«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
07/06/2026
«Տրտմության ֆիզիկա» և «Ժամանակի ապաստարան» վեպերի հեղինակ Գեորգի Գոսպոդինովը հատուկ խոսքով դիմել է հայ ընթերցողներին՝ նոր գրքի հայերեն հրատարակության առթիվ։ Նա համարվում է Բուլղարիայի ամենահայտնի հեղինակներից։
Բուլղարացի գրողը Newmag-ի հետ զրույցում պատմում է, որ «Ժամանակի ապաստարանը» վեպ է ընտրության, անցյալի և նոստալգիան որպես զենք օգտագործելու մասին։
Նրա խոսքով՝ պոպուլիստներն ու բռնապետերը հաճախ մարդկանց «վաճառում են ապագան՝ անցյալի հագուստով», իսկ գրականությունը կարող է հակազդել այդ երևույթին՝ արթնացնելով կարեկցանքն ու քննադատական մտածողությունը։
«Գիրք կարդալը դիմադրության ձև է։ Գրականությունն ու պատմություններ պատմելը դեռ կարող են ձևավորել այդ դիմադրությունը, կարող են արթնացնել կարեկցանք, ինչը չափազանց կարևոր և յուրօրինակ հակաթույն է քարոզչության դեմ»։
Հեղինակը շնորհակալություն է հայտնում Newmag-ին գրքի հայերեն հրատարակության համար, նշում, որ կցանկանար անձամբ ներկա լինել շնորհանդեսին և հույս հայտնում, որ շուտով կհանդիպի հայ ընթերցողների հետ՝ միասին քննարկելու վեպը։
Գեորգի Գոսպոդինովը ժամանակակից եվրոպական գրականության ամենահայտնի հեղինակներից է։ Բուլղարացի գրողը, բանաստեղծը և գրականագետը միջազգային ճանաչում է ձեռք բերել իր փորձարարական ու ինքնատիպ ստեղծագործություններով։
Նրա «Տրտմության ֆիզիկան» վեպը մեծ հաջողություն ունեցավ աշխարհի տարբեր երկրներում, իսկ «Ժամանակի ապաստարանը» 2023 թվականին, Անժելա Ռոդելի անգլերեն թարգմանությամբ, արժանացավ հեղինակավոր International Booker Prize մրցանակին։ Սա հեղինակի երկրորդ գիրքն է հայերեն. 2022-ին Newmag-ը հրատարակել էր նաև «Տրտմության ֆիզիկան»։
«Ժամանակի ապաստարանը» վեպը լույս է տեսել 2020 թվականին և ընթերցողին տեղափոխում է մի աշխարհ, որտեղ մարդիկ փորձում են փրկություն գտնել անցյալում։
Վեպի կենտրոնում «Անցյալի կլինիկան» է՝ յուրօրինակ վայր, որտեղ Ալցհայմերով հիվանդների համար վերականգնվում են անցած տասնամյակների իրականությունն ու մթնոլորտը։ Սակայն շուտով այնտեղ սկսում են այցելել նաև առողջ մարդիկ՝ փախչելով ներկայի անորոշությունից և ապաստան փնտրելով հիշողությունների մեջ։
Գոսպոդինովի երկու գրքերն էլ բուլղարերենից հայերեն է թարգմանել Գոհար Աբովյանը։ «Ժամանակի ապաստարան» վեպի գլխավոր գործընկերը «Եվրոստան Ույուտն» է։
Սուր, հեգնական, մտահոգիչ և միաժամանակ հուզիչ այd վեպը խոսում է հիշողության, ժամանակի, նոստալգիայի և հասարակությունների ընտրությունների մասին՝ հարց բարձրացնելով, թե ինչ է տեղի ունենում, երբ անցյալը փոխարինում է ապագային։
The New Yorker-ը գրել է, որ նա «վարպետորեն սևեռում է մեր ուշադրությունը այն բռնությանը, որն անցյալը գործադրում է ներկայի վրա»։
Կարդացեք նաև
Գեորգի Գոսպոդինով
6800 ֏
Նկարագրություն
«Ժամանակի ապաստարան» հրավիրում է մի աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ՝ նախքան այն վերջնականապես մոռացության մատնելը։ Պատմությունը սկսվում է այսպես․ «Մի պահ նրանք փորձեցին հաշվարկել, թե երբ է առաջացել ժամանակը, և երբ է ստեղծվել Երկիր մոլորակը։ Իռլանդացի եպիսկոպոս Աշերը 17-րդ դարի կեսին հաշվարկել է ոչ միայն հստակ տարեթիվը, այլև ամսաթիվը՝ Ք․ ա․ 4004 թվականի հոկտեմբերի 22։ Շաբաթ է եղել (բնականաբար)։ Ըստ ոմանց՝ Աշերը նշել է նաև հստակ ժամը՝ երեկոյան 6-ին մոտ»։
Սակայն ժամանակը պատմիչի համար, իր իսկ ընկալմամբ, սկսվում է այն պահին, երբ հանդիպում է Գաուստինին՝ «ժամանակի թափառականին»։ Գաուստինը հեռացել է ժամանակակից իրականությունից․ նահին թերթեր է կարդում, հնամաշ հագուստով է և թափառում է 20-րդ դարի մոռացված պողոտաներով։ Գաուստինը Ցյուրիխում բացում է առաջին «Անցյալի կլինիկան»։ Ալցհայմերով մարդկանց այստեղ առաջարկում են յուրօրինակ բուժում․ շենքի յուրաքանչյուր հարկը մանրակրկիտ վերարտադրում է անցյալ տասնամյակներից մեկը։
Գաուստինի օգնականը գրքի խորհրդավոր անանուն պատմիչն է, որի գործն անցյալի բեկորները հավաքելն է՝ 1960-ականների կահույքից ու 1940-ականների վերնաշապիկների կոճակներից մինչև նոստալգիկ բույրեր ու կեսօրվա լույսի հազիվ նշմարելի շողեր։ Դարաշրջանի վերարտադրումը որքան համոզիչ է դառնում, այնքան ավելանում են կլինիկա դիմողները։ Նույնիսկ առողջ մարդիկ են դիմում՝ առօրյա կյանքի տարտամությունից փախչելու համար։ Սուր, հուզիչ ու միաժամանակ տրագիկոմիկ պատում այն ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։
Գեորգի Գոսպոդինով
6800 ֏
Նկարագրություն
Վեպի հերոսը հին հունական դիցաբանական հերոսի՝ Մինոտավրոսի պես խճճվում է իր ընտանիքի պատմությունների լաբիրինթոսում։ Այդ պատմության թելն անցնում է ոլորապտույտ միջանցքներով, մտնում անհամար սենյակներ, որոնցում միախառնվում են անցյալն ու ներկան, առասպելն ու փաստագրված իրականությունը։ Թռչելով ժամանակաշրջանից ժամանակաշրջան, համադրելով ու հակադրելով իրարամերժ տեսակետներ՝ հեղինակը բացահայտում է արեւելաեվրոպացիների մտածելակերպը, 2-րդ աշխարհամարտի հետեւանքներն ու Բուլղարիայի կոմունիստական բյուրոկրատիայի դեմքը։
Անհավանական հուզիչ կամ անսովոր զվարճալի այս վեպը նոր տեսակի ընթերցանության փորձ է պարգեւում։ Ընթերցողը հետեւում է արտասովոր պատումներին, ցատկում ժամանակաշրջաններով, խճողվում հերոսների ճակատագրերի մեջ եւ խճճվում ճիշտ այնպես, ինչպես վեպի գլխավոր խորհրդանիշը՝ Մինոտավրոսը՝ կյանքի ու հանգամանքների լաբիրինթոսում։
Այս վեպը կարեկցանքի եւ դրա անհետացման, մարդու մեջ փակված տխուր հրեշի մասին է։
Կարդա նաև
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)