Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Newmag-ն ու «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացրեցին

Newmag-ն ու «Վերածնունդ» հիմնադրամը ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» պատկերագիրքը (տեսանյութ)

08/03/2026

newmag-y-n

Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու համաշխարհային նշանակության տաղանդավոր հայերի ստեղծագործությունները բացառիկ ձեռնարկներով։ Newmag հրատարակչությունը «Վերածնունդ» հիմնադրամի հետ վերահրատարակել է Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը և Newmag & Friends ծրագրով՝ «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գիրքը։

Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» գիրքը ներկայացրել են երաժշտագետ-միջնադարագետ, գրքի մասնագիտական խմբագիր Գայանե Ամիրաղյանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանը։

Գայանե Ամիրաղյանը Եկմալյանի գիրքը կոչեց բացառիկ արժեք ունեցող երաժշտական ձեռնարկ. «Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Լայպցիգում, ու այդ օրվանից հարյուր երեսուն տարի մեր ամենապահանջված ու կիրառելի գործերից է։ Երբ Եկմալյանը ստեղծեց այս գլուխգործոցը, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կոնդակով թույլատրեց այն կատարել եկեղեցիներում։ 

Այդ ժամանակ էլ լայնորեն տարածվեց ու հնչեց հայկական գրեթե բոլոր եկեղեցիներում, Ռուսական կայսրության բոլոր հայկական եկեղեցիներում, ու այսօր էլ այն ամենահաճախ կատարվող պատարագն է։ Այս գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է, բայց ոչ ամբողջական։ Այն երեք կազմերի համար է՝ եռաձայն, քառաձայն արական և քառաձայն խառը, այս վերջինն էր ավելի հաճախ հրատարակվում։ Այս գրքում ամբողջականն է, բոլոր երեք տարբերակները կան գրքում»։

Գրքի մասնագիտական խմբագիրը ներկայացրեց գործի գլխավոր առանձնհատկությունները ու կարևորությունը. «Եկմալյանն ուներ հոգևոր կրթություն, Պետերբուրգում ստացել էր բարձրագույն երաժշտական կրթություն և առաջին անգամ հայ հոգևոր ավանդական երաժշտությունը հասցրեց եվրոպական մակարդակի։ Մեր հոգևոր երաժշտությունն ավանդաբար միաձայն է, եվրոպականը՝ բազմաձայն։ Եկմալյանն առաջին էր, որ ավանդական պատարագի մեղեդիները համադրեց եվրոպականի հետ՝ դարձնելով բազմաձայն։ 

Դա համարձակ քայլ էր, որը նա արեց վարպետորեն ու շատ նրբորեն։ Շատ կարևոր հանգամանք է նաև, որ գիրքն առաջին անգամ լույս տեսավ Եվրոպայում՝ Լայպցիգում, շատ հայտնի ու հեղինակավոր հրատարակչատանը, որն այսօր էլ կա, նոտային տեքստը շարվել է այնտեղ, իսկ բառային տեքստը գրաբարով կազմվել է Մխիթարյան միաբանության հրատարակչատանը։ Գիրքը երկար տարիներ չէր հրատարկվել, առաջին մեծ վերահրատարակությունը 2017-ին նախաձեռնեց «Վերածնունդ» հիմնադրամը, այսօր այն նորից վերահրատարակվել է «Վերածնունդ» հիմնադրամի և Newmag-ի միջոցով»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանն ասում է, որ գիրքը մեծ նշանակություն ունի. «Պատարագը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն, կա նաև տառադարձությամբ, որը շատ կարևոր է Սփյուռքի կրթօջախների համար, որպեսզի գրաբարով պատարագը ճիշտ երգեն։ Գրքում կան երաժշտագիտական խոսք, նախաբան, որտեղ ներկայացվում է պատարագը, խմբագրի խոսք, մասնագիտական շրջանակների համար կա նաև վերլուծական ակնարկ»։

Եվս մեկ բացառիկ հրատարակություն, որը կազմել են արվեստաբաններ Վարդան Կարապետյանը ու Մարի Թոմբը՝ «Հարություն Կալենց. գույնի ձևը» գիրքը, որը հրատարակել է Սկիրա հրատարակչությունը, և շնորհանդեսը տեղի էր ունեցել Փարիզում։ Պատկերագրքի հրատարակությունից հետո Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում տեղի է ունեցել նաև գիտաժողով՝ նվիրված հայ մեծ նկարիչ Հարություն Կալենցին։ Գիտաժողովին մասնակցել է նաև արվեստաբան, համադրող, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։ Նա Կալենցի արվեստը, գրքի կարևորության ու նշանակությունը ներկայացրեց հեռուստաշնորհանդեսին.

«Սկիրայի հրատարակած ցանկացած գիրք մեծ արժեք ունի, մեր մշակույթի համար սա շատ ծանրակշիռ փաստ է, քանի որ Կալենցը 20-րդ դարի կերպարվեստի կարկառուն ներկայացուցիչներից է, որն արժանի է համաշխարհային հռչակման։ Նրա մասին ակտիվորեն սկսեցին խոսել 2000-ականների վերջին, երբ որդին Երևանում բացեց Կալենցի թանգարանը, դրանից հետո եղան մի քանի կարևոր ցուցադրություններ։ 

Սկիրայի հրատարակության մեջ ընդգրկվել են Արթուր Ջանիբեկյանի՝ Կալենցի հավաքածուն, կարևոր տեքստեր, ընտանեկան ու այլ արխիվային փաստթղթեր։ Մենագրությունը կազմվել է արվեստաբան Վարդան Կարապետյանի նախաձեռնությամբ»։

Արմեն Եսայանցը մեկնաբանեց նաև գրքի վերնագիրը. «Հարություն Կալենց. գույնի ձևը»։ Ըստ արվեստաբանի՝ գույնն ու ձևը միշտ կարծես բաժանված են, բայց Կալենցը գույնի միջոցով ծավալ ու խորություն է հաղորդում կտավներին. «Կալենցը գույնը դարձնում է ձև, նա վրձնահարվածի ամեն մի ժեստի, քանդակային գույներով ստանում է ծավալ. տափակ, երկչափ քառանկյունի վրա տեսնում ենք եռաչափ, գունային խորություն ունեցող պատկերներ։ Կալենցի գույնի ձևը փոխվում է, դառնում ձև ու ստանում այլ բովանդակություն»։

Վարդան Կարապետյանն ու Մարի Թոմբը գրքում ներառել են առաջին անգամ, հրապարակվող նամակագրություն գրողների, գիտնականների հետ, որոնց հետ նկարիչը ծանոթացել էր քիմիկոս Արտեմ Ալիխանյանի միջոցով։ Գրքում կան նաև Մայա Պլիսեցկայի երկու դիմանկարները։ Ըստ Եսայանցի՝ կատարվել է հսկայածավալ գիտական ու վերլուծական աշխատանք.

«Կալենցը Լիբանանից Հայաստան եկավ հայրենադարձության ժամանակ։ Մինչև հայրենիք տեղափոխվելը Կալենցն արդեն հայտնի նկարիչ էր։ Նրան կոչում են նոն կոմֆորմիստ. Խորհրդային կոնտեքստում նոն կոնֆորմիզմը քաղաքական իմաստով լիբերալ, ազատ արվեստագետներն են, որոնց ստեղծագործությոններում չկա պրոպոգանդա, սոցիալիստական կյանքը նկարագրված չէ, ֆորմալ մասը չկա։ 

40-ականներին Հայաստան տեղափոխվելուց հետո նկարիչը տասը տարի չի կարողացել ստեղծագործել, քանի որ բախվելով խորհրդային խիստ բարքերին, այլ իրականությանը, նա չկարողացավ նկարել։ Միայն Ստալինի մահից հետո, երբ վերացավ անհատի կուռքը, սկսվեց նրա ծաղկուն ստեղծագործական շրջանը։ Բուռն ստեղծագործական շրջանի բարձրակետում էլ՝ 57 տարեկանում, նա մահացավ»։

Եսայանցն ասում է, որ այս գրքի հրատարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ քսաներորդ դարի հայկական կերպարվեստը մեծ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ աշխարհին մենք հայտնի ենք հայկական միջնադարով, մանրանկարչությամբ, խաչքարերով։ «Հարություն Կալենց. գույնի ձևը» գիրքը հայկական արվեստը ներկայացնում է նոր կոնտեքստով։

Կարդացեք նաև

Տարածել

Երգեցողությունք սրբոց պատարագի
Երգեցողությունք սրբոց պատարագի

Մակար Եկմալյան

10800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի կազմավորման շրջանի խոշոր կոմպոզիտոր Մակար Եկմալյանի՝ 1896 թվականին Լայպցիգում «Բրայթկոփֆ և Հերտել» հրատարակության և Վիեննայի Միխթարյան միաբանության լույս ընծայած «Պատարագի» 2-րդ հրատարակության վերատպությունն է։ Մակար Եկմալյանի այս ստեղծագործությունը հայ իրականության մեջ պատարագային երգասացությունների առաջին բազմաձայնված օրինակն է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանի (Խրիմյան Հայրիկ) հայրապետական տնօրինությամբ ընդունվել է Հայ եկեղեցու պաշտոներգության մեջ։

Հետագա տասնամյակների ընթացքում այն դարձել է պատարագային երգասացությունների ընդունված տարբերակը։ Այսօր էլ եկմալյանական այս հատուր խիստ պահանջված է եկեղեցական երաժիշտների շրջանակում։ Այս ստեղծագործությունը ժամանակին բարձ են գնահատել օտարազգի նշանավոր բազմաթիվ երաժիշտներ, այն ջերմորեն ողջունել է Քրիստափոր Կարա-Մուրզան։ Մի կողմ թողնելով զուտ մասնագիտական խնդիրների քննարկումը՝ Կոմիտաս վարդապետը նույնպես հատուկ արժևորել է իր ուսուցչի «Պատարագը»։

«Վերածնունդ» հիմնադրամն այս գիրքը վերահրատարակում է ի հիշատակ հայ մեծ կոմպոզիտոր Մակար Եկմալյանի և ի սպաս Հայ Առաքելական Ս. Եկեղեցու դպրաց դասերի հոգևոր ծառայության։

Հրատարակության խմբագրական բարձր մակարդակի ու գիտական հենքի շնորհիվ այն կարելի է հասցեագրել նաև երաժշտագետներին ու երաժիշտ-ուսումնասիրողներին։

Հարություն Կալենց. Գույնի ձևը
Հարություն Կալենց. Գույնի ձևը

Նյումեգ

14800 ֏

Նկարագրություն

Հարություն Կալենցը 20-րդ դարի հայկական կերպարվեստի ամենաինքնատիպ ու ամենաքիչ բացահայտված արվեստագետներից է։ Նրա ստեղծագործական ուղին ձգվում է Լիբանանից մինչև Հայաստան՝ անցնելով ցեղասպանությունից փրկված մանկության, Բեյրութի մշակութային կյանքի, խորհրդային արվեստի գաղափարական սահմանափակումների և միջազգային ճանաչման միջով։

Այս գիրքը պատմում է ոչ միայն մեծ նկարչի կյանքի ու արվեստի, այլև մի ամբողջ դարաշրջանի մասին։ Խմբագիրներ Վարդան Կարապետյանն ու Մարի Թոմբը, հենվելով մինչև այժմ չուսումնասիրված արխիվների, անձնական նամակագրության, ընտանիքի հուշերի, թանգարանային և մասնավոր հավաքածուների վրա, վերակազմում են Կալենցի կենսագրությունը՝ բացահայտելով նրա ստեղծագործական որոնումները, գաղափարական պայքարը, միջազգային կապերն ու մարդկային աշխարհը։

Գիրքը ներկայացնում է արվեստագետի ավելի քան 150 ստեղծագործություն, էսքիզներ, բացառիկ փաստաթղթեր և լուսանկարներ՝ ընթերցողին հնարավորություն տալով նորովի ճանաչել Կալենցի արվեստը, հասկանալ նրա դերը խորհրդային ոչ կոնֆորմիստական արվեստի պատմության մեջ և գնահատել նրա ժառանգության համամարդկային արժեքը։

Սա միայն մեծ արվեստագետի կենսագրությունը չէ, այլ նաև հիշողության, մշակութային ինքնության և արվեստի ազատության մասին պատմություն, որը վերաիմաստավորում է Հարություն Կալենցի տեղը հայկական և համաշխարհային արվեստի պատմության մեջ։