Զավեն Խաչիկյան. Վախենում ենք գրել մեր պատմությունը, ինչ գրենք կամ չգրենք՝ դաշնակները կնեղանան

March 3, 2017

շարժում


88-ը եկավ գրեթե պատահաբար 1986-87-ին: Սկզբում հուշեցին, որ քայլենք «Նաիրիտ» գործարան տանող պողոտայով, հետո շրջվեցինք Օպերայի հրապարակի կողմը, ու երբ ասացին՝ կռիվ-կռիվ, հիշեցրին, որ «սալյուտը» Ասկերանում տվել են. որքան շուտ, էնքան շատ, որքան շատ, էնքան շուտ… Բայց մենք իրար կողք կողքի կանգնել, կարեկցել, չչարանալ, չգողանալ, չվախենալ էինք սովորում՝ միմյանց սրտապնդելով, հատկապես երգելով ու արտասանելով: Դժվարը լռել-իմաստնանալն էր: Կարծում եմ՝ կորցրեցինք համաժողովրդական կրթության այդ ձևը:

ժողովուրդ


Մեկն անհատն է, երկուսը՝ սիրող զույգ, երեք-չորս-հինգ-տասնվեց գերդաստանն են ներկայացնում, հարյուրը՝ դասալսարան, հազարները՝ միտինգավորներ, ամբոխ, հարյուր հազարները, միլիոնները՝ երևի ժողովուրդ, ազգ: Որտե՞ղ է, որ նրան սիրո խոսքեր են շշնջում ամբոխի ականջին, որտե՞ղ՝ ստում, որտե՞ղ են նրան մարտի դաշտ հրում…

լիդերները


Լիդերներին հաճախ նմանեցնում եմ պետության կարիքների համար օտար երկրներից մեծածախ ապրանքներ կրող առևտրականի. «մերոնքականները» լեզու են գտնում դրսի ձերոնքականների հետ՝ գործարք-բիզնեսի արդյունքում վաճառելով ԱԶԳանունը, թողնելով բիզնես մականունը, և ունենում են առանձնատներ, մեքենաներ… Իսկ քանի որ «քաղաքական բիզնեսը» բազմաճյուղ է, առաջ են գալիս կուսակցական լիդերները, որոնք էլ «փայ են մտնում» ու սոցիալիզմի դրոշի տակ կապիտալիզմ խաղում:


ՄՈՆՈԼՈԳ





իմ արխիվը


Երբ սկսեցի իմ գիրքը պատրաստել, հասկացա, որ շատ բարդ է. դու չգիտես, թե ինչքան ես նկարել կամ որքան շատ կարող էիր նկարել: Արխիվը քեզ մեկ շատ-շատ է թվում, մեկ էլ թվում է՝ քիչ է: Շատ սուբյեկտիվ է «արխիվ» հասկացությունը. նեգատիվների քանակ չէ: Արխիվի հետ պետք է աշխատել հասկանալու համար, թե որքան դոկ կհանես այնտեղից, որքան դետալներ, որքան էմոցիա: Այդ իմաստով չեմ կարող գնահատել իմ արխիվը, նոր-նոր սկսում եմ անդրադառնալ: Այս իմաստով իմ առաջին գիրքը կտպեմ:

անկախություն


Ես անկախությունն ամենօրյա աշխատանքի մեջ եմ տեսնում: Անկախ լինելու համար նախ պետք է կրթություն ունենալ՝ մտավոր, ֆիզիկական, առողջ մտածելակերպ ունենալ: Մենք ինքներս անկախ չենք, պետք է այնպես անենք, որ բոլորը հարգեն՝ ռուսը, վրացին, մյուսները: Անկախությունը միայն պաստառների վրա չպետք է լինի. դատարկ պրոպագանդան բանի պետք չէ: Գաղափարախոսություն պետք է լինի, այն պետք է հոսի երակներում և գա, ուղեղը սնի: Միայն պաստառ պարզելով ու խոսելով՝ անկախ չեն լինում: Մենք կարծես ուրիշ արահետ ենք մտել, որը չի տանում դեպի անկախություն: Մեզ պետք է ներքին անկախությունը, ներքին ազատությունը: Ես ինձ պաշտպանված, անկախ եմ զգում, երբ շրջապատված եմ գիտակից, կիրթ, առողջ մարդկանցով: Անկախ եմ, երբ կա նվիրում, որն ուղեկցում է դեպի մի մեծ գաղափարից կախվածութուն:
ֆոտոազնվություն
Ամենասկզբում՝ ազնվություն… Հետո՝ գիտակցում նաև այն բանի, որ ես ընդամենը դոկումենտ արարող մեկն եմ. երբեմն սայթաքում եմ, սուբյեկտիվ ռեալությունից ընկնում ռեալիստիկ սուբյեկտիվության գիրկը:

պատմություն


Մենք վախենում ենք գրել մեր պատմությունը: Գրենք՝ դաշնակները կնեղանան, չգրենք՝ դաշնակները կնեղանան: Մենք չենք կարողանում գրել մեր պատմությունը, բարոյական հաղթանակները մեզ դուր են գալիս: Մենք մեզ խաբում ենք: Նույնիսկ մեր այս 20 տարվա պատմությունն արդեն խմբագրվում է: Գիտնականների անաչառ աշխատանքը միայն կարող է չխմբագրվել կամ մեծ մտածողներինը՝ Թումանյանինը, վերջին տարիներին էլ՝ Հրանտ Մաթևոսյանինը: Երբ կզգանք, որ արարման պրոցեսի մեջ ենք, ոչ թե իրարից փախչելու, ուրեմն սկսել ենք պատմության անիվը վատ արահետից տեղափոխել ավելի լավ արահետ:

newmag #72