Արարատյան «անապատը». Արմավիրի մարզի աղակալված հողերում միայն փուշ է աճում

April 12, 2017

 Զարթոնքի բախտավորներն ու դժբախտները



Ինչպես է աղակալվում հողը
Արարատյան հարթավայրի որոշ ցածրադիր շրջաններում գրունտային ջրերը պարբերաբար բարձրանում են հողի մակերևույթ և գոլորշիանալով հողի մեջ են թողնում իրենց մեջ լուծված աղային մասը: Երևույթի պարբերաբար կրկնվելը հողերի մեջ բարձրացնում է աղի քանակությունն այն աստիճան, որ այլևս բուսականություն չի աճում: Աղակալման դեմ պայքարի միակ միջոցը գրունտային ջրերի մակարդակի իջեցումն է և լվացման միջոցով աղազերծումը:

Խորհրդային համակարգի փլուզման հետ զուգահեռ, փլուզվեց նաև հողերի աղակալումը կանխող արդեն իսկ ստեղծված համակարգը:
Խորհրդային տարիներին մեծ պայքար էր ծավալվել հողերի աղակալման դեմ, նախ իջեցվում էր գրունտային ջրերի մակարդակը, ապա աղազերծվում քիմիական կամ լվացման եղանակով:
90-ականների սկզբին բնագավառն ուշադրությունից դուրս մնաց, և աղազերծված 1750 հեկտար հողատարածքը սկսեց ենթարկվել կրկնակի աղակալման՝ տարեկան գյուղացուց խլելով մոտ 50 հեկտար հողատարածք: Խորհրդային տարիներից Հայաստանին ժառանգություն մնացած գրունտային ջրերի մակարդակի իջեցման փակ և բաց դրենաժային համակարգերն այլևս չէին գործում:

Ինչ է դրենաժը և ինչ խնդիր է լուծում


Դրենաժների միջոցով իջեցվում է գրունտային ջրերի մակարդակը: Հայաստանում գործում էր դրենաժների փակ և բաց համակարգեր:
Փակ դրենաժային համակարգն իրենից ներկայացնում է 3-4 մետր խորությամբ թաղված մետաղյա անցքավոր խողովակաշար, որի մեջ հավաքվելով գրունտային ջրերը հոսում էին դեպի պոմպակայան, որտեղից էլ ջուրը դուրս մղելով օգտագործվում էր ոռոգման նպատակով:

Բաց դրենաժը նույն խնդիրն է լուծում բաց եղանակով: Կառուցվում են մինչև 4 մետր խորությամբ դրենաժային խրամուղիներ, որոնց միջոցով գրունտային ջրերը հոսում են պոմպակայան:

Փակ դրենաժային համակարգը երկար ժամանակ անգործության մատվելուց անհնար էր վերականգնել, բաց դրենաժներն աստիճանաբար սկսեցին գործել:
Արմավիրի մարզում աղակալման վտանգը նվազել է, իսկ աղակալման ենթարկված շուրջ 5000 հեկտարի ճակատագիրն անորոշ է:

Նազիրյանները փորձել են իրենց հողամասի գոնե կեսը լվացման եղանակով աղազերծել, սակայն ավարտին չեն հասցրել: Մեկ տարի հաճախակի ոռոգումից հետո հասկացել են, որ ոռոգման ջրի բարձր վարձավճարի պայմաններում սեփական միջոցներով հողն աղազերծելը տնտեսապես անլուծելի խնդիր է, քանի որ հողը լվանալով աղազերծելու համար առնվազն 3-4 տարի կպահանջվի:

Նույն տարբերակով Զարթոնքի գյուղապետարանը համայնքի բյուջեի միջոցներով փորձ է կատարել գյուղի պահուստային ֆոնդի 3 հեկտար հողատարածքի վրա: Արդյունքը գոհացուցիչ էր, սակայն 35 մլն դրամ համայնքի բյուջեով անհնար է տեսանելի արդյունք ստանալ աղակալված 1380 հեկտարից: Ըստ գյուղապետ Պարույր Սարգսյանի, նպաստավոր պայմաններ են ստեղծվել հողերի աղազերծման համար, և դա էական արդյունք կտա, եթե ոռոգման ջրի ծախսերը հոգա պետությունը:
Զարթոնքի գյուղապետարանի քարտուղար Աջոյանի մեկնաբանությամբ, կառավարությունը մեծ միջոցներ է տրամադրում դրենաժների սպասարկման համար, և դա այն պարագայում, երբ դրենաժները չոր են և ամենևին չեն ծառայում իրենց նպատակին: Այդ գումարները եթե ուղղվեին ոռոգման ջրի սուբսիդավորմանը, արդյունքը տեսանելի կլիներ:
Մարզի գլխավոր գյուղատնտես Արթուր Այվազյանը նույնպես շեշտում է հողերի աղազերծման հրատապությունը: Արմավիրի մարզպետարանն ամեն տարի խնդիրը ներկայացնում է կառավարություն: Ըստ Այվազյանի, աղազերծումը պետք է կատարվի միաժամանակ մի քանի գյուղացիական տնտեսություններում, քանի որ աղազերծված փոքր հողակտորները կարճ ժամանակում նորից կաղակալվեն:
Նույն խնդրի առաջ են կանգած նաև Արմավիրի մարզի Եղեգնուտ, Արտաշար, Արազափ, Արևիկ համայնքների գյուղացիական տնտեսությունները:

Նախարարը տեղյակ է


ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2015-ին տարածաշրջան այցելության ժամանակ անձամբ ծանոթացավ խնդրին, հանդիպեց համայնքի ղեկավարների հետ և հավաստիացրեց, որ հողերի աղազերծման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ պետական ծրագիր է մշակվում: Անցել է մոտ մեկ տարի, իսկ ծրագրից լուր չկա:
Զարթոնքի գյուղացիական տնտեսությունները, պետական ծրագրերից վերջին հույսը կտրելով, ստիպված հողատարածքներ են վարձակալում հարևան գյուղերում: Իսկ Զարթոնքի միակ տրակտորիստը չի շտապում վերանորոգել իր մեքենան և պատրաստվել գարնանային աշխատանքներին, քանի որ մշակովի հողատարածքները շատ քիչ են:

Տրակտորիստ Հրաչը հիշում է, որ նախկինում տարվա այս ժամանակահատվածում չէր հասցնում հերթագրել իր ծառայությունից օգտվել ցանկացողներին: Նրա մեկնաբանությամբ, իր գյուղտեխնիկայի անհրաժեշտությունը չկա, քանի որ գյուղացիների մի մասը բուսական շերտ ավելացնելու պատճառով այլևս հողը սվարելու կարիք չունի, մյուս մասի հողերն էլ աղի պատճառով անապատ են դարձել:

Իսկ Ագաֆիոնի մեկանաբանությամբ, գյուղատնտեսությունը Զարթոնքում դարձել է զբաղմունք, ոչ թե եկամտի աղբյուր, քանի որ գյուղում հիմնականում մշակվում են աղադիմացկուն կուլտուրաներ, ինչպիսիք են՝ ավելը, եգիպտացորենը և առվույտը: Սրանց պահանջարկն էլ շուկայում փոքր է և եկամուտ չի ապահովում, այսինքն դրանով ընտանիք չես պահի:

Հեղինակ` Անժելա Ստեփանյան, JAMnews