Աստանայի բանակցությունները Սիրիայի հարցով. Ինչո՞ւ էին աննախադեպ

January 27, 2017

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան փորձում են բանակցել Սիրիայի հարցով: Ահա մի քանի փաստ, որով Աստանայի բանակցությունները աննախադեպ են.


  • փորձ է արվում ավարտել Սիրիայի պատերազմը առանց ԱՄՆ-ի

  • առաջին անգամ կարող է ձևավորվել ընդհանուր մոտեցում, թե ով է Սիրիայում ահաբեկիչ, և ով ընդդիմադիր:

  • մասնագետները հաշվել են. Սիրիայում կռվում է մոտ 300 խմբավորում:


Դրանք են՝

  • խմբեր, որոնք դեմ են իշխանությանը

  • Խմբեր, որոնք դեմ են ընդդիմությանը

  • ուժեր, որոնք դեմ են Իսլամական պետությանը, բայց դեմ են նաև իշխանությանը

  • ուժեր, որոնք կողմ են իշխանությանը, բայց դեմ չեն նաև ընդդիմությանը

  • խմբեր, որոնք դեմ են և իշխանությանը, և ընդդիմությանը և Իսլամական պետությանը

  • խմբեր, որոնք այս ամբողջ քաոսի մեջ պարզապես պաշտպանում են իրենց ընտանիքների կյանքը:


Սա Սիրիայում կռվող ուժերի ամենապարզ բացատրությունն էր:
Ու այս բոլոր խմբերը զինված են, ամեն օր պայքարում են նաև միմյանց հետ, միասին՝ իշխանության հետ, որոշները՝ իշխանության հետ ընդդիմության դեմ, կամ ընդդիմության հետ ահաբեկիչների դեմ, լինում է, որ ահաբեկիչ են, բայց կոչվում են ընդդիմություն, ընդդիմադիր են, բայց այդ մասին չգիտեն, իսկ երբ իմանում են, դառնում են ահաբեկիչ, կամ իշխանամետ, եթե իհարկե մինչև այդ ողջ են մնում ու չեն զոհվում անհայտ մեկ այլ ուժի արձակած անիմաստ արկից: Սա պատերազմ է առանց ռազմաճակատի, առանց ռազմագիտության, առանց որևէ այլ գիտության, բայց իհարկե՝ ի գիտություն գերտերությունների:

  • ԱՄՆ-ը աջակցում է ընդդիմադիր խմբերին, դեմ է ԻՊ-ին և Ասադին

  • Ռուսաստանն աջակցում է Ասադին, դեմ է ԻՊ-ին ու որոշ խմբերին, որոնք ԱՄՆ-ը համարում է ընդդիմություն

  • Իրանն աջակցում է Ասադին, դեմ է ԻՊ-ին, օգնում է շիական ուժերին, դեմ է ընդդիմությանը

  • Թուրքիան դեմ է Ասադին, կողմ է բոլոր տիպի ընդդիմադիրներին, այդ թվում նրանց, ում ոչ միայն ռուսները, այլև ամերիկացիները համարում են ահաբեկիչ

  • Փոխարենը Թուրքիան ահաբեկիչ է անվանում քրդական ուժերին, որոնք կռվում են ԻՊ դեմ և աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, որի գլխավոր դաշնակիցը հենց Թուրքիան է, որը Ռուսաստանի հետ ու առանց ԱՄՆ-ի փորձում է լուծել Սիրիայի հարցը:

  • Սաուդյան Արաբիան կողմ է ընդդիմությանը, դեմ է Ասադին, Իրանին, Ռուսաստանին, կողմ է Թուրքիային և ԱՄՆ-ին:


Սիրիայում ստեղծվել է իրավիճակ, որտեղ արաբական միապետությունները սնուցում են ընդդիմադիր որևէ խմբավորում: Ջաբհաթ ալ-..... ընտրեք անունը, ու ճշտեք, թե որ երկիրն է այդ խմբավորման հեղինակը:
Սա պատերազմ է, որտեղ քաղաքագիտական միտքը վնասակար է, միջազգային հարաբերությունների դասական կանոնները չեն աշխատում, միջպեական, միջհամայնքային, միջանձնային հարաբերությունները նույնպես կապ չունեն ընդունված նորմերի հետ:
Կփրկի միայն արևելագիտությունը: Եթե իհարկե, Արևելք դեռ մնացել է: