Հնագույն տարազի նորագույն ծալքերը

October 3, 2014

«Ով քնից շուտ է արթնանում, հայտարարում է, թե հայտնաբերել է հայկական հնագույն տարազը: Ամեն անգամ սարսռում եմ, երբ հեռուստացույցը միացնելիս աչքիս առաջ են հայտնվում հայկական ժողովրդական պարի խմբերը: Այսօր չկա տարազի մի օրինակ, որ ասեմ մի քիչ մոտ է այն հագուստին, որը կրում էին մեր գավառներում: Զարմանում եմ, որտեղի՞ց են մոգոնում ու հորինում նման գույների շարք, այդքան մեծ-մեծ զարդանախշեր: Ձևած թևերը «տրուբայի» հաստությամբ և չորությամբ կախվում են, խեղճ երեխաները ծղրիդի տեսք են ստանում»,-կիսաձայն ու հոնքերն անհանգիստ շարժելով պատմում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը:
Նորաձևության ցուցադրությունների այլևս չի գնում: Հե՞շտ է ամեն անգամ սրտի կաթված ստանալը, երբ հերթը հասնում է տարազների ցուցադրությանն, ու հայտնվում են ռուս մուժիկի երկարաճիտք կոշիկներով, կարպետի գունանախշերով կարճ «յուբկաներով» և վրացուհու ճակատակալներով զարդարված աղջիկներ:
«Հազարամյակների պատմություն ունեցող տարազն այսօր աղավաղում են»,-արդեն հուսահատ մենախոսության է անցել ազգագրագետ Սվետլանան: