ԱՍԵԱՆ-ը Ուզբեկական ձևով. Տաշքենդի նոր հավակնությունները Կենտրոնական Ասիայում

January 13, 2018

Տաշքենդը ձգտում է դուրս գալ քարիմովյան մեկուսացումից: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը մտադիր է Կենտրոնական Ասիայում ձևավորել նոր, տնտեսապես ավելի բաց կարգերը, իսկ դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ լավացնել հարաբերությունները հարևանների հետ:
Սեպտեմբերին Միրզիյոևը ՄԱԿ-ում հայտարարեց տարածաշրջանում քաղաքական նոր մթնոլորտ ձևավորելու մասին և կոչ արեց կազմակերպել Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումներ՝ խորհրդատվական նպատակով: Նոյեմբերին Սամարկանդի միջազգային համաժողովում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ: Համաժողովի ավարտին Մոգերինին հայտարարեց, որ երբեք տարածաշրջանում չի եղել այդպիսի «դրական և կառուցողական երկխոսություն», դրա համար շնորհակալ պետք է լինել Ուզբեկստանի նախագահին ու նրա վարած ակտիվ քաղաքականությանը:
Carnegie-ի փորձագետները վստահ են, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն առայժմ խուսափում է արտաքին քաղաքականության մեջ կտրուկ քայլեր անել, սական նրա քաղաքական կուրսի առաջնահերթություններն արդեն իսկ հստակ են. տարածաշրջանային ինտեգրում ու լավատեսական մթնոլորտ՝ Կենտրոնական Ասիայում: Բայց որքան հեռու կարող է գնալ Միրզիյոևը:

Հրաժեշտ մեկուսացմանը


Միրզիյոևը ձգտում է դուրս բերել Ուզբեկստանն այն մեկուսացումից, որի մեջ երկիրը հայտնվել էր նախագահ Քարիմովի պատճառով: Պետք չէ մոռանալ Քարիմովի բրյուսելյան այցը, երբ ո՛չ Բելգիայի թագավորը, ո՛չ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը և ո՛չ էլ Եվրահանձնաժողովն այդպես էլ չասացին, թե ինչպես ու ինչու է Ուզբեկստանի նախագահը հայտնվել Բելգիայում: Քարիմովյան արտաքին քաղաքականության ձախողման վերջնական ակորդը դարձավ ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի մասնակցության դադարեցումը: Դա 2012-ին էր:
Երբեմնի վարչապետ Միրզիյոևին նախագահ Քարիմովը համարում էր գավառական ու հեռու էր պահում արտաքին քաղաքականությունից: Հիմա, դառնալով նախագահ, Միրզիյոևը փորձում է կոտրել այդ կարծրատիպն ու ամեն կերպ ապացուցել, որ իր արտաքին քաղաքականությունը որակապես այլ է՝ ավելի ճկուն է:
Carnegie-ի վերլուծաբանները Ուզբեկստանի նոր առաջնորդին համեմատում են  ԽՍՀՄ առաջնորդ Բրեժնևի հետ, ասում են՝ շատ է նման. Միրզիյոևին էլ Բրեժնևի պես դուր է գալիս, երբ արտասահմանյան լրատվամիջոցները նրան համարում են բարեփոխիչ, որը ձգտում է ունենալ բաց հասարակություն: Նման գովասանքի արժանանալու համար արժե վերանայել արտաքին քաղաքականության նպատակները:


Կարդացեք նաև․



Տնտեսության գերակայությունը


Տաշքենդի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը տնտեսությունը դուրս բերել լճացումից: Իսկ դրա համար անհրաժեշտ են ներդրումներ՝ արտաքին ներդրումներ: Հիմա Միրզիյոևը պատրաստ է գնալ Ռուսաստան, Թուրքիա, Հարավային Կորեա, Թուրքմենստան: Նույնիսկ սկսվեց քննարկվել Ուզբեկստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այն դեպքում, երբ Քարիմովը հայտարարել էր, որ Ուզբեկստանը երբեք որևէ մեկից կախում չի ունենա:
Տպավորությունն այն է, որ Միրզիյոևը մտադիր է ստեղծել Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի իր մոդելը. Ուզբեկստանը Միջինասիական հանրապետություններին առաջարկում է մշակել անդրսահմանային գետերի համատեղ օգտագործման միասնական մոտեցումներ, ինտեգրել տարածաշրջանի երկրների տնտեսությունը, զարգացնել անդրսահմանային առևտուրը: Տաշքենդ փորձում է իր հարևաններին հասկացնել, որ տնտեսական բարգավաճման համար պետք է մոռանալ բոլոր խնդիրները: Գոնե ժամանակավոր:

CARNEGIE