էլ ցանկությունս մեծ լիներ դրանք կատարելու, հոգեբանորեն չէի կարողանում ինքս ինձ հաղթահարել: Ի վերջո, երբ լրացավ Սուրենի մահվան տաս տարին, որոշեցի կազմակերպել նրան նվիրված հիշատակի մի համերգ հենց այդ ծրագրովՙ Շումանով: Համերգը տեղի ունեցավ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, մեր լավագույն երգչուհիներից երկուսիՙ սոպրանո Լիանա Վարդանյանի եւ մեձձո-սոպրանո Նարինե Անանիկյանի, երիտասարդ, բայց արդեն բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, տենոր Լիպարիտ Ավետիսյանի մասնակցությամբ, դաշնակահարուհի Անահիտ Տեր-Տաճատյանի նվագակցությամբ, որը Գերմանիայից Երեւան էր եկել հատուկ այդ համերգի համար: Երեկոյին ներածական խոսքով հանդես եկավ երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Ժաննա Զուրաբյանը, որը լավագույնս ներկայացրեց Սուրեն Զուրաբյան երգչին եւ մարդուն:
Այսօր արդեն տասնհինգ տարի է, որ Սուրենը չկա: Կան Սուրենի հարազատներըՙ մայրըՙ տիկին Ագնեսան, եղբայրըՙ Լեւոնն իր ընտանիքով, որի անդամն է նաեւ Սուրենի կրտսեր որդինՙ Վահրամը, որ շուտով կդառնա քսան տարեկան եւ որը ժառանգել է իր ծնողների բոլոր լավագույն հատկությունները, կանք մենքՙ Սուրենի ընկերներս, եւ ամեն անգամ իրար հետ հավաքվելիս մեկս մյուսիս մեջ մի փոքր Սուրեն ենք փնտրում...
«Ժամանակը սպիացնում է...», «ժամանակը թեթեւացնում է...», «ժամանկաը բուժում է...»: Չգիտեմՙ ժամանակի այս հատկանիշներից որը որքանով կարելի է դնել այս կորստի կողքին: Բայց ես սարսափում եմ ժամանակի ամենադաժան հատկանիշից. ժամանակը մոռացության է տալիս...
Մի՛ մոռացեք Սուրենին...

AZG



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։