Մարտին Շահբազյան. «Չի կարելի»-ն մինչև օրս կա, բայց որոշողը միայն դու ես

Մարտին Շահբազյան. «Չի կարելի»-ն մինչև օրս կա, բայց որոշողը միայն դու ես

newmag-ը ներկայացնում է լուսանկարիչ, ՀՀ վաստակավոր լրագրող Մարտին Շահբազյանի մոնոլգը Նախագահին նկարելու հմտության. չարված լուսանկարի, անկախության ֆոտոալբոմի մասին:

տեսանկյուն

Ես սիրել եմ լուսանկարչությունը ու մինչև այժմ ապրում եմ դրանով: Աշխատանքը` աշխատանք, բայց լուսանկարիչը նախ պետք է լուսանկարի մարդկային տեսանկյունից: 1988-ին, երբ եղավ երկրաշարժը, անմիջապես մեկնեցինք Սպիտակ, հետո` Գյումրի: Առաջին 4 ժամը չէի կարողանում նկարել. շատ ցավալի էր, արցունքները թափվում էին աչքերիցս, չէի կարողանում ֆոկուս բռնել: Հետո աստիճանաբար համակերպվեցի, արտասվելով սկսեցի նկարել: Նույնիսկ առաջարկում էին՝ օղի խմեմ, որ մի քիչ թուլանամ:

չի կարելի նկարել

Երբ դեռ առաջին նախագահի հետ էի աշխատում, մի օր դժգոհեցի, որ արարողակարգերի ժամանակ անվտանգությունը չի թողնում՝ նորմալ կադրեր անեմ: Նա ինձ հարց տվեց. «Քո մասնագիտությունն ո՞վ է ընտրել: Դու, չէ՞: Ուրեմն քո խնդիրն է: Եթե մի տեղից քշում են, մյուս կողմից պետք է հարմարեցնես, նկարես: Ինչպես ուզում ես, նկարի՛ր»: Հետաքրքիր պատմություններ շատ կան, երբ նախագահները զարմացել են, թե ինչպես եմ հանուն մեկ լուսանկարի ներխուժել արգելված տարածքներ ու լուսանկարել: Ես շատ լրագրողների եմ հանդիպել, որոնք պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեն. նրանք նույնիսկ սիրողական խցիկներով ու հեռախոսներով են խցկվում, նկարում: «Չի կարելի»-ն մինչև օրս կա, բայց որոշողը միայն դու ես, որովհետև լուսանկարիչն ինքը պետք է աշխատի ստանալ այն պատկերը, որն իրեն պետք է: Իսկ երբ նախագահի լուսանկարիչ ես, միայն մաքուր, ճիշտ, արարողակարգային կադրեր պետք է անես, պետք է անես այնպիսի նկար, որ քո երկրի նախագահը լավագույնը երևա: Ես նույնիսկ իմ ադրբեջանցի կոլեգաներին եմ ասել՝ հանկարծ չանե՛ք այնպիսի ֆոտոներ, որտեղ ձեր նախագահը լավ կերևա, մերը՝ ոչ: Դու չպետք է հրահրող նկարներ անես:


ՄՈՆՈԼՈԳ


անկախության ֆոտոլաբոմ

Հատկապես 90-ականներին շատ դժվարություններ են եղել, նույնիսկ ավտոմատ են պահել վրաս: Դժվար, բայց պատմական տարիներ էին: Մինչև Ղարաբաղյան շարժման ծավալվելը Երևանում տեղի էին ունենում բնապահպանական ցույցեր ու հանրահավաքներ: Այն տարիներին էլ, միշտ էլ թույլ չէին տալիս ամեն ինչ լուսանկարել: Բայց տղաները, միտինգավորները ինձ տեղեկացնում էին, ես էլ գնում, նկարում էի: Մի օր ասացին. «Մարտի՛ն, վաղը կգաս Օպերայի հրապարակ, շատ հետաքրքիր բան է լինելու»: Կոմունիստական կուսակցությունը դեռ իշխանության էր: Կենտկոմի քարտուղարը կանչեց, հարցրեց. «Քեզ ո՞վ է ասել՝ նկարես»: Ասացի. «ԻՐԵՆՔ»: Ասաց. «Դե՛, լավ, նկարի՛ր»: Հետո ԿաԳեԲե-ն կանչեց, հարցրեց. «Քեզ ո՞վ է ասել՝ նկարես»: Կրկին ասացի. «ԻՐԵՆՔ»: Ու այդ ԻՐԵՆՔ-ը բոլորի առջև դարձավ անցաթուղթ, ու սկսեցի նկարել: Անկախության իմ ֆոտոալբոմը մի ամբողջական պատմություն է մեր նորանկախ հանրապետության ու հայ ժողովրդի մասին:

photo1լուսանկար, որը չի արվել

Կիև էի մեկնում, մտածում էի՝ ապարատս տանե՞մ, թե՞ ոչ: Կինս ասաց. «Ա՛յ մարդ, դե՛, հանգիստ գնա՛, գոնե այս անգամ 3-4 օր հանգստացի՛ր»: Չգիտեմ ինչու լսեցի նրան, չվերցրեցի ֆոտոխցիկս, որը պետք է միշտ մոտդ ունենաս, որովհետև ինչ տեսնում ես, պետք է նկարես: Լավագույն նկարները պատահական են լինում ու երբեք չեն կրկնվում: «Իլ-18»-ով Սևանի վրայով թռանք: Պատուհանից տեսա՝ Սևանը՝ պարզ, Մասիսը՝ վեհ կանգնած. առաջին պլան, մի հրաշալի տեսարան: Հիմա ինձ ուտում եմ. ապարատ չկա մոտս, մտածում եմ. «Ես ի՜նչ արեցի»: Այդքան ճամփորդել եմ օդանավով, ուղղաթիռով, բայց այդ տեսարանն այդպես էլ երբեք չեմ տեսել:

իմ արխիվը

… Բաղրամյան, Սարոյան, Ազնավուր, Լևիտան, Մայր Թերեզա, հազարավոր հայտնի ու անհայտ դեմքեր… Շատ հարուստ է իմ արխիվը: Ամեն լուսանկար իր առանձին պատմությունն ունի: Հատ-հատ հիշում եմ, թե ո՛ր լուսանկարը որտե՛ղ և ի՛նչ պայմաններում եմ արել, որի վրա ինչքա՛ն ժամանակ եմ ծախսել: Չէի ասի, որ հեշտությամբ եմ լուսանկար տրամադրում իմ արխիվից, բայց որ ուզում են, չեմ մերժում: Շառլ Ազնավուրի համար մի ֆոտոալբոմ էի հավաքել իմ արխիվից, իր այցի ժամանակ, երբ ճաշի էինք հրավիրված, ալբոմը նրան նվիրեցի, այնքան էր ուրախացել իմ մատուցած անակնկալից, որ թևի տակ դրած՝ նստեց ամբողջ ճաշի ժամանակ ու ոչ ոքի ցույց չտվեց: Ես քաղաքականությունից հեռու եմ եղել. ո՛չ կոմերիտական եմ եղել, ո՛չ էլ պարտիական: Չեմ ունեցել լրագրողական այն ուղղվածությունը՝ նախապատվությունը տալ սենսացիոն կադրերին՝ առանց անհանգստանալու սեփական երկրի մասին:

newmag #72 / սեպտեմբեր

Գրել կարծիք