[Բեռլինալե - 2017] Ֆինն Կաուրիսմյակիի ֆիլմը սիրիացի փախստականների, հյուսիս-եվրոպական ձանձրույթի և ռասիզմի մասին

February 17, 2017

«Ես հոգնել եմ։ Ես ցանկանում եմ ապրել իմ կյանքով... Նախկինում էլ եմ խոսել այս մասին, բայց հիմա հաստատ՝ ադիոս։ Շատ հավանական է, որ սա կլինի իմ վերջին ֆիլմը». Կաուրիսմյակին ծույլ է և ալարկոտ, խմում է արդեն 35 տարի, նաև կարող է հանգիստ բոյկոտել Օսկարն ու չներկայանալ մրցանակաբաշխությանը ( այն տարի երբ Միացյալ նահանգները մտան Իրաք), բայց Բեռլինալեն նրա սիրած կինոփառատոնն է. այստեղ էլ ռեժիսորը ներկայացրեց իր վերջին ֆիլմը՝ «Հույսի այն կողմը»։
2001-ի Օսկարին ռեժիսորը ներկայացրել էր «Գավր» ֆիլմը՝ սոցիալ-քաղաքական հեքիաթ, որտեղ բարի մարդիկ օգնում եմ աֆրիկացի էմիգրանտին։ «Հույսի այն կողմը» նախատեսված եռապատման երկրորդ մասն է:
50 տարի անց Վիկստրեմը (ռեժիսորի սիրելի Սակարի Կուոսմանենը) լքում է խմող կնոջն ու որոշում փոխել իր կյանքը՝ վաղուց երազում էր ռեստորանային բիզնեսի մասին։ Մինչ ջախջախիչ պոկերային խաղը դառնում է Վիկստրեմի բիզնեսի ներդրման աղբյուրը, ներկայանում է պատմության երկրորդ հերոսը. Հալեպից Ֆինլանդիա գաղթած Խալեդն ուղղակի հայտնվում է հանդիսատեսի առջև ածուխի կույտի մեջից։ Հանրային բաղնիքում մի կտոր օճառ գնելուց հետո նա կոկիկ և մաքուր հայտնվում է ոստիկանական բաժանմունքում, էմիգրացիոն կենտրոնին է պատմում ողբերգական անցյալը և խնդրում, որպեսզի օգնեն գտնել փախուստի ժամանակ Սերբիում կորցրած քրոջը, կացություն թույլատրեն: Չէ՞ որ Ֆինլանդիայում բարի մարդիկ շատ կան, նա աշխատանք կգտնի, միասին կապրեն քրոջ հետ։ Սակայն սառնասիրտ համակարգը մերժում է դիմումը՝ «Հալեպում ոչ մի վտանգ էլ չկա» պատճառաբանությամբ։ Խալեդը փախչում է ոստիկաններից և գիշերում է Վիկստրեմի ռեստորանի աղբարկղի մոտ. պատմության հերոսները վերջապես ծանոթանում են։

Գրեթե միշտ Կաուրիսմյակիի ֆիլմերում հերոսներից մեկը փրկում է մյուս հերոսին` սիրելի կինը, պատահական ծանոթը, ապագա տնօրենը, մի խումբ բարի մարդիկ։ Փրկարարական ֆիլմերը, կարծես, օգնության կոչեր լինեն՝ մարդուն ուղղակի անհրաժեշտ է մարդը։ Սակայն նույն հումանիստական գաղափարի հետ մեկտեղ Կաուրիսմյակին միշտ խոսում է նաև նացիզմի, անհանդուրժողականության և ատելության մասին, առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել մեծ քաղաքի կյանքը։ Այդ ամենը պատմում է շատ պարզ, առանց ավելորդ կինեմատոգրաֆիկ ձևականությունների, ստեղծում է մելանխոլիկ դրամաներ՝ լի ունիվերսալ, աբսուրդիստական կատակներով՝ ինչպես և իր ֆիլմերի կադրերը, պրովինցիալ շքեղության մինիմալիստական ոճի մեջ։
http://www.youtube.com/watch?v=G0acuf5QvT0
Առհասարակ, Կաուրիսմյակին հորդորում է դերասաններին առանձնապես չոգևորվել տեսախցիկի առջև, մինիմում ժեստեր, մաքսիմում դիմախաղ։ Ռեժիսորի հերոսները, իր պես, քչախոս են և մտածկոտ, ավելի հաճախ կատակում են, քան զրուցում, ոմանք, օրինակ՝ զզվել են նույնատիպ, անհետաքրքիր կյանքից, երազում են տեղափոխվել Մեքսիկա և պարել այդտեղ հուլա-հուլա։ Հանդարտ և սառը ֆիննական իրականության մեջ նման խոստովանությունը հնչում է աբսուրդ ու զավեշտալի։ Սակայն դա է փրկությունը՝ պարը, երգը և, իհարկե, բարի մարդիկ։
 Երաժշտությունն այստեղ եթե ոչ փրկօղակ է, ապա հաստատ հույսի խորհրդանիշ՝ ամեն ինչ լավ կլինի։ Հուսանք։ Հուսանք նաև, որ ռեժիսորը ևս մեկ անգամ կհաղթահարի իր ծուլությունը և կավարտի գաղթյալների մասին եռապատումը. չէ՞ որ իրենից ավելի յուրահատուկ դա ոչ ոք չի անի։