[Newmag Summer Fest] Հայ կին գրողների խնդիրները պատերազմի և խաղաղության օրերին (տեսանյութ, լուսանկարներ)

September 2, 2021

2021-ին Newmag-ն ու ԱՐԻ գրական գործակալությունը սկսեցին «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը: Այս հարթակի նպատակն է ստեղծել կին գրողների համար միջազգային պլատֆորմ, որտեղ նրանք կներկայացնեն իրենց կայացման ճանապարհի խոչընդոտները, անհաջողությունները, հիասթափություններն ու հաղթանականները: Ամառային փառատոնին հայ կին գրողների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Կին գրողների խնդիրները պատերազմի և խաղաղության օրերին» թեմայով: Հանդիպման մասնակիցներն էին գրողներ Նարինե Կռոյանը, Մարինե Պետրոսյանը և Հասմիկ Սիմոնյանը:

Ինչ խնդիր ունի հայ կին գրողը, արդյոք դրանք տարբերվում են տղամարդ գրչակից ընկերներից: Ըստ բանաստեղծ Մարինե Պետրոսյանի, խնդիրը սեռով պայմանավորված չէ: Ավելին՝ երկրի  ու իր մտահոգություններն էլ են նույնը. «Հայ գրողի գլխավոր խնդիրը մեր երկրի փոքրաթիվ լինելն է, երբ դու տպաքանակ չես կարողանում ապահովել: Խորհրդային տարիներին բանաստեղծությունների գիրքը տպագրվում էր մինչը 50.000 տպաքանակով, հիմա, լավագույն դեպքում, 1000 օրինակ: Գրողը չի կարող գումար աշխատել գրելով: Գրականությունը նրա համար ապրուստի միջոց չէ: Այս խնդիրը սեռ չի ճանաչում , այս խնդիրը մեր երկրի խնդիրն է»:

Նարինե Կռոյանի խոսքով, ուղեղը սեռի հետ կապ չունի: Կին, թե տղամարդ գրողն ունի կարևոր մեկ խնդիր՝ պատասխանատվություն ընթերցողի առաջ. «Խնդիրների մասին գրելու, ներկայացնելու ժամանակ պետք է հաշվի առնել, որ նաև ընթերցողին պետք է ստիպել մտածել, մտածել ու լուծել իր իսկ խնդիրները և ոչ թե լուծումների տարբերակ առաջարկել, ինչպես և ակնկալում է սպառողը»:

 

Մինչդեռ Հասմիկ Սիմոնյանը պնդում է, որ Հայաստանում դեռ բախվում է խոչընդոտների ու հիմնականում հենց սեռով պայմանավորված. «Մենք չենք կարող չնկատել այդ խնդիրները: Դա նաև համաշխարհային գրականության մեջ կա կին ու տղամարդ գրողների առանձին խնդիրներ: Կնոջը հաշվի չեն առնում որպես մտածող անհատ, մի կողմ են դնում, համարում են տղամադու ստվեր կամ տալիս են սրբի կոչում, փառաբանում են. այդքանը: Երբ հերթը հասնում է, որ նա մտածող է, սկսում են նվազեցնել կնոջ դերը»:

Իսկ ինչու էին լռում գրողները՝ կին, թե տղամարդ, երբ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ նրանց ձայնը կարևոր էր: Նարինե Կռոյանը վերջին 30 տարում բոլոր պատերազմների ընթացքում իր ապրումները վերածել է բառերի, բառերն էլ պատմվածքների. «Մարդու անհատականության հարց է, ես, օրինակ, միանգամից արձագանքում եմ: Ապրիլյանի ժամանակ որդիս այնտեղ էր, ես գրեցի, քանի որ դեպրեսիայի, տառապանքի միակ թերապիան գրելն էր: Ու այդպես բոլոր պատերազմների դեպքում»:

 

Մարինե Պետրոսյանը չի գրի, քանի դեռ ինքն իր համար չի գտել բազմաթիվ հարցերի պատասխաներ: Երկրում էլ, ժողովուրդն էլ դեռ չի հասկացել ինչ եղավ, ինչու և ինչպես.«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ես պետք է հասկանամ՝ ինչ տեղի ունեցավ, մենք դեռ ոչինչ չգիտենք»:

Գերիների և գերությունից վերադարձի ճակատագրերը, հոգսերը կարող են դառնալ գրական ստեղծագործության նյութ, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Միայն ժամանակը կարող է ճիշտ ուղիներ ցույց տալ: Լրագրության դեպքում իրադարձությունները տեղի են ունենում այստեղ և հիմա, գրական աշխարհում ժամանակի չափման միավորներն այլ են՝ նկատում է Հասմիկ Սիմոնյանը. «Գրականության դեպքում պետք է թողնես, որ ժամանակ անցնի: Դա նյութ է, որը դեռ պետք է եփվի, կարողանանք մեզ, մեր ապրումները կողքից տեսնել, իսկ հիմա դեռ մեջն ենք, դեռ ինքներս էլ չենք հաղթահարել ծանր ապրումները»:

Ըստ քննարկման մասնակիցներին, յուրաքանչյուր գրող անհատականություն է՝ մեկը սոցիալական ցանցում, մյուսը գրական գործում է արտահայտում հույզերը, մեկ ուրիշն էլ սպասում է մինչև ընկճախտը հեռանա և գա առողջ դատողության ժամանակը: