Տողանյան. Հայաստանն ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկ չի ստացել

October 30, 2018

Հայաստանը ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկ չի ստացել: ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Երևանում այդ հարցը չի քննարկվել: Ռուսաստանում Հայաստանի դեսպանն ընդգծում է` ռազմատեխնիկական հարցերում Հայաստանը սերտ գործակցում է Մոսկվայի հետ: Եվ այդ գործակցությունը շահավետ է ֆինանսապես ու հաշվի առնելով, որ Հայաստանն ունի ռուսական զենքը սպասարկելու տեխնիկական հնարավորություններ:
«Աղմուկը շատ է, բայց իրականում Բոլթոնի հետ հանդիպման և բանակցությունների ժամանակ Հայաստանի կողմից զենքի ձեռք բերման հարցը չի քննարկվել: Իր հարցազրույցում Բոլթոնը խոսել է Կոնգրեսի կողմից վաճառքը սահմանափակող ուղղումը չեղարկելու հնարավորության մասին: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն էլ ասել է` եթե լինի նման առաջարկ, հայկական կողմը կքննարկի»,- ասում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանը:



Կարդացեք նաև.



Հայ դիվանագետը մեկնաբանում է նաև Ռուսաստանի ԱԳՆ նախօրեի հայտարարությունը: Դրա այն հատվածը, որում կա պատմական կլիշե ձևակերպումը: Ընդծում է` ամերիկացի պաշտոնյան, հորդորելով ազատվել կլիշեներից, ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի հետ հարաբերութունները: Ձևակերպումը եղել է այս կոնտեկստում:
«Նա խոսել է նաև հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության մասին: Հայ-թուրքական սահմանը բացելու հարցում էլ գնդակը Թուրքիայի դաշտում է», - ասում է Վարդան Տողանյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ խնդրահարույց իրավիճակը չի վնասում Երևան-Մոսկվա հարաբերություններին, հարցն արտաքին քաղաքական երանգ չունի, նկատում է դեսպանը: Վարդան Տողանյանն ընդգծում է` Հայաստանը սկսել է հետկանչի պաշտոնական գործընթացը: Նոր գլխավոր քարտուղարի հարցը որոշվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջին դեմքերի մակարդակով:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում