«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
06/26/2026
Newmag հրատարակչությունը և Yeraz projects-ը շաբաթ օրը՝ հունիսի 27-ին, երեկոյան 5-ին բոլոր մարզասերներին ու ընթերցասերներին հրավիրում են Երազ այգի՝ Newmag Summer Fest 2026-ին։ Հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհը հետևում է ֆուտբոլի առաջնությանը, Newmag-ն իր գրքի փառատոնը վերածել է գրական ու մարզական առաջնության։
Գլխավոր իրադարձությունը լինելու է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպումը։ Արմենիա TV-ի «Բարի լույս» ծրագրում կազմակերպիչներն ու գործընկերները ներկայացրել են փառատոնի մանրամասները։
Newmag հրատարակչության Ռազմավարական և հատուկ նախագծերի պատասխանատու Գոհար Մանուկյանը պատմեց, որ սովորաբար, փառատոների ֆորմատը ընտրվում է` հաշվի առնելով այդ պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններով. «Այս անգամ միախառնեցինք ֆուտբոլն ու գրական փառատոնը, որպեսզի մարդկանց ուշադրությունը չշեղենք աշխարհի գլխավոր սպորտային իրադարձությունից։
Փառատոնն ունի «Լեգենդները վերադառնում են» խորագիրը։ Գրքատոնի ընթացքում տարբեր զոնաներում՝ թե՛ փակ, թե՛ բաց, կլինեն հետաքրքիր միջոցառումներ, որոնք կբացահայտեն՝ ինչու ենք կոչել «Լեգենդների վերադարձ»։
Լեգենդներից մեկը Ալեքսանդր Դյուման է։ Newmag-ն առաջին անգամ «Երեք հրացանակիրները» հայերեն է թարգմանել բնագրից։ Այս դեպքում լեգենդ է Դյուման ու իր լեգենդար գիրքը։ Մյուս ու ամենակարևոր լեգենդը Հենրիխ Մխիթարյանն է, որն այդ օրը լինելու է մեզ հետ, զրուցելու ենք նրա հետ, ու նա մակագրելու է իր ինքնակենսագրականը, որը հրատարակել ենք տարեսկզբին։ Ընթերցողները կլսեն իրենց հերոսին ու կստանան նրա մակագրությունը»։
Փառատոնին ներկա կլինի նաև Դավիթ Մանոյանը, որը բլոգեր Հայկ Ֆրիսթայլի հետ պատրաստել է «Գնդակի կախարդանքը» շոուն։ Փառատոնի մյուս լեգենդը, հայազգի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին է, որի «Անկեղծորեն» ինքնակենսագրականի շնորհանդեսն է լինելու։
Գոհար Մանուկյանն ուղիղ եթերում պատասխանեց նաև այն բոլոր հարցերին, որոնք փառատոնից առաջ ստանում է հրատարակչությունը.
«Սովորաբար, փառատոնից առաջ մի փուլ է սկսվում, բոլորը հարցնում են՝ մուտքն ազա՞տ է, իսկ որքան արժե՞ մասնակցությունը, քանի որ չեն հավատում, որ նման մասշտաբային միջոցառումը կարող է հասանելի լինել բոլորին։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, Newmag-ի փառատոնի մուտքն ազատ է։ Բոլոր գրքերը վաճառվելու են 40% զեղչով»։
«Yeraz projects»-ի մարկետինգի և հանրային կապերի պատասխանատու Մերի Մելիք-Սարգսյանը ներկայացրեց Newmag-ի հետ գործակցությունը։ Ընկերությունն արդեն 6-րդ անգամ է այս փառատոնի համակազմակերպիչը.
«Նման փառատոները ստեղծում են բաց մշակութային, հանրային քննարկումների, մտքերի փոխանակման հարթակ։ Մարդկանց մոտ կարծրատիպ կա, որ փառատոները փակ են, բայց սա հիանալի վայր է, որտեղ մարդիկ կարող են գալ, շփվել, նոր կապեր ստեղծել։ Այնպես որ, այս դեպքում, գիրքն իր ավանդական միջավայրից դուրս է գալիս»։
«Yeraz projects»-ն ամեն տարի այգում իրականացնում է մեծ ներդրումներ, որպեսզի մարդիկ գան, ապահով, խաղաղ ու անվճար մասնակցեն նման միջոցառումների, որոնք կլինեն բովանդակալից, ոչ ձանձրալի.
«Սա մեզ համար ոչ միայն կորպորատիվ պատասխանատվություն է ու քաղաքականություն, այլ նաև ներքին քաղաքականություն, քանի որ արտաքին քաղաքականությունն արտացոլում է ներքին արժեքները։ «Yeraz projects»-ը միայն ժամանցային միջոցառումներ երբեք չի կազմակերպում, դրանք բոլորն ունեն կարևոր արժեքներ, բովանդակություն։
Գլխավոր գրասենյակում մենք ունենք մեծ գրադարան, կոլեգաներով ընտրում ենք գիրք, կարդում ենք, հետո նաև քննարկում ենք։ Այգում կազմակերպում ենք նաև Վարդավառի, Խաղողօրհնեքի տոնակատարություններ։ Այգում կա նաև գրադարան-սրճարան, որտեղ այս տարի նույնպես կլինեն փառատոնային միջոցառումներ»։
Newmag-ի Կորպորատիվ և միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը ներկայացրեց այն լոկացիաները, որտեղ տեղի են ունենալու միջոցառումները. «Մեր փառատոները երբեք միայն գրքերի մասին չեն լինում. դրանք բազմաբովանդակ, բազմաժանր, մշակութային ու երաժշտական են։ Այս փառատոնին գլխավոր բեմում գրքերի շնորհանդեսներ են լինելու, խաղային զոնայում՝ սպորտային տարբեր միջոցառումներ՝ թենիսի, սուսերամարտի, բասկետեբոլի բաց դասեր ու ֆուտբոլային շոու։
Ընթերցողներին շատ հետաքրքիր կլինի մասնակցել ոչ միայն գրքերի շնորհանդեսներին, այլ նաև այդ ակտիվություններին։ Գրադարան սրճարանում էլ կլինեն գրքերի շնորհանդեսներ, բայց միանգամայն այլ ձևաչափով. երկու նոր գրքերը ներկայացնելու են Newmag-ի գրական ակումբի անդամները»։
Փառատոնի գլխավոր հովանավորն արդեն 5-րդ տարին անընդմեջ Evokabank-ն է։ Այս տարի գիրք գնած բոլոր մասնակիցները կմասնակցեն բանկի խաղարկությանը։ Evokabank-ը այցելուների համար պատրաստել է նաև իր բրենդինգով հետաքրքիր բասկտեբոլային չիլ զոնա, որտեղ այցելուները կարող են հանգստանալ, բասկետբոլ խաղալ։
Newmag-ի գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը խոսեց ևս մեկ գրքի մասին, որը ներկայացվելու է փառատոնին։ Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի»։ Այն ֆուտբոլի ստեղծման, պատմության ու հետաքրիքր կանոնների մասին է. «Գիրքը դուր կգա ֆուտբոլասերներին, պատանիներին, որոնք զբաղվում են ֆուտբոլով։ Կան հետաքրիքր փաստեր, գաղտնիքներ ու առասպելներ, որոնք չեք գտնի գուգլում։ Վերնիկեն արգենտինացի պատմաբան լրագրող է, ուսումնասիրել է աշխարհի տարբեր արխիվներ ու գրել է այս գիրքը։
Newmag-ն առաջիններից է, որ սկսեց թարգմանել ու հրատարակել սպորտային գրականություն ու ինքնակենսագրականներ։ Ես որպես նախկին սպորտային լրագրող ու ֆուտբոլի երկրպագու, մասնակցում եմ գրքերի ընտրությանը, բայց Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» հայերեն հրատարակության մեջ մի կարևոր անուն կա, այն նվիրված է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին, նա նաև հրատարակչության սպորտային մատենաշարի ղեկավարն էր։ Դավիթն է առաջարկել, որ հրատարակենք այս գիրքը, ու նա սկսել էր թարգմանությունը, բայց ցավոք, չհասցրեց։ Նրա մահը շատ մեծ կորուստ էր, և ես շարունակեցի թարգմանությունը»։
Փառատոնի գլխավոր հովանավոր և Անդրե Աղասիի գրքի գլխավոր գործընկեր ROC Capital-ի մարկետինգի ղեկավար Աննա Սալոմեն ներկայացրեց հրատարակչության հետ գործակցության պատմությունը. «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից շատ ենք կարևորում հայալեզու մասնագիտական գրականության հրատարակությունը։ Ես կարծում եմ, որ այդ ռազամավարությունը կշարունակվի ու ներդրումների, ֆինանսական ոլորտի մասնագիտական նոր գրքեր կհրատարակենք։
Ըստ Սալոմեի, ROC Capital ընկերությունը վերջերս իրականացրել է ռեբրենդինգ։ Ոլորտում բոլորին հայտնի Արմբրոք ընկերությունը դարձել է ROC Capital։ Ռեբրենդինգը կառուցվել է սպորտի, հաղթանակի գաղափարախոսության շուրջ, հատկապես այն սպորտաձևերի, որտեղ դաբլն աշխատում է, այսինքն երկխոսությունը.
Այդ սպորտաձևերից մեկն, իհարկե, թենիսն է։ Մենք մեր մարկետինգային արշավներում հաճախ ենք օգտագործում թենիսը։ Թենիսի աշխարհում Անդրե Աղասին նմանը չունեցող տաղանդ է, այնպես որ շատ կարևոր էր նրա ինքնակենսագրականը ներկայացնել հայ ընթերցողին։
Աղասին իր անկեղծ խոստովանությամբ կոտրում է կարծրատիպեր, նա յուրահատուկ մարզիկ է, որը երևում է նաև նրա գրքից։ Այս գրքի շնորհանդեսը կանցկացնենք պանելային քննարկմամբ, որին կմասնակցեն շատ հետաքրքիր մարդիկ, Հայաստանի առաջին ռակետը, հայտնի դեմքեր, որոնք սիրում են թենիս»։
Newmag Summer Fest 2026-ը կանցկացվի հունիսի 27-ին, ժամը 17:00-ից, Երազ այգում։ Մուտքն ազատ է։ «Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնին լինելու են սպորտային, դասական ու համաշխարհային բեսթսելլերների շնորհանդեսներ։ Երաժշտական շոուն կներկայացնի PARG-ը։
Համակազմակերպիչ
Գլխավոր հովանավորներ
Հովանավորներ
Ինֆորմացիոն հովանավորներ
Կարդացեք նաև
- Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)
- Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)
- Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Ալեքսանդր Դյումա
10800 ֏
Նկարագրություն
Newmag-ը ներկայացնում է Ալեքսանդր Դյումայի արկածային պատմավեպը՝ առաջին անգամ ֆրանսերեն բնագրից ամբողջական և լրամշակված թարգմանությամբ։
Ֆրանսիա, 17-րդ դար։ Երիտասարդ գասկոնցի դ’Արտանյանը մեկնում է Փարիզ՝ երազելով միանալ թագավորի հրացանակիրներին։ Ճակատագիրը նրան միավորում է երեք խիզախ ու անբաժան ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ, որոնց կյանքի գլխավոր սկզբունքներն են հավատարմությունն ու պատիվը։ Նրանք միասին անցնում են քաղաքական դավադրությունների, արքունական գաղտնիքների, վտանգավոր մենամարտերի և սիրային խարդավանքների միջով։ Խիզախորեն դիմակայում են կարդինալ Ռիշելյեի և խորհրդավոր Միլեդի դը Վինտերի մեքենայություններին։ «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» նշանաբանը դառնում է ոչ միայն ընկերության, այլև անձնվիրության ու ազնվության խորհրդանիշ։
Գեորգի Գոսպոդինով
6800 ֏
Նկարագրություն
«Ժամանակի ապաստարան» հրավիրում է մի աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ՝ նախքան այն վերջնականապես մոռացության մատնելը։ Պատմությունը սկսվում է այսպես․ «Մի պահ նրանք փորձեցին հաշվարկել, թե երբ է առաջացել ժամանակը, և երբ է ստեղծվել Երկիր մոլորակը։ Իռլանդացի եպիսկոպոս Աշերը 17-րդ դարի կեսին հաշվարկել է ոչ միայն հստակ տարեթիվը, այլև ամսաթիվը՝ Ք․ ա․ 4004 թվականի հոկտեմբերի 22։ Շաբաթ է եղել (բնականաբար)։ Ըստ ոմանց՝ Աշերը նշել է նաև հստակ ժամը՝ երեկոյան 6-ին մոտ»։
Սակայն ժամանակը պատմիչի համար, իր իսկ ընկալմամբ, սկսվում է այն պահին, երբ հանդիպում է Գաուստինին՝ «ժամանակի թափառականին»։ Գաուստինը հեռացել է ժամանակակից իրականությունից․ նահին թերթեր է կարդում, հնամաշ հագուստով է և թափառում է 20-րդ դարի մոռացված պողոտաներով։ Գաուստինը Ցյուրիխում բացում է առաջին «Անցյալի կլինիկան»։ Ալցհայմերով մարդկանց այստեղ առաջարկում են յուրօրինակ բուժում․ շենքի յուրաքանչյուր հարկը մանրակրկիտ վերարտադրում է անցյալ տասնամյակներից մեկը։
Գաուստինի օգնականը գրքի խորհրդավոր անանուն պատմիչն է, որի գործն անցյալի բեկորները հավաքելն է՝ 1960-ականների կահույքից ու 1940-ականների վերնաշապիկների կոճակներից մինչև նոստալգիկ բույրեր ու կեսօրվա լույսի հազիվ նշմարելի շողեր։ Դարաշրջանի վերարտադրումը որքան համոզիչ է դառնում, այնքան ավելանում են կլինիկա դիմողները։ Նույնիսկ առողջ մարդիկ են դիմում՝ առօրյա կյանքի տարտամությունից փախչելու համար։ Սուր, հուզիչ ու միաժամանակ տրագիկոմիկ պատում այն ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։
Լուչիանո Վերնիկե
5800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում հենց 11-ը 11-ի դեմ։ Ո՞վ է հորինել 11-մետրանոց հարվածը։ Ե՞րբ է թիմը մեկ օրում երեքհանդիպում անցկացրել։ Ինչպե՞ս են տրանսֆերներ իրականացրել ցեմենտով, մսով կամ մի քանի դրամով։ ԼուչիանոՎերնիկեն մեկ գրքում հավաքել է ֆուտբոլի մասին զարմանալի, անսպասելի և ուշագրավ 100 փաստ։ Այստեղ կանլեգենդար հաղթանակներ ու անհավատալի ձախողումներ, մոռացված կանոններ, անհնարին ռեկորդներ, տարօրինակդեմքեր ու սկանդալային դրվագներ։ Գիրքը լոկ փաստերի ժողովածու չէ, այլ զվարճալի ու կլանիչ ճամփորդությունաշխարհի ամենասիրելի խաղի պատմության միջով։ Կարծում եք, թե ամեն ինչ գիտե՞ք ֆուտբոլի մասին. այս գիրքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Եթե նոր եքբացահայտում խաղը, այս գիրքը լավագույն սկիզբն է։
Ռիչարդ Օսման
7800 ֏
Նկարագրություն
Հաջորդ հինգշաբթին է։ Էլիզաբեթը նամակ է ստանում իր նախկին գործընկերոջից։ Բարդ ու խճճված անցյալով մեկն է՝ ադամանդների գողություն, դաժան մաֆիոզի հետ կապ և կյանքին սպառնացող իրական վտանգ։ Նա մեծ սխալ է գործել և այժմ օգնության կարիք ունի։ Դիակներն ավելանում են, Էլիզաբեթը Ջոյսին, Իբրահիմին և Ռոնին կցում է հետաքննությանը։ Տարեցների խումբը ձեռնամուխ է լինում անողոք մարդասպանի փնտրտուքին։ Եթե այդ ընթացքում ադամանդներն էլ գտնեն, հաճելի բոնուս կլինի։ Սակայն թոշակառուների հակառակորդն այս անգամ անգութ է ու առանց վարանելու վերջ կտա չորսի կյանքին էլ։
Բարի գալուստ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»
Չորս անհավանական ընկերներ։
Մի նոր, սահմռկեցուցիչ սպանություն։
Անդրե Աղասի
6800 ֏
Նկարագրություն
Անկեղծ է, քան ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ թենիսի մասին հրաշալի հուշապատում։ «Անկեղծորենը» արտասովոր կյանքի տպավորիչ պատմություն է։ Անդրե Աղասիի կյանքը կանխորոշված էր դեռ օրորոցից։ Նրան վիճակված էր դառնալ թենիսի չեմպիոն իր տրամադրության մարդ և շատ պահանջկոտ հոր ջանքերով։ Աղասին հաղթել է 8 ամենանշանակալի մրցամարտերը և հարստության, հռչակի և բարձրագույն պարգևների արժանացել մինչև 22 տարեկան հասակը։ Բայց ինչպես այս պրպտուն ինքնակենսագրականն է բացահայտում, կորտից դուրս նա հաճախ դժբախտ ու շփոթահար է եղել և չի բավարարվել կորտում իր խոշոր ձեռքբերումներով։ Նա կյանքից վիրավորված է եղել։ Աղասին անկեղծորեն պատմում է իր առաջին հաջողությունների, Բրուք Շիլդսի հետ ամուսնության, մարդասիրության նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Նա կետ առ կետ նկարագրում է իր փայլուն կարիերայի թռիչքներն ու անկումները։
Ալեսանդրո Ալչատո
Հենրիխ Մխիթարյան
7800 ֏
Նկարագրություն
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։
Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։
Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։
Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը