Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
08/07/2026
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025-ին` Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնին: Այս տարի այն բացեց նաև «Ոսկե ծիրանը»: Ֆիլմի դիտումից հետո բեմադրող ռեժիսոր Թամարա Ստեփանյանի հետ զրուցեց Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Վերջում` հարց-պատասխան ակումբականների հետ:
Newmag.am-ը ներկայացնում է ֆիլմին ու հեղինակի մասին հոդվածը, որի հեղինակը Արտակ Ալեքսանյանն է։
«Արտոյի երկիրը». ֆիլմ, որի մասին դժվար է խոսել, բայց անհնար է մոռանալ...


Թվում է՝ եթե կա հեղինակային, խաղարկային ֆիլմ, ոչ կատակերգություն, որի մասին պետք է խոսի ամբողջ երկիրը, ապա դա «Արտոյի երկիրն» է։ Այս տարվա Հայկական կինոակադեմիայի գլխավոր ֆավորիտն ու ամենաշատ «Անահիտ» մրցանակ ստացած ֆիլմը, հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն, ֆրանսիական ու հայկական աստղերով, ֆիլմ, որը մասնակցել է մի քանի միջազգային կինոփառատոնի, 2025-ին բացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը, իսկ այս տարի՝ «Ոսկե Ծիրանը»։ Մի խոսքով՝ marketing by the book։ Ամեն ինչ իր տեղում է, բայց ֆիլմի մասին գրեթե չեն խոսում։


Այսօր այն դիտելուց հետո հասկացա՝ ինչու։
Այսօր «Կինո Մոսկվայում» «Արտոյի երկրի» փակ դիտումն էր և հանդիպումը ռեժիսոր Թամարա Ստեփանյանի հետ։ Մինչև վարձույթ մտնելը, նրանք, ովքեր արդեն հասցրել էին դիտել ֆիլմը, միայն ունքերը բարձրացնում էին, հայացքը փախցնում ու խորը արտաշնչելով ասում.


— Դե... չգիտեմ։ Պիտի նայեք, ինքներդ որոշեք։
Սա, բառացիորեն, ֆիլմի մասին ամենատարածված արձագանքն էր։ Եվ, բնականաբար, այն ստեղծում էր լարում։ Սպասում, որ կամ կինոլեզվով փաթեթավորված հարված է լինելու թիկունքից, կամ հերթական նեոլիբերալ եվրոպական մանիֆեստը։ Բայց իրականում ֆիլմը դրանցից ոչ մեկն էլ չէ։


Ֆիլմի գլխավոր հերոսուհին ֆրանսուհի Սելինն է, որը Հայաստանից ծագումով ամուսնու՝ Արտոյի մահից հետո երկու օրով գալիս է Հայաստան՝ իրավական հարցեր լուծելու։ Նա ցանկանում է գտնել ամուսնու ծննդյան վկայականն ու մյուս փաստաթղթերը, որպեսզի ապագայում երեխաները հնարավորություն ունենան դիմելու ՀՀ քաղաքացիության։ Արտոն գյումրեցի էր։ Եվ Սելինի ճանապարհորդությունը սկսվում է հենց Գյումրիից։
Այստեղ նա աստիճանաբար բացահայտում է, որ Արտոն տարիներ շարունակ իրեն ստել է և ունեցել է մի կյանք, որի մասին ինքը ոչինչ չգիտեր։ Պարզվում է՝ նա ունեցել է այլ ազգանուն, բոլորովին այլ կենսագրություն և անցյալ։ Սելինը հերթով հանդիպում է Արտոյի նախկին նշանածին, ընկերներին, զինակիցներին, մարդկանց, որոնք ճանաչել են նրան այն ժամանակ, երբ ինքը դեռ նրա կյանքում չէր։
Իր որոնումների ընթացքում Սելինը նոր ընկերներ է ձեռք բերում, որոնց հետ միասին անցնում է Արտոյի կյանքի ճանապարհով՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 2021 թվականին՝ պատերազմի պարտությունից հետո, բայց դեռ մինչև Արցախի հայաթափումը։


Թամարա Ստեփանյանը կարողացել է ազգային պարտության (2020) և ազգային ողբերգության (2023) միջև ընկած ժամանակային միջանցքում պատմել մեկ մարդու պատմություն՝ նրա ֆրանսուհի կնոջ աչքերով և, ավելի ճիշտ, ականջներով։ Սելինը հիմնականում լսում է։ Լսում է տաքսու վարորդին, որը նրան ցույց է տալիս Գյումրին։ Լսում է արխիվի աշխատակցին, որը բացահայտում է Արտոյի իրական ազգանունը։ Լսում է պատերազմի մասնակից Արսինեին և նրա պատերազմի վետերան հորը։
Նրանք բոլորը կարծես ոչ թե խոսում են, այլ մենախոսում։ Ինքնառեֆլեքսիայի միջոցով փորձում են հասկանալ, թե ինչ եղավ։ Եվ ամենակարևորը՝ ինչպես շարունակել ապրել։ Ապրել Արտոյի երկրում։


Իսկ ո՞րն է Արտոյի «երկիրը»։ Արցա՞խը, որի շրջաններից մեկի հանձնման օրը նա ինքնասպան է եղել։
Հայաստա՞նը։ Թե՞ ընդհանրապես աշխարհագրության հետ կապ չունեցող մի տարածք՝ Արտոյի ներաշխարհը, հիշողությունները, գաղտնիքները և այն Հայաստանը, որը նա ստեղծել էր իր ընտանիքի համար։ Երկիր՝ որպես հոգեբանական տարածք, ոչ թե աշխարհագրական քարտեզ։ Ֆիլմից հետո Թամարա Ստեփանյանը պատասխանեց՝ այդ ամենը միասին վերցրած։
Ռեժիսորը շուրջ տասը տարի աշխատել է սցենարի վրա և կարողացել է ստեղծել պատերազմի ու կորստի մասին երկխոսություններ, որոնք չեն նյարդայնացնում, չեն քարոզում և չեն շահարկում ցավը։ Միաժամանակ չեն էլ խուսափում ամենածանր հարցերը բարձրաձայնելուց։ Թերևս սա առաջին հայկական գեղարվեստական ֆիլմերից է, որը փորձում է խոսել 2020-ի և 2023-ի մասին՝ առանց գավառական պաթոսի և առանց քաղքենիական անտարբերության։ Ֆիլմը կարողացել է խուսափել երկու ծայրահեղություններից։


Թամարա Ստեփանյանը նկարահանել է վերջին տարիների այն եզակի հայկական գեղարվեստական ֆիլմերից մեկը, որը չես ամաչում ցույց տալ օտարերկրացուն և առանց վերապահումների կարող ես խորհուրդ տալ ցանկացած հանդիսատեսի։
Դերասանական կազմը նույնպես տպավորիչ է։ Գլխավոր դերակատար Կամիլ Կոտենը՝ ֆրանսիական կինոյի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, իրանցի Զար Ամիր Էբրահիմին, իսկ ֆիլմի վերջում՝ անակնկալ կերպով հայտնվող Դենի Լավանը։
Դենին երբեք չի եղել Հոլիվուդյան աստղ, բայց համարվում է ժամանակակից եվրոպական կինոյի ամենաարտասովոր և ամենահարգված դերասաններից, Լեո Կարաքսի մշտական դերասանը։ Նրա կարճ ներկայությունն անգամ փոխում է ֆիլմի տոնայնությունը։
Հայկական դերասանական կազմն էլ լիովին իր տեղում է։ Շանթ Հովհաննիսյանի ֆրանսերենը պարզապես ապշեցուցիչ է, Բաբկեն Չոբանյանը և Ալեքսանդր Խաչատրյանը ստեղծում են շատ հավաստի կերպարներ, իսկ կանացի դերերից հատկապես հիշվում են Հասմիկ Սուվարյանը, Քրիստինա Հովակիմյանը և Հայկուհի Խուդավերդյանը։Ու թվում է՝ հետաքրքիր սցենար, փայլուն դերասանական կազմ, խնամքով ու սիրով արված ռեժիսուրա։
Այդ դեպքում ինչո՞ւ այս ֆիլմի մասին գրեթե չեն խոսում։
Որովհետև ֆիլմի գլխավոր թեման հիշողությունն է։ Անհատական և հավաքական։


Թամարա Ստեփանյանը կարողացել է անել գրեթե անհնարինը. մեկ պատմության մեջ միավորել 1988 թվականի երկրաշարժը, դրանից դուրս եկած սերնդի մասնակցությունը 1990-ականների պատերազմին, 2020 թվականի պարտությունը և այդ ամենից հետո շարունակելու դժվարությունը։
Թվում է՝ այսքան շերտերի մասին խոսելը պետք է ծանրաբեռնի ֆիլմը։ Բայց հակառակը՝ ամեն ինչ իր տեղում է։ Որովհետև մեր ինքնությունը կառուցված է հենց դրա վրա՝ անցյալի սխալների ու հաղթանակների, տրավմաների ու որոնումների։ Մենք այն ենք, ինչ հիշում ենք։
Բայց հիշողությունը նաև հանրային զենք է։ Հետևաբար այն միշտ փորձելու են բթացնել, աղոտացնել, անորոշ դարձնել։ Դրան նպաստում է նաև մեր հավաքական հետտրավմատիկ վիճակը, որի ամենահեշտ հաղթահարման ուղին ձևացնելն է, թե այն գոյություն չունի։ Բայց որքան փորձում ես չտեսնել ցավը, այնքան ավելի ուժեղ է այն վերադառնում։
Թամարա Ստեփանյանը կարծես առաջարկում է շատ պարզ բան. եթե ուզում ենք, որ վաղը քիչ ցավի, պետք է համարձակություն ունենանք այդ մասին խոսելու այսօր։


Այս ֆիլմը չի տալիս պատրաստի պատասխաններ, չի առաջարկում մեղավորներ, չի փորձում հաճոյանալ որևէ կողմի։ Հեղինակային կինոն պարտավոր չէ բոլորին դուր գալ։ Այն պետք է ստիպի մտածել։ Իսկ եթե ֆիլմը շարունակում է քեզ հետ խոսել նույնիսկ կինոդահլիճից դուրս գալուց հետո, նշանակում է՝ իր գլխավոր գործն արդեն արել է։

Կարդա նաև
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)