[Արդեն դիտել ենք] «T2 Թրեյնսփոթինգ». Կուլտային ֆիլմի «բարի» շարունակությունը կամ շոտլանդացի «ուռողների» պրոբլեմները 40-ից հետո

March 10, 2017

Բաժանվելով կնոջից և լքելով Ամստերդամը՝ 46 ամյա Մարկ Ռենթոնը (Ուեն ՄաքԳրեգոր) վերադառնում է հայրենի Էդինբուրգ։ Հին ընկերների մոտ կյանքն առանձնապես չի հաջողվել. Սայմոնը կամ նույն ինքը Սիքբոյը (Ջոննի Լի Միլեր) աշխատացնում է մորաքրոջ փաբը, իսկ մոտակա պլաններում որոշում է գրավել բուլղարացի մարմավաճառուհու (Անժելա Նեդյալկովա) սիրտը՝ վերջինիս համար հասարակաց տուն-սաունա բացելով։ Սփադը (Ուեն Բրեմներ) լքում է կնոջն ու որդուն և փորձում է ինքնասպան լինել, իսկ Ֆրանկոն (Ռոբերտ Կարլայլ) փախչում է բանտից ընտանիքի մոտ, որտեղ էլ չի կարողանում բավարարել կնոջը և ամբողջ տղամարդկային զայրույթը թափում է մենեջմենթ սովորող կոստյումավոր որդու վրա։

Կան պատմություններ, որոնք իդեալական վերարտադրում են այն ժամանակաշրջանը, որում և ստեղծվել են։ Նման կինոպատումները փոխանցում են իրենց աշխարհի մթնոլորտը, ոգին, ապրելաոճը, լեզուն, մտածելակերպն ու նորաձևությունը։ Դենի Բոյլի առաջին ֆիլմը ժամանակին աղմկել է ինչպես Գայ Ռիչիի և Տարանտինոյի քրեական վիպակները, իսկ հայտնի և գարշելի զուգարանային տեսարանն ու կուլտային «Ընտրի՛ր կյանքը» մենախոսությունը մնացել են կինոպատմության էջերում իբրև նորարարական 90-ականների լավագույն նմուշմեր, ինչպես «Քրեական գրվածքի» և «Մարտական ակումբի» բազում տեսարանները։
Երկրորդ ֆիլմում ծերունի Բոյլը հավատարիմ է ինքն իրեն, ինչպես և 20 տարի առաջ. Օսկարն ու Հոլիվուդը նրան չեն փչացրել։ Կինոսիրողների և քննադատների հմուտ աչքերը բավարարված կժպտան, իսկ սրտերը կլցվեն ջերմությամբ ռեժիսորի յուրօրինակ ոճը նորից տեսնելու համար։ Օսկարակիր օպերատոր Էնթոնի (Էնթոնի Դոդ Մենթլը, ով բացի Դենիի հետ երկարատև գործակցությունից մի քանի անգամ աշխատել է նաև Լարս Ֆոն Թրիերի հետ), T2-ի լավագույն բաղադրիչներից է։ Ցածր, գրեթե գետնային, ծուռ և ոչ ավանդական ռակուրսներ, գունային և ստվերային բազմազան պալիտրա, տասնյակ թարմ և ստանդարտից դուրս ճարպիկ հնարքներ՝ ռեժիսորն ու օպերատորը նախկինի պես երիտասարդ են։ Ցածր, գրեթե գետնային, ծուռ և ոչ ավանդական ռակուրսներ, գունային և ստվերային բազմազան պալիտրա, տասնյակ թարմ և ստանդարտից դուրս ճարպիկ հնարքներ՝ ռեժիսորն ու օպերատորը նախկինի պես երիտասարդ են։


Իսկ պատմությունը՞։ Այն մեծ հաշվով հիշեցնում է ծերուկների հավերժ փնթփնթոցն այն մասին, թե ժամանակին խոտն ավելի կանաչ էր, իսկ օդն ավելի մաքուր, և հին, անհոգ ու անպատկառ Էդինբուրգն այսօր վերածվել է առողջ ապրելակերպ վարող թրենդային բնակավայրի։ Հերոսները գլխներին են տալիս բաց թողնված հնարավորությունների համար և մեղադրում են Մարկին, ով քսան տարի առաջ փախավ՝ գումարը ձեռքին։ Բայց հանդիսատեսի (նաև հերոսների) համար պարզից էլ պարզ է, որ անգամ, եթե այդ գումարը լիներ իրենց գրպանում, դժվար ծառայեր բարի նպատակների համար։

Սակայն ամբողջ սյուժեն պարզապես կարոտ-անկեղծություն չէ. Բոյլը միքսել է նոստալգիկ հիշողություններն ու բաց թողնված հնարավորությունների մասին երազկոտ պահերը սև կատակերգության հետ։ Այստեղ կարելի է և բարձրաձայն ծիծաղել, և տխրել սիրելի հերոսների հետ։ Առկա են և մռայլ գեգեր, և զավեշտալի իրավիճակներ։ Իհարկե, առանձնակի ուշադրություն է գրավում Սայմոնի և Մարկի փաբի կողոպուտի տեսարանը, որտեղ խաբված հաճախորդները երգում և պարում են իմպրովիզացված երգի անհեթեթ ռիթմի ներքո։
Այդ ամենին գումարեք ռեժիսորի ֆիրմային վիզուալ հնարքները, դավաճանության, ընկերության ու (կարճ ու երկրորդական) սիրային գծերը, կայտառ հայհոյանքները և վուալյա՝ ահեղ շոտլանդական տղամարդկանց մեծ և փոքր խնդիրները չեն թողնի ձանձրանալ։ Իհարկե, պատմության առաջին մասը դարաշրջանի կենցաղային, նոնկոնֆորմիստական և յուղալի դիմանկար էր, իսկ այս մեկն ավելի շուտ «բարի» հիշողություններով լի տրագիկոմեդիա է՝ անցնող գնացքին ձեռքով հաջող անող մարդկանց մասին։