Տիգրան Ավետիսյան. Այլընտրանքային նորաձևության հայկական հույսը

December 12, 2015

Ես ինտերնետային-ֆեյսբուքային-ինստագրամային կախվածություն ունեցող մարդ եմ և հաճախ անծանոթ մարդկանց մասին դատում եմ՝ ըստ նրանց ինտերնետային շփման։ Համաձայնե՛ք՝ մարդկանց մեծ մասը, ինչպես շփվում է կյանքում, ճիշտ այդպիսին է նաև համացանցում։ Այս առումով Տիգրանն ինձ համար «սև կատու էր մութ սենյակում»։
Նա «Ֆեյսբուք» է մտնում շաբաթը մեկ, նրա նկարների մեջ գրեթե անհնար է գտնել իր պատկերը, իսկ մեկնաբանություններում և նամակներում նա սուպերմինիմալիստ է։ Այնպես որ մինչև Տիգրանին Ֆլորենցիայում հանդիպելը նրա անձն ինձ համար ամբողջովին առեղծված էր և այդ պատճառով էլ` ավելի հետաքրքիր։ Ո՞վ է նա` այդ խորհրդավոր երիտասարդը, որին այդքան գովում է ֆեշն մամուլը, որը համարվում է այլընտրանքային նորաձևության գլխավոր հույսերից մեկը։
Tigran Avetisyan» գրվածքը, որի տակ կախված են մեր հայրենակցի նոր հավաքածուի նմուշները։ Ծանոթանում եմ Տիգրանի և նրա ընկերուհու` շվեդ ոճաբան էմիլիեի հետ։ Ժամանակակից արևմտյան երիտասարդներ։ Ինտերնետային իմ տպավորությունը ստանում է իր բացատրությունը։ Տիգրանը չափից շատ համեստ, «ոչ այս աշխարհից», գրեթե ասկետի տեսք ունեցող երիտասարդ է։ Իհարկե, նախ և առաջ հետաքրքրում է նրա հագուստը, և ես Տիգրանին խնդրում եմ պատմել իր նոր հավաքածուի մասին, որը նա պատրաստել էր հենց «Pitti Uomo»-ին մասնակցելու համար:
- Հավաքածուն մի քանի մասից է: Նախ` դենիմի մասին։ Ես այն գունաթափել եմ և տեղ-տեղ ներկել, որպեսզի ստանամ հնության այս էֆեկտը։ Հավաքածուի մյուս հատվածը բաղկացած է sweatshirt-ներից, որոնց վրա գրել եմ իմ սիրելի արտահայտությունները։ Ի դեպ, գրվածքներն արված են ժակարդային տեխնոլոգիայով։ Դրանք ստեղծելիս ոգեշնչվել եմ 90-ականների նորաձևությամբ, մասնավորապես հայտնի «Calvin Klein» ներքնազգեստով։ Նույն տեխնոլոգիայով պատրաստված են նաև որոշ շապիկներ։ Մյուս շապիկները ֆլանելից են՝ սպիտակ և վարդագույն։
Այս ամենը պատմելիս Տիգրանը ցույց է տալիս անհավանական մեծ չափսերի հագուստ` սուպերակտուալ oversize թրենդի մեջ։ Այն, ինչ նա վերնաշապիկ է անվանում, ավելի նման է զգեստի, քանի որ երկար է ու լայն. հագուստներն իրենց ամեն ինչով չափազանց անսովոր են և դժվարընկալելի։ Բայց բոլոր նրանց համար, ովքեր հետևում են ֆեշն խմորումներին, ակնհայտ է Տիգրանի ոճի արդիականությունը։
- Ինչքանով հաջողվել է հետևել, քո պատրաստած հագուստները հաճախ կրում են արվեստագետները:
- Իրոք: Այսպիսի փորձարարական հագուստն ավելի հեշտ են ընկալում արվեստին մոտ գտնվող մարդիկ:
- Հե՞շտ է վաճառել օվերսայզ հագուստը։
- Այն դժվար է ընկալման առումով, փոխարենը պրոբլեմ չէ հագուստի չափսը։ Իմ բոլոր հագուստները «one size» են։ Դա նաև հարմար է ինտերնետ վաճառքի համար։
- Որտե՞ղ կարելի է ձեռք բերել «Տիգրան Ավետիսյան» ապրանքանիշի հագուստը։
- Այն վաճառվում է Լոնդոնում և Հոնկոնգում։ Իհարկե, ինձ կարելի է գտնել նաև համացանցում (tigran.co.uk) և պատվիրել դուր եկած մոդելը։
Նույն երեկոյան «Pitti»-ն կազմակերպել էր հանդիսավոր ընթրիք՝ ի պատիվ ուղղափառների Սուրբ ծնունդի։ Հրավիրված ենք ամբողջ ռուսական և ուկրաինական մամուլը, ուկրաինացի դիզայներները և մենք հայերով։ Ընթրիքը պետք է անցնի չափազանց շքեղ վայրում՝ «Villa Cora» հյուրանոցում, որը ժամանակին եղել է Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի դղյակը։ Հրավիրված էր նաև հանրահայտ ֆեշն լրագրող և ոճի խորհրդանիշ Անջելո Ֆլակավենտոն։ Հրավերում հատուկ նշված է, որ հյուրերին սպասում են տոնական հագուստով։ Բնականաբար, ես 20 րոպե ընտրում եմ թիթեռ փողկապս, վերջին վայրկյանին փոխում եմ վերնաշապիկս և, միևնույնն է, բավական անհանգիստ եմ՝ ճի՞շտ եմ ընտրել արդյոք ծոցագրպանիս թաշկինակը, թե՞ պետք էր ավելի մուգը վերցնել։
Կարծում եմ՝ հյուրերի մեծ մասը նույն մտորումների մեջ էր։ Երբ հասնում եմ տեղ, տեսնում եմ Տիգրանին` նույն հագուստով, ինչ ցերեկը։ Դրանից հասկանալի է, որ նա մարդու այն տեսակն է, որ չի հարմարվում իրավիճակին և չի դավաճանում սեփական ոճին։ Նույնը կարելի է ասել Տիգրանի հագուստի մասին։ Առաջին հայացքից այնքան էլ պարզ չէ, թե կյանքի որ առիթների համար է այն ստեղծված։ Մյուս կողմից` ակնհայտ է, որ ցանկացած միջավայրում այն կրելիս հագուստի տերը, անշուշտ, կհայտնվի բոլորի ուշադրության կենտրոնում։ Ու դա՝ այն դեպքում, որ Տիգրանի հագուստը ամենևին ճչացող և բառի վատ իմաստով կիչային չէ։