3 քայլ` Ձեր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելու համար

February 24, 2017

Լինում են պահեր, երբ ցանկանում ենք մի ինչ-որ յուրահատուկ բան անել մեր կյանքում, այնպիսի մի բան, որի մասին մեր ընտանիքի անդամները կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության մեջ մենք մեզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և մեծ երազանքներ կառուցելու համար: Դրանք մեզ թևեր են տալիս, մենք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը: Եթե միայն այս պահերը անվերջ լինեին...
Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես մենք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում մեր ուղին: Եվ սա լավ առիթ է մեր անպիտան մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»:


  • «Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»:

  • «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»:

  • «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր միջակության սկզբունքով»:


Ծանոթ է, չէ՞: Հատկապես եթե Դուք հեռուն գնալու ծրագրեր ու մեծ երազանքներ ունեք, պատրա՛ստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել Ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով:





Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, մեր գլխում պտտվող անպիտան մտքերի դեմ պայքարելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը պահանջում է ռազմավարություն: Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել Ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, միաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:
1. Երբևէ մի՛ անտեսեք Ձեր գլխում պտտվող բացասական մտքերը: Դուք կկարողանաք հաղթել այս ճակատամարտում միմիայն այն դեպքում, եթե լավ գիտակցեք, թե ով է Ձեր «թշնամին» և լավ ճանաչեք վերջինիս: Այս գործընթացը որքան հնարավոր է հետաքրքի՛ր դարձրեք: Օրինակ, Դուք կարող եք յուրաքանչյուր բացասական մտքի մի որևէ ծիծաղելի անուն տալ: Որքան հնարավոր է ստեղծարա՛ր եղեք: Օրինակ, ամեն անգամ, երբ զգում եք, որ վախի ձայնը սկսում է իր «ներկայացումը», սկսե՛ք խոսել նրա հետ. կարող եք ասել նրան հետևյալը, «Իզուր ես եկել, Բուբաբու՛, ասա՛ այն, ինչ ունես ասելու մինչ ես քո հարցերը կլուծեմ» :)
2. Բուբաբուի ուղերձն ուշադիր, բայց սառնասրտորեն լսելուց հետո, Դուք պետք է նրան մի լավ դաս տաք: Կարող եք բարձրաձայնել բոլոր այն հաջողությունները՝ մեծ կամ փոքր, որ ունեցել եք Ձեր կյանքում: Ասե՛ք Բուբաբուին, որ նախկինում ևս Ձեր գլխում իր նման անպիտան մտքեր են բզզացել, բայց դա Ձեզ չի խանգարել ձեռբերումներ ունենալ և հաջողությունների հասնել:
3. Եվ վերջում, ի սրտե «Շնորհակալությու՛ն» հայտնեք Բուբաբուին: Հիշե՛ք՝ այն, որ Ձեզ այցի է գալիս Բուբաբուն կամ իր նման մեկ այլ միտք, փաստում է, որ Դուք ինչ-որ նշանակալից բանի հասնելու ճանապարհին եք: Դա նշանակում է, որ ԴՈՒՔ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:
Երբ Դուք կատարեք այս 3 պարզ քայլերը, Դուք Ձեզ թեթևացած կզգաք. կարծես Ձեր ուսերից ծանր բեռ հանված լինի: Դուք Ձեզ ավելի ուժեղ կզգաք: Որքան շատ կիրառեք այս ռազմավարությունը, այնքան Ձեր մտքերը կառավարելու և ամենակարևորի վրա կենտրոնանալու հարցում ավելի հմուտ կդառնաք:
Հիշեք, որ ձախողելու կամ քննադատվելու վախը միշտ էլ Ձեզ այցի է գալու. դա մարդկային աճի անբաժանելի մասն է: Այն դրական ազդեցությունը, որ Դուք կարող եք ունենալ աշխարհում՝  Ձեր լավագույն տաղանդները արտահայտելու շնորհիվ, անչափ կարևոր է մեզ բոլորիս համար, և Դուք պարզապես իրավունք չունեք  Ձեր գլխում   պտտվող  անպիտան մտքերին վերջին խոսքի իրավունք տրամադրել: Այնպես որ՝ առա՛ջ:  Ձգտե՛ք կատարելության: