[Արդեն դիտել ենք] Ամսվա գլխավոր սերիալը. վախեցնող, կեղտոտ և գռեհիկ տեսարաններով ու հերոսներով «Տաբու»-ն

January 20, 2017

Մինչև սոցիոլական տերմին դառնալը «տաբու» բառն օգտագործվում էր զուտ կրոնական ու ծիսական կոնտեքստում, խորհրդանշում էր որոշակի առաջընթաց ու զարգացում «ակնկալող» ազգի կամ տեղայնքի արգելքները։ Օսկարակիր սցենարիստ Սթիվ Նայթը, Թոմ Հարդին և դերասանի հայրը՝ Էդվարդ «Չիփս» Հարդին օգտագործել են բառն առաջին և ամենասկզբնական, հին աշխարհի հետ կապակցված իմաստով։
1814 թվական, Ջեյմս Դելեյնին (Թոմ Հարդի) տասը տարվա բացակայությունից հետո վերադառնում է Լոնդոն՝ սեփական հոր թաղմանը։ Հարգարժան ջենթլմեններն ու նախարարները շփոթված են և զարմացած. Ջեյմսին համարում էին մահացած։ Մինչև այդ, անգլիական զսպվածության և քաղաքավարության հետ որևէ կապ չունեցող մարգինալ Ջեյմսն ապրում էր Աֆրիկայում, այնտեղ, որտեղ ծնվել է իր մայրը, և ում հետագայում գնել և տեղափոխել է Բրիտանիա հայրը` Դելեյնի ավագը։

Ջեյմսին շրջապատում է ոչ միայն կարիերիստներից և չինովնիկներից բաղկացած օղակն, այլև շահամոլ և չարացած պրոլետարիատը, ում Դելեյնի ավագն այդպես էլ պարտք մնաց՝ չվճարելով խոստացած ռոճիկը, և կյանքի վերջին տարիներն անցկացնում էր խելքը կորցրած ծերուկի պիտակի զուգընկերությամբ։ Ջեյմսը ոչ միայն պատրաստվում է վերադարձնել Դելեյնի ազգանվան բարի համբավը, վերակենդանացնելով ընտանեկան բիզնեսի բարի ավանդույթները, այլև հոգ է տանում իր արգանդակից քրոջ մասին, ում սիրում է ոչ միայն եղբայրական սիրով։
Նախավիկտորիանական ռետրոն, մռայլ և մառախլապատ լանդշաֆտներն ու բրիտ-աֆրիկյան էթնիկ վրձնահարվածները ստեղծում են խիտ սյուժետային սարդոստայն, որտեղ խորհրդավոր ու պատմական բլոքբասթերի ծակուծուկերում շրջում են ոչ միանշանակ կերպարները։ Հարդին, նստելով սցենարական ու պրոդյուսերական աթոռների վրա, կարող է ստեղծել էգոցենտրիկ հերոսի տպավորություն. բոլոր ճանապարհները բերում են իր հերոսի մոտ, բոլորը տենչում են նրա ուշադրությունը, թեև ապարդյուն։
http://www.youtube.com/watch?v=6ZYAQSlIhM4
Դերասանի այսքան սպասված մինի սերիալային բենեֆիսը տեղ-տեղ հիշեցնում է չհասկացված ու առաջադեմ հերոսի միայնություն` Բայրոնի ու Դիկենսի հերոսների կամ Գրիբոևդովի Չացկու պես, իսկ որոշ տեղերում սյուժեն հանդես է գալիս իբրև էկլեկտիկ մշակույթներից բաղկացած պատմական դրամա՝ էֆեկտիվ մեգապոլիսի և ջունգլիական օկուլտիզմի հիման վրա։ Բանիմաց շամաններն ու տառապող հոգիները խաչվում են ցինիկ մարդասպանների և անհավատարիմ մարմնավաճառուհիների հետ. կրկնակի վտանգավոր սոցիում, անգամ եռակի (գումարենք այդ ամենին անգլո-ամերիկյան կոնֆլիկտը)։
Սթիվեն Նայթ ու հայր և որդի Հարդի սցենարա-ընտանեկան տանդեմը ստեղծել են հին և նոր դարաշրջանների անցումնային ժամանակահատված, լցրել այն խիստ ու կոկիկ ֆունկցիոներներով և փնթի ու հուսահատ փողոցայիններով։ Բոլորն էլ զինված են և մտահոգ, ցանկանում են հագեցնել սեփական ամբիցիոզ էգոները, իսկ Ջեյմ Դելեյնին չի վախենում հակառակ գնալ հոսանքին՝ բացահայտ ցուցադրելով սեփական անհատականությունն ու անկախությունը։
Պրոդյուսեր Ռիդլի Սքոթը և մի խումբ բրիտանացի սերիալառեժիսորներ չեն մերժել իրենց նաև երկրորդական պլանի աստղերի հարցում. այստեղ է և Ունա Չապլինը (Չարլիի թոռնուհին, ով ծանոթ է հանդիսատեսին «Գահերի խաղից»), գերմանուհի Ֆրանկա Պոտենտեն (կարմրահեր «Վազի՛ր, Լոլա, վազի՛րը»), և երկրորդ պլանի հերոսների հարուստ փորձ ունեցող Մայքլ Քելին, և նորահայտ աստղ Ջեսի Բաքլին, ով ներգրավված էր BBC-ի «Պատերազմի և խաղաղության» էկրանավորման մեջ։

Հարդին շքեղ է և տպավորիչ, խենթությունն ու նախնադարյան հմայքը նրան սազում են, սակայն դերասանը դեռևս դուրս չի գալիս ռոմանտիկ ու ճակատագրային հերոսի շղարշի տակից, նրա արտաքինը դոմինանտ է, ներքինը՝ դեռևս անպարզ ու անողորկային։ Բնականաբար, ամեն ինչ կարող է փոխվել սերիալի կեսերից, և կծկտուր ֆլեշբեքերի փոխարեն մեր առջև կկանգնի ահեղ տեսարան։ Նաև լավ կլիներ, որպեսզի հանդիսատեսը չգայթակղվեր զուտ ազդեցիկ մթնոլորտային անտուրաժով և համարձակ բորդելի տիրուհու պես պահանջեր Ջեյմս Կեզիախ Դելեյնիի լիիրավ ուշադրությունը։ Թե չէ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր հերոսը կարող է մոլորվել մառախլապատ և արյունոտ փողոցների բակերում` մոռանալով մյուսների մասին։